Երբ դժվարություններն անհաղթահարելի են թվում, իսկ խոչընդոտները շատանում են` նշանակում է հաղթանակը մոտ է:
1905թ. օգոստոսի 5-ին Սանահինում Հովհաննես Միկոյանի ընտանիքում ծնվեց արու զավակ` ապագա ավիակոնստրուկտոր Անուշավան Միկոյանը:
Հովհաննես Միկոյանն աշխատում էր Ալավերդու պղնձաձուլական գործարանում, ստանալով ամսական ընդամենը 38-40 ռուբլի աշխատավարձ, իսկ կինը` տիկին Թալիդան, կար էր անում համագյուղացիների համար, սակայն գումարը չէր բավականացնում բազմանդամ ընտանիքին:
…Սանահինի դպրոցում, որտեղ սովորում էր փոքրիկ Անուշավանը, առաջին եւ երկրորդ դասարաններում դասավանդում էին միեւնույն առարկաները (երրորդ դասարան գոյություն չուներ)` Աստծո օրենք, վայելչագրություն, թվաբանություն, բնագիտություն, երգեցողություն, նկարչություն: Անուշավանն ամենից շատ սիրում էր թվաբանության եւ նկարչության դասերը:
1918թ. Սանահինյան սարահարթում տեղի ունեցավ մի իրադարձություն, որն իրարանցում առաջացրեց տեղի երեխաների մեջ՝ լեռնալանջից ոչ շատ հեռու ստիպողական վայրէջք կատարեց «Ֆարմանը»: «Ֆարմանն» ավիացիայի արշալույսի տիպիկ սավառնակ էր, գրեթե օդապարուկ, սակայն փոքրիկ «լեռնցուն» այդ թռչող սարքը մի հեռավոր, անծանոթ աշխարհի եկվոր թվաց: Եվ քանի դեռ օդաչուն փորձում էր վերացնել շարժիչի անսարքությունը, փոքրիկ Անուշավանը չէր հեռանում ինքնաթիռից: Տարիներ անց արդեն նա ասում էր՝ «Հենց այդ ժամանակ էլ որոշեցի, որ թռչելու եմ»:
Անուշավանը շուտ կորցրեց հորը: Ամուսնու մահից հետո տիկին Թալիդան խորհրդակցում է բարեկամների հետ եւ որոշում Անուշավանին տանել Թիֆլիս: Շատ էր ցանկանում, որ կրտսեր որդին կրթություն ստանա: Թիֆլիսում Անուշավանը հայկական դպրոց է ավարտում: 1921թ. Հայաստանում հաստատվում են խորհրդային կարգեր: Ամառային արձակուրդներին Սանահին գալով, Միկոյանը այնտեղ կոմերիտական կազմակերպություն է հիմնում:
1923թ. Անուշավանի ավագ եղբայրը, որ գլխավորում էր Դոնի Ռոստովի հարավ-արեւելյան կոմերիտական բյուրոն, Անուշավանին կանչում է իր մոտ: Ավարտելով այնտեղի «Կրասնի ակայ» գործարանին կից դպրոցը, Անուշավանը դառնում է խառատի աշակերտ: 1924թ. Միկոյանին ընդունում են ՌԿԿ անդամության թեկնածու, իսկ 1925թ. նա դառնում է լենինյան կոչի կոմունիստ:
1924թ. նա որոշում է Մոսկվա մեկնել: Միկոյանը մի հասցե ուներ, որի շնորհիվ հույս ուներ սկզբնական շրջանում ապաստան գտնել: Ավագ եղբայրը նրան նամակ էր հանձնել Ստեփան Շահումյանի այրի Եկատերինա Սերգեեւնայի անունով: Շահումյանների ընտանիքում Անուշավանին սրտաբաց ընդունելություն ցույց տվեցին եւ օգնեցին հարմարվել մայրաքաղաքին: Շուտով Անուշավանն ընդունվում է «Դինամո» գործարան: Աշխատանքի խնդիրը լուծված էր, եւ Անուշավանը սկսեց ինքնուրույն ապրել: Անաստաս Միկոյանն այդ ժամանակ արդեն Մոսկվայում էր: Վերջինս եղբորն իր մոտ հրավիրեց, սակայն նա հրաժարվեց, ասելով՝ «Ես հոյակապ տեղավորվել եմ հանրակացարանում»:
Իհարկե, նա ստում էր. երիտասարդ խառատը հավաքարարի տանը խոհանոցի մի անկյուն էր վարձակալել: «Դինամո» գործարանում Միկոյանն աշխատեց մինչեւ 1928թ., դրանից հետո նրան կանչեցին շրջկոմ՝ կուսակցական աշխատանքի: Այսպես Միկոյանը դարձավ Հոկտեմբերյանի շրջանի տրամվայի հավաքակայանի կուսակցական կազմակերպության քարտուղար, իսկ 1928թ. նրան զորակոչեցին բանակ: Մեկ տարի անց Միկոյանին տեղափոխում են Իվանովո-Վոզնեսենսկի ռազմական դպրոցը, որը շուտով վերափոխվում է Խորհրդային Միության առաջին տանկային ուսումնարանի: 1930թ. բանակից վերադառնալով` Արտյոմ Միկոյանը կրկին սկսում է զբաղվել կուսակցական գործունեությամբ, սկզբում նա «Կոմպրեսոր» գործարանի կուսկոմի քարտուղարն էր, այնուհետեւ` Ստալինյան շրջկոմի կազմբաժնի հրահանգիչ: 1931թ. Միկոյանն ընդունվեց Ն.Ե. Ժուկովսկու անվան Ռազմաօդային ինժեներական ակադեմիան: Ակադեմիայում Միկոյանը Ն. Ա. Պավլովի եւ Տ.Կ. Սամարինի հետ կառուցեց «Օկտյաբրյոնոկ» փոքր ինքնաթիռը:
Պահպանվել է Միկոյանի` Սուրեն Շահումյանին ուղղված նամակը, որտեղ Միկոյանը գրում է, թե Մոսկովյան շրջանի տեխնիկական հանձնաժողովին ներկայացրած նախագծերի զննումից հետո, «Օկտյաբրյոնոկը» ճանաչվել է լավագույններից մեկը:
1937թ. հոկտեմբերի 22-ին Արտյոմը պաշտպանում է դիպլոմային նախագիծը: Պետական քննական հանձնաժողովը նրան շնորհում է ՌԿԿԱ ռազմաօդային ինժեներ-մեխանիկի կոչում:
Նշանակվելով գործարանի ռազմական ներկայացուցիչ, Արտյոմ Միկոյանը ձգտում էր հնարավորինս հաճախ այցելել կոնստրուկտորներին, իսկ կոնստրուկտորներն էլ իրենց հերթին նրա հետ քննարկում էին իրենց մտահղացումները: Այս մասին իմանում է Պոլիկարպովը եւ Միկոյանին հանձնարարում է զբաղվել «Չայկայով», Ի-153 կործանիչով:
Միխայիլ Գուրեւիչը ղեկավարում էր Պոլիկարպովի Կոնստրուկտորական բյուրոյում Միկոյանի համար ամենագրավիչ` ընդհանուր տեսակների խումբը: Նրա գլխավորությամբ տեղի էր ունենում աերոդինամիկ հաշվարկների, էսքիզների լավագույն տարբերակների ընտրության մարմնավորումը: Միկոյանը հաճախ էր այցելում այդ խումբը: Ընդհանուր հետաքրքրությունները, գործի հանդեպ ունեցած սերն ու աշխատասիրությունը միավորեցին Միկոյանին եւ Գուրեւիչին, եւ նրանք շուտով դարձան ընկերներ:
1939թ. ամռանը Կրեմլյան պալատներից մեկի ընդունարանում հավաքվել էին բազմաթիվ խոշոր ավիացիոն ինժեներներ: Ընդարձակ ընդունարանում Միկոյանին եւ Գուրեւիչին ընդունեցին Ստալինը, Մոլոտովը, Վորոշիլովը: Աշխատելու հնարավորություն տրված էր բոլորին: Երկրին անհրաժեշտ էին ինքնաթիռ-զինվորներ, ամուր, լավ սպառազինված, բավականաչափ պարզ` թերությունները վերացնելու եւ մեծ քանակով արտադրելու համար: Կարճ ասած, պետական կարեւորության խնդիր էր: Այն չլուծելը կնշանակեր` տանուլ տալ պատերազմը: Այսպես հանրաճանաչ Պոլիկարպովի ԿԲ-ում իր առաջին ծիլերը տվեց Միկոյանի Կոնստրուկտորական բյուրոն:
Երբ 1940թ. Չինաստանից վերադարձան այնտեղ կամավոր մարտնչած օդաչուները, Արտյոմ Միկոյանը նրանց անմիջապես իր մոտ հրավիրեց: Նրանք կարեւոր տեղեկություններ էին բերել այն մասին, թե ինչպես են իրենց դրսեւորել Ի-15 եւ Ի-16 կործանիչները: Միկոյանին հետաքրքրում էին այդ ինքնաթիռների դրական եւ բացասական հատկանիշները, եւ նա մեծ ուշադրությամբ լսում էր օդաչուների հաշվետվությունները: Եվ ահա կոնստրուկտորների սխրագործությունը, որոնք երեք ամսվա ընթացքում նախագծեցին կործանիչը` ՄԻԳ-1-ը: Այս տաղանդավոր կոնստրուկտորի մեջ հաջողակ կերպով համատեղվում են գյուտարարն ու ինժեները: Ահա թե ինչու Միկոյանի նախագծած մեքենաներն իրենց գաղափարով ոչ թե ֆանտաստիկ են, այլ ռեալ, համարձակ են, գործնականում իրականացվող…
Նախագծման եւ կառուցման տեմպը չդանդաղեց նաեւ աերոդինամիկ փորձարկումների ժամանակ: 1939թ. համակարգ մտան հայտնի արագընթաց Տ-104-ը եւ Տ-101-ը: ՄԻԳ-1-ն առաջին խորհրդային ինքնաթիռն էր, որը ենթարկվել էր բազմակողմանի գիտական ուսումնասիրությունների: Կոնվեյերը շարունակում էր արտադրել ՄԻԳ-եր, սակայն ՄԻԳ-1-ի փոխարեն` արդեն ՄԻԳ-3: Հենց այդ ինքնաթիռն էլ դարձավ սահմանամերձ շրջանների ավիացիայում ամենից շատ կիրառվող կործանիչը:
Ընդհանուր առմամբ ՄԻԳ-երն իրենց լավ դրսեւորեցին հիտլերյան բանակի դեմ պատերազմի ամենածանր ամիսներին: Փորձառու օդաչուներից կազմավորված Ստեֆանովսկու էլիտար ավիագնդերը նախապատվությունը տալիս էին ՄԻԳ-3-ին:
ՄԻԳ-3-ի մասսայական արտադրությունը դադարեցվեց 1941թ. հոկտեմբերին, Կույբիշեւի թիվ 1 գործարանի տեղահանման ժամանակ: Ինքնաթիռները դեռ մի որոշ ժամանակ հավաքվում էին նաեւ այնտեղ, մինչ այն պահը, երբ Ստալինն անձամբ կարգադրեց միկուլինյան շարժիչներ արտադրող գործարանի ողջ հզորությունը կենտրոնացնել ԻԼ-2 կործանիչի համար արտադրվող Ամ-38 շարժիչի վրա: 1942թ. սկզբին գոյություն ուներ 328 ՄԻԳ-1/3:
ՓԿԲ-ն տեղահանեցին Կույբիշեւի գործարանի հետ: Սակայն արդեն 1942թ. այն վերադարձրին մայրաքաղաք` վերակազմավորելով թիվ 55 գործարանի: Միկոյանականներին հատկացրած տարածքն իրենից մի ամայի տեղ էր ներկայացնում: Անհրաժեշտ էր վերաստեղծել արտադրական բազան:
Միկոյանը շարունակում էր աշխատանքը ՄԻԳ-3-ի կատարելագործման եւ այլ նախագծերի վրա: Միկոյանը ոչ միայն պահպանեց աշխատակազմը, այլեւ երիտասարդ կոնստրուկտորների ներգրավեց:
Մասնագետների եւ նրանց ընտանիքների հանդեպ նրա վերաբերմունքը մշտապես եղել է բարեհամբույր եւ հոգատար: Բանվորներին հնարավորություն էր ընձեռնած գործարանի տարածքում կարտոֆիլ աճեցնել: Քրտնաջան աշխատանքի արդյունքում արդեն պատերազմի վերջին թիվ 155 գործարանի տնօրենի եւ գլխավոր կոնստրուկտորի տնօրինության տակ էին գտնվում վերաստեղծված ժամանակակից աշխատանքների տվյալների բազաները:
Հետաքրքրական է 1946թ. միջադեպը, երբ Խորհրդային պատվիրակության կազմում Միկոյանն այցելեց Rolls-Royce ֆիրմա: Խոսքը գնում էր մի քանի օրինակ հեռանկարային ռեակտիվ Nene եւ Dervent շարժիչներ ձեռք բերելու մասին: Պայմանագիրը կազմված էր, սակայն ֆիրմայի ղեկավարը չէր շտապում այն ստորագրել: Այդ ժամանակ Միկոյանը նրան առաջարկեց մեկ պարտիա բիլյարդ խաղալ եւ խաղը պարտվելու դեպքում ստորագրել պայմանագիրը: Այսպես Միկոյանը երկրի համար «շահեց» ՄԻԳ-15, ՄԻԳ-17 եւ այլ ռազմական ինքնաթիռների վրա տեղադրված PF-45 եւ BK-1 ինդեքսներով շարժիչները:
Միկոյանը շատ բարի եւ զգայուն մարդ էր, նա շատ ծանր էր տանում օդաչուների կորուստը: Իսկ նման դառը կորուստները նրա կյանքում քիչ չեն եղել: 1942թ. սեպտեմբերին Ստալինգրադում կործանվեց ՄԻԳ-25Պ ինքնաթիռը, եւ զոհվեց կործանիչ ավիացիայի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Անատոլի Կադոմցեւը: Այդ թռիչքի խոսակցության ձայնագրությունները լսելու ժամանակ Միկոյանը սրտի կաթված ստացավ:
1970թ. դեկտեմբերի 9-ին ծանր հիվանդությունից հետո Արտյոմ Միկոյանը վախճանվեց: