Ըընտրախախտումների գործուն մասնակիցները

07/05/2006

Արթուր Բաղդասարյանի հայտարարության առնչությամբ, թե 2007թ. ընտրությունները չեն կարող կեղծվել այնպես, ինչպես անցած ընտրություններն էին, վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ասել է. «Կասկածում եմ, որ Ա. Բաղդասարյանը նկատի է ունեցել 2003թ. համապետական ընտրությունները, քանի որ 2003թ. նախագահական ընտրությունների ժամանակ ՕԵԿ-ն այն հիմնական կուսակցություններից էր, որ սատարում էր Ռոբերտ Քոչարյանին: Իսկ 2003թ. ԱԺ ընտրությունների, քաղաքական համաձայնության ձեռքբերման արդյունքում Բաղդասարյանը զբաղեցրեց ԱԺ նախագահի պաշտոնը, եւ այս 3 տարիների ընթացքում երկրում տեղի ունեցած բոլոր գործընթացներին` թե՛ ԱԺ-ում, թե՛ կառավարությունում, ՕԵԿ-ն ունեցել է ակտիվ մասնակցություն եւ, հետեւաբար, ունի պատասխանատվության իր բաժինը»:

Փաստորեն, Անդրանիկ Մարգարյանն անուղղակի ձեւով կոալիցիոն իր գործընկերոջը հասկացնում է լռել եւ կատարված ընտրախախտումների մասին չբարձրաձայնել: Հակառակ դեպքում, ինչպես ակնարկել է Ա. Մարգարյանը, իրենք կհրապարակեն այդ ընտրություններում Արթուր Բաղդասարյանի «ակտիվ» մասնակցության մանրամասները, ինչի շնորհիվ Ա. Բաղդասարյանը 2003 թվականից ի վեր նստած է ԱԺ նախագահի աթոռին եւ` բոլ-բոլ օգտվում է իշխանության կերակրատաշտից: