Ո՞ր ոլորտների հաշվին է պետությունը հարստացել

07/05/2006 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

ՀՀ Հարկային պետական ծառայությունը (ՀՊԾ) արդեն հրապարակել է 2006թ. առաջին եռամսյակի խոշոր հարկատուների ցուցակը: Հիշեցնենք, որ առաջին անգամն է, որ այդ ցուցակը ներառում է ոչ թե 300, այլ՝ 1000 անուն: Ըստ պաշտոնական տվյալների, նշված ժամանակահատվածում բյուջեի մասով հարկային մուտքերը կազմել են 43,2 մլրդ դրամ: Իսկ առաջին 1000 հարկատուները, որոնց պատկանում է պետբյուջեի մուտքերի առյուծի բաժինը, վճարել են մոտ 61 մլրդ 219 մլն դրամի հարկեր եւ մաքսեր: Հետաքրքիր է՝ ո՞ր ոլորտների հաշվին է պետությունը «հարստացել» 2006թ. առաջին 3 ամսում:

Ինչպես նախորդ ցուցակներում, այնպես էլ վերջինում, առաջին պատվավոր հորիզոնականը զբաղեցնում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ իր տեղը չզիջելով ոչ մի ընկերության (կոմբինատը հարկերի եւ մաքսերի տեսքով նշված ժամանակահատվածում պետբյուջե է վճարել ավելի, քան 5 մլրդ դրամ): Իսկ հանքարդյունաբերության 5 ձեռնարկություններ միասին ամբողջ բյուջետային վճարների մեջ ունեն 9,17% չափաբաժին: Կապի ոլորտի երկու ընկերությունները՝ «ԱրմենՏելը» եւ «Ղ-Տելեկոմը» միասին տարվա առաջին եռամսյակում պետբյուջե են վճարել 5 մլրդ 330 մլն 686 հազար դրամ՝ ապահովելով բյուջեի մուտքերի 8,71%-ը: Վառելիք ներմուծող 5 խոշոր ընկերություններ («Ֆլեշ», «Քաղ Պետրոլ Սերվիս», «Միկա Արմենիա Թրեյդինգ», «Մաքսհուր» եւ «Ագրո-Պետրոլ Սերվիս») նշված ժամանակահատվածում պետբյուջե են վճարել 4 մլրդ 589 մլն 843 հազար դրամ, ինչը կազմում է 1000 հարկատուների վճարների 7,5%-ը: Թեեւ ալկոհոլային խմիչքների շուկան Հայաստանում քիչ թե շատ զարգանում է, այնուամենայնիվ, այդ շուկայի 14 ձեռնարկություններ այս տարվա առաջին եռամսյակում ապահովել են պետբյուջեի հարկային եւ մաքսային մուտքերի ընդամենը 3,13%-ը (1 մլրդ 916 մլն 795 հազար դրամ): Իսկ ալկոհոլի շուկայում ամենախոշոր հարկատուն Ավշարի գինու գործարանն է (522 մլն 200 հազար դրամ): Այս շուկայի մասնակիցների հարկային «պասիվությունը» թերեւս կարելի է պայմանավորել նրանով, որ դրանք հիմնականում արտահանող ընկերություններ են, իսկ վերջիններս օժտված են հարկային արտոնություններով: 1000 հարկատուների վճարած գումարների մեջ գրեթե նույն չափաբաժինն ունեն բանկային համակարգը եւ ավտոմեքենաների ներմուծումը (մոտ 2,34%): Պարզապես, առաջին դեպքում բյուջետային մուտքերն ապահովում են 17 առեւտրային բանկեր, իսկ երկրորդ դեպքում հաշվարկել ենք ավտոմեքենաներ ներմուծող 6 խոշոր ընկերությունների տվյալներ: Ընդ որում, 2006թ. եռամսյակում ամենախոշոր հարկատու բանկը եղել է «Արդշինինվեստբանկը», իսկ ավտոմեքենա ներմուծողներից՝ «Կարկոմավտո» ընկերությունը: Ծխախոտի արտադրությամբ եւ ներմուծմամբ զբաղվող 5 խոշոր ընկերությունները («Պարես Արմենիա», «Գրանդ-Տոբակո», «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ», «Արսօյլ», «Հարդ Լայթս») միասին նշված ժամանակահատվածում պետբյուջե են վճարել 4 մլրդ 503 մլն 787 հազար դրամ՝ ապահովելով հարկային եւ մաքսային մուտքերի մոտ 7,36%-ը:

Հայաստանի տնտեսության ամենաշահութաբեր ոլորտներից մեկը (եթե ոչ ամենաշահութաբերը) այնուամենայնիվ էներգետիկան է, այսինքն՝ այն ոլորտը, որը գրեթե ամբողջությամբ Ռուսաստանինն է: Այս տարվա առաջին եռամսյակում ոլորտի ընդամենը 5 ձեռնարկություններ («ՀայՌուսգազարդ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Հայաստանի ատոմային էներգակայան», «Որոտանի հիդրոէլեկտրակայան», «Բարձրավոլտ էլեկտրացանցեր») ապահովել են 1000 հարկատուների վճարած հարկերի 11,03%-ը՝ 6 մլրդ 753 մլն 58 հազար դրամ: Ընդ որում, նշված ընկերությունները գտնվում են ցուցակի առաջին 25 հորիզոնականներում:

Նշված ժամանակահատվածում հեռուստաընկերություններից ամենաշատ հարկերը վճարել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը (206-րդ տեղը, 42 մլն 405 հազար դրամ), իսկ երկրորդը «Արմենիա TV»-ն է (42 մլն 156 հազար դրամ): Բուհերից «ամենաակտիվը» Երեւանի պետական համալսարանն է (111-րդ տեղը, 83 մլն 500 հազար դրամ), հետո՝ Երեւանի պետական բժշկական համալսարանը (65 մլն 244 հազար դրամ):