«Ոստիկանությունը ծառայեցվում է իշխանությունների քաղաքական շահերին»

07/05/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Զեկույցում ներկայացված վիճակագրական տվյալները վկայում են, որ ստացված գրավոր դիմում-բողոքների շարքում քանակապես գերակշռում են բողոքները Ոստիկանության, դատարանների, Դատախազության, Արդարադատության նախարարության եւ իր գերատեսչությունների, Պաշտպանության նախարարության եւ պետական այլ մարմինների դեմ: Արձանագրելով, որ 2004-ին ոստիկանության դեմ տրված բողոքներում զգալի թիվ են կազմել ապօրինի բերման ենթարկելու, անազատության մեջ ապօրինի պահելու, վարչական իրավախախտում վերագրելու, ազատ տեղաշարժի իրավունքը սահմանափակելու վերաբերյալ բողոքները՝ կապված ներքաղաքական իրադրության զարգացումների հետ, վերոնշյալ զեկույցում տիկին Ալավերդյանը փաստում է, որ 2005թ. ընթացքում նման բնույթի բողոքների թիվը կտրուկ նվազել է՝ դարձյալ պայմանավորված ներքաղաքական իրադրությամբ, ինչը սակայն, ըստ նրա, չի վկայում նման երեւույթների բացակայության մասին: Արձանագրելով «անմիջականորեն ոստիկանության աշխատողի կողմից լրագրողի նկատմամբ բռնության փորձի» եւ հանրաքվեի քարոզարշավի ժամանակ հայրենի ընդդիմության իրականացրած քարոզարշավին ոստիկանության միջամտության եւ այլ կոնկրետ դեպքեր, առաջին պաշտպանը եզրակացնում է, որ հակառակ սահմանադրական այն սկզբունքի, թե զինված ուժերը չպետք է միջամտեն երկրի քաղաքականությանը, այնուամենայնիվ, զինված ուժերի բաղկացուցիչ մաս հանդիսացող ոստիկանությունը ներքաղաքական իրավիճակի սրման դեպքերում «ծառայեցվում է իշխանությունների քաղաքական շահերին»:

Դատախազության դեմ ուղղված դիմում-բողոքների եւ Դատախազության կողմից խախտումների օրինակների շարքում վերոնշյալ զեկույցում նշված է նաեւ այն մասին, որ ՀՀ դատախազությունում դեռեւս 21.06.2005թ. առկա է քաղաքացու դիմում՝ Պուշկինի փողոցում իր օրինական շինության` «Ֆլեշ» ընկերության կողմից քանդվելու, իրեն նյութական վնաս պատճառելու եւ օրինական կարգով իրեն հատկացված տարածքը զավթելու վերաբերյալ: Ի պատասխան պաշտպանի 13.09.2005թ. հարցմանը` ՀՀ դատախազությունից 03.10.2005թ. հայտնել են, որ դիմումի հետագա ընթացքի լուծման համար անհրաժեշտ է պարզել շինության քանդման արդյունքում դիմումատուին պատճառված վնասի չափը: Նշանակվել է շինարարատեխնիկական փորձաքննություն, եւ արդյունքում պարզվել է, որ դիմումատուի նյութական վնասը կազմում է 5295 հազար դրամ: ՀՀ դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունից, դիմումը ստանալուց վեց ամիս անց, դիմումատուին եւ մարդու իրավունքների պաշտպանին հայտնել են, որ քաղաքացու շինությունը քանդվել է «այդ տարածքը մաքրելու անհրաժեշտությունից ելնելով», իր վնասը գանձելու նպատակով դիմումատուն կարող է դիմել դատարան, «պատճառված վնասի հատուցման հարցի լուծումը դուրս է դատախազության իրավասության շրջանակներից»: «Քանի որ նյութերով քրգործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինակները չեն ուղարկվել ո՛չ դիմումատուին եւ ո՛չ էլ պաշտպանին, ենթադրվում է, որ նման որոշում չի կայացվել»,- եզրակացնում է Լ. Ալավերդյանը, հավելելով, թե փորձագետի եզրակացության եւ դիմումով նախապատրաստված նյութերի պատճենները տրամադրելու մասին դիմումատուի խնդրանքը մերժվել է, ինչով դիմումատուն զրկվել է Դատախազության գործողությունները դատական կարգով բողոքարկելու հնարավորությունից: Իր զեկույցում Լ. Ալավերդյանը խիստ անհանգստացուցիչ է համարում Ազգային անվտանգության ծառայության շենքում գտնվող քննչական մեկուսարանի խնդիրը։ «Չնայած մեկուսարանը գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության իրավասության ներքո, այն փաստացի կախվածության մեջ է ԱԱԾ-ից, ինչն առաջացնում է նաեւ բողոքատուների, ինչպես նաեւ դատապաշտպանների դժգոհությունը, քանի որ նրանք ստիպված են տեսակցության «թույլտվություններ» հայցել ԱԱԾ-ից»,- նշված է զեկույցում։ Ըստ առաջին պաշտպանի, չնայած ազգային օրենսդրության ազատականացմանը եւ միջազգային փաստաթղթերով ստանձնած պարտավորությունների ավելացմանը, իրավակիրառական պրակտիկան մնում է պահպանողական, ինչը զգացնել է տալիս այս մարմինների գործունեության թափանցիկության եւ նրանց նկատմամբ քաղաքացիական հասարակության վերահսկողության պակասը։ Արդարադատության նախարարության եւ նրա գերատեսչությունների դեմ ուղղված դիմում-բողոքների եւ այդ մարմինների կողմից իրավախախտումների օրինակների շարքում Լ. Ալավերդյանը 2005թ. տարեկան զեկույցում մանրամասն նկարագրել է «Չիֆտ-Քարթալ» ընկերության հետ կապված մի դեպք: Այսպես. ինչպես իր զեկույցում նշել է Լ. Ալավերդյանը, «Չիֆտ-Քարթալ» ընկերության ներկայացուցիչ դիմումատուն պաշտպանին դեռեւս 2004թ. ներկայացրած դիմումով հայտնել է, որ առկա են տարբեր ատյանների դատարանների օրինական ուժի մեջ մտած վճիռներ եւ որոշումներ, որոնց համաձայն «Արարատ Լադա» ընկերության տարածքում գտնվող ալրաղացը պետք է վերադարձնել պահանջատիրոջը, սակայն հարկադիր կատարողների ոչ հետեւողական գործողությունների արդյունքում հետագայում պարզվել է, որ արգելանքի տակ դրված գույքն անհետացել է նշված տարածքից: Զեկույցում շարադրված է, որ պաշտպանի գրություններից հետո միայն հարկադիր կատարողը՝ արդարադատության մայոր Գ. Սարգսյանը, գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին որոշում է կայացրել: Այնուհետեւ, պաշտպանի առաջարկությամբ ԴԱՀԿ ծառայությունը քննություն անցկացնելու համար նյութերն ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազություն: «Մամուլում տպագրված մի շարք հրապարակումներից ու դիմումատուի փաստարկներից հետեւում է, որ ալրաղացը չվերադարձնելու պատճառներից ամենագլխավորը ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի ակտիվ միջամտությունն է»,- նշված է զեկույցում, որում նաեւ ընդգծված է, թե մոտ 10 ամիս անց պարզվել է գույքի գտնվելու վայրը, եւ պաշտպանը ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ հայտնել է այդ մասին, ինչից հետո կատարողական վարույթը վերսկսվել է, ԴԱՀԿ ծառայության շուրջ 15 աշխատակիցներ եւ պաշտպանի ներկայացուցիչը եղել են գույքի գտնվելու վայրում, տեղում կազմվել է արձանագրություն, ֆիքսվել գույքի առկա լինելու հանգամանքը: Իսկ տարածքի սեփականատերը հայտնել է, որ ալրաղացը գնել է տրանսպորտի եւ կապի նախարարից, սակայն այսքանից հետո անգամ հարցը չի գտել իր վերջնական լուծումը։ «Այս եւ նմանօրինակ փաստերը հասարակության մեջ անվստահության եւ անպատժելիության մթնոլորտ են ձեւավորում: Այս գործողությունները հակասում են Սահմանադրությամբ նախատեսված կարգին եւ քաղաքացիական դատավարության օրենսդրությանը»,- շեշտում է առաջին պաշտպանը: Վերջինս իր զեկույցում նաեւ առանձնահատուկ նշել է, որ «ընդունվում են խիստ կանխատեսելի կոռուպցիոն ռիսկեր պարունակող օրենքներ եւ այլ իրավական ակտեր, ինչը կոռուպցիայի համակարգային բնույթի հիմնական պատճառներից է»։