Մշակույթը շատ խոչընդոտներ ունի

07/05/2006

Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին ԱՊՀ երկրների ստեղծագործական եւ գիտական մտավորականության առաջին ֆորումի նախապատրաստման հետ կապված ճեպազրույցի ժամանակ ասել է, որ նախօրեին Էրմիտաժում բացված ԱՊՀ երկրների երիտասարդ լրագրողների համաժողովը, որ կոչվում է «15 տարի անց», հետաքրքիր է անցել: «Այժմ այնտեղ Կովկասի հիմնախնդիրներին նվիրված կլոր սեղան է անցկացվում, որի նախաձեռնողները Հայաստանի եւ Ադրբեջանի լրագրողներն են: Երիտասարդները լրիվ ուրիշ ձեւով են տեսնում աշխարհը»,- ասել է Պիոտրովսկին: Նրա խոսքերով, այսօր մի շարք խնդիրներ կան, որոնք կարեւոր են ԱՊՀ երկրների մշակույթի գործիչների համար: «Բոլոր երկրներում մշակութային ժառանգության հուշարձանները վտանգված են: Պետք է սրա լուծման համար ընդհանուր մոտեցում փնտրել: Շատ կարեւոր է նաեւ մարդկանց տեղաշարժը: Առաջվա նման մեզ անհրաժեշտ են ուսանողների հաճախակի փոխանակումներ, վերապատրաստումներ: Իսկ դա հնարավոր կլինի միայն անհրաժեշտ ֆինանսավորման դեպքում: Պետք է ստիպենք կառավարություններին՝ այս խնդրին լուծում տալ»,- նշել է Պիոտրովսկին: Նրա կարծիքով, մշակույթի զարգացման համար մեծ խոչընդոտ են մաքսադրույքները: Նրա հավաստմամբ, եթե, օրինակ, օրենսդրությունը թույլ տար, ապա հնարավոր կլիներ Էրմիտաժի որոշ գործեր վերականգնել Հայաստանում: «Ռուսաստանին պետք են Հայաստանը, Վրաստանը, Ղազախստանը, Ադրբեջանը, Տաջիկստանը, իսկ Ռուսաստանն էլ այդ երկրներին է պետք»,- ասել է Պիոտրովսկին՝ հույս հայտնելով, որ իրենց կհաջողվի այս եւ այլ խնդիրների համար լուծումներ առաջարկել կառավարություններին: