Մարզպետն էլ, ընդունված խաղի կանոնների համաձայն, մարզպետարանի բոլոր ղեկավար պոստերին նշանակել է իր կուսակիցներին: Ասում են, որ մարզի գրեթե բոլոր հիվանդանոցների գլխավոր բժիշկները, պոլիկլինիկաների, դպրոցների տնօրեններից ու գյուղապետերից շատերը դաշնակցական են:
Արագածոտնի մարզի, մասնավորապես` Աշտարակ քաղաքի բնակիչները պատմում են, որ իրենց մոտ հիմա «խայտառակ բաներ են կատարվում»: Տարբեր կառույցների դաշնակցական մոտ տասը ղեկավարներ մեղադրվում են կաշառակերության եւ խոշոր չափերի յուրացումների մեջ: Ընդ որում, բոլոր մեղադրվողները կապեր ունեն միմյանց հետ, եւ բոլորը միասին կապված են մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հետ: Մոտ 20 օր առաջ Ազգային անվտանգության ծառայությունը կալանքի է վերցրել Արագածի շրջանի Դերեկ գյուղի գյուղապետին, որը մեղադրվում է հումանիտար օգնությունները խոշոր չափով յուրացնելու մեջ: Մարզի դատախազությունն այս գործի առնչությամբ քրեական գործ է հարուցել: Քրեական գործ է հարուցվել նաեւ Աշտարակի Գրիգոր Ղափանցյանցի անվան դպրոցի տնօրեն Ալիկ Բաբայանի վրա: Նրան մեղադրում են միլիոնների հասնող գումարների յուրացման մեջ: Իրավապահ մարմինները ստուգել եւ հայտնաբերել են, որ Ա. Բաբայանը վաճառել է մոտ 15 ատեստատ: Այդ դպրոցի ուսուցիչները բողոքել են, որ տնօրենն իրենց աշխատավարձերը կիսատ-պռատ է տվել, երբեմն էլ չի տվել: Ա. Բաբայանը մեղադրվում է միանգամից մի քանի մեղադրանքներով, նաեւ փաստեր են հայտնաբերվել, որ նա վաճառել է դպրոցի գույքը, իսկ գումարը՝ գրպանել: Ցուցմունք տալիս նա խոստովանել է, որ ամեն ինչ արել է մարզպետարանի Կրթության վարչության պետ, դաշնակցական Սիրանույշ Ղուկասյանի գիտությամբ եւ հովանավորությամբ: Դպրոցի տնօրենն ասել է, որ այդ ամենի մասին տեղյակ է եղել նաեւ մարզպետ Գաբրիել Գյոզալյանը:
Մոտ մեկ շաբաթ առաջ կալանավորվել է նաեւ մարզպետարանի մեկ այլ՝ Առողջապահության վարչության պետ դաշնակցական Անահիտ Վերանյանը, որին աշտարակցիներն այսպես են բնութագրում` «կին, որ փողից բացի այլ սրբություն չունի»: Մեր զրուցակիցներն ասում են, որ այս բացահայտումներից հետո մարզպետ Գ. Գյոզալյանն իր վարչության պետերին չի կարողանում գործից ազատել, որովհետեւ ստվերային գործունեությամբ կապված է եղել նրանց հետ ու բոլոր չարաշահումներից ու յուրացումներից իր բաժինն է ունեցել: Վախենում է, որ նրանք էլ իր բոլոր արածները կբացահայտեն: Առողջապահության վարչության պետը 3 օր պահվել է Երեւանում՝ 6-րդ վարչությունում եւ ցուցմունքներ է տվել Ապարանի եւ Աշտարակի հիվանդանոցների գլխավոր բժիշկների մասին: Վերջիններս նույնպես դաշնակցականներ են: Աշտարակցիները պատմում են, որ իրենց քաղաքի գլխավոր բժիշկ Արսեն Հովհաննիսյանը հիմա քաղաքում չէ՝ «փախած է»: Մի խոսքով, աշտարակցիների ասելով, այս օրերին 6-րդ վարչությունը Երեւան է կանչել, մի քանի օր պահել եւ քննել է աշտարակցի մոտ 10 դաշնակցական պաշտոնյաների: 6-րդ վարչություն են կանչվել եւ քննվել են Աշտարակի պոլիկլինիկայի տնօրեն Աշոտ Ազիզյանը, Ոսկեվազ գյուղի գյուղապետը եւ այլք:
Ա. Վերանյանը Ոսկեվազից է, այդ գյուղի գյուղապետի հետ միասին հարեւան Կարին գյուղում փախստականների համար կառուցված քոթեջները բաժանելու գործընթացի մասնակիցն է եղել: Նրանք մեղադրվում են փախստականներին անվճար տրամադրվող քոթեջները կաշառքով բաժանելու մեջ: 6-րդ վարչության աշխատակիցները քննել են նաեւ Կարին գյուղում քոթեջ ստացած փախստականներին: Մեր տեղեկություններով` նրանք հաստատել են, որ տուն ստանալիս իրենցից մեծ գումարներ են վերցրել: Հիմա այս բոլոր գործերը գտնվում են Արագածոտնի մարզային դատախազությունում:
Վերը թվարկած բոլոր պաշտոնյաները ցուցմունք տալու ժամանակ ասել են, որ ամեն ինչ արել են մարզպետ Գ. Գյոզալյանի իմացությամբ ու համաձայնությամբ: Պարոն Գյոզալյանը մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ հերքեց իր հետ կապված տեղեկատվությունը: Նա նաեւ ասաց, որ մի թեթեւ լսել է մարզպետարանի Առողջապահության վարչության պետ Անահիտ Վերանյանի վրա հարուցված գործի մասին: «Բայց դա մեզ հետ ոչ մի կապ չունի,- ասաց Գ. Գյոզալյանը: -Դա մարզպետարանից դուրս է եղել»: Պարոն Գյոզալյանը չհիշեց վերը թվարկած մյուս պաշտոնյաների հետ կապված գործերը, նա չկարողացավ նաեւ հիշել, թե նրանցից ո՞վ է իր կուսակիցը, ով՝ ոչ: «Ես չգիտեմ, թե ովքե՞ր են քննվել, ինչի՞ համար: Այդ գործերից ու ցուցմունքներից տեղյակ չեմ,- ասաց մարզպետը: -Ես ի՞նչ իմանամ, միգուցե նրանցից մեկ-երկուսը դաշնակցական են, հո բոլորին չե՞մ ճանաչի»:
Աշտարակցիներն ասում են, թե նախագահի՝ կոռուպցիայի գծով խորհրդական դաշնակցական Բագրատ Եսայանն անընդհատ հեռուստացույցով հայտարարություններ է անում, թե կոռուպցիոն փաստեր չեն հայտնաբերում, որ դեմը պայքարեն: «Բա սա ի՞նչ է, կոռուպցիա չէ՞,- հարցնում են աշտարակցիները: -Թե՞ իրենց քթի տակինը չեն տեսնում»:
Մեր տեղեկություններով` Դաշնակցության բյուրոյում քննարկվել են աշտարակցի կուսակիցների հետ կապված դեպքերը: Դաշնակցության ղեկավարությունը զգացել է, որ կուսակիցներն արդեն չափն անցել են, եւ այդ կծիկն ամբողջությամբ քանդելու եւ լույս աշխարհ հանելու դեպքում կխայտառակվեն: Լավատեղյակ աղբյուրները հավատացնում են, որ դաշնակցական երեք-չորս բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ՀՀ սոցապ նախարար Աղվան Վարդանյանը, պատգամավորներ Վահան Հովհաննիսյանն ու Արմեն Ռուստամյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ խնդրել են գործը կարճել: Մեր զրուցակիցներն ասում են, որ գլխավոր դատախազը հանձն չի առել ինքնուրույն գործը փակել: Ասել է թե` առանց ՀՀ նախագահի իմացության՝ չի կարող, որովհետեւ շատ խճճված է ու բազմաբնույթ: Աղվան Հովսեփյանը դաշնակցականներին խոստացել է այդ մասին հայտնել նախագահին եւ նույնն էլ նրանց է խորհուրդ տվել: ՀՀ սոցապ նախարար Աղվան Վարդանյանը հերքեց, որ ինքը նման հարցով դիմել է գլխավոր դատախազին: «Իսկ մնացած գործերի մասին ես տեղյակ չեմ,- պատասխանեց Ա. Վարդանյանը: -Ես արդեն 15 օր է՝ արձակուրդում եմ»:
Աշտարակցիները հիշում են, որ մարզում նման իրավիճակ ստեղծվել է այն ժամանակներից, երբ մարզպետ էր դաշնակցության մեկ այլ կարկառուն ներկայացուցիչ՝ Հրայր Կարապետյանը: Այդ ժամանակ՝ 2001թ. մարզպետարանում մոտ 5 մլն դոլարի չարաշահում էր հայտնաբերվել, նորից Դատախազությունում գործ էր հարուցվել, սակայն Ռոբերտ Քոչարյանի միջամտությամբ այն ընթացք չէր ստացել: Աշտարակցիները մտավախություն ունեն, որ նույն բանը նորից կկրկնվի: Նրանք նաեւ մտածում են, որ այս գործը հենց այնպես չի բացվել, ինչ-որ մի ավելի հզոր ուժ շահագրգիռ է եղել այդ հարցում: