Մայիսի 1-ը երեւի թե մեր ամենասիրելի տոներից մեկն է դեռ մանկությունից: Թերեւս Նոր տարուց հետո երկրորդ սիրելի տոնն է: Նույն դրոշակներն են, փուչիկները, հրավառությունը: Գումարած՝ շքերթները, հատկապես` զինվորական, որ ավելի ուրախացնող էր: Կարելի էր շատ մոտիկից տանկեր տեսնել, նույնիսկ ձեռք տալ անվաթրթուրին կամ հրանոթին: Մեծահոգի զինվորները երբեմն հրամանատարից գաղտնի, մեզ` տղաներիս, նվիրում էին իրենց կրծքանշանները: Մի անգամ իմ հասակակիցներից մեկը շքերթի ժամանակ դրանցից մի խուրձ նվեր էր ստացել, դրանց մեջ կային «Կապի գերազանցիկ», կոմերիտական, նույնիսկ մի «Գվարդիական» կրծքանշան: Նա երկար ժամանակ մեր թաղամասի «հերոսն» էր: Ճիշտ է, զինվորների նվերները նրան այնքան էլ լավ ծառայություն չէին մատուցում: Նա դրանք ամրացնում էր վերնաշապիկին, իսկ քանի որ կտորը նուրբ էր, կրծքանշանների ծանրությանը չէր դիմանում եւ հաճախ պատռվում էր: Ամեն անգամ նա դրա համար ծեծ էր ուտում տատիկից: Սակայն դրանից վերնաշապիկներն ու մայկաներն ավելի քիչ չէին պատռվում: Ամեն անգամ քնելուց առաջ նա խնամքով հանում էր բոլոր կրծքանշանները եւ թաքցնում մեր ընդհանուր գաղտնարանում: Այնտեղ մենք տարբեր բաներ էինք պահում` պարսատիկներ, ճաներ (այդպիսի խաղ կար մի ժամանակ), կրծքանշաններ, ծալովի դանակ, սիգարետները եւս այնտեղ էինք պահում, այնտեղ կար նաեւ մեծ կրծքով ինչ-որ կնոջ լուսանկար:
Հետո այդ տոնը մի տեսակ դադարեց մեզ համար կարեւոր նշանակություն ունենալ: Արդեն չէինք վազում կրծքանշանների հետեւից, իսկ մայիսմեկյան զինվորական շքերթներն այդ ժամանակ արդեն չկային. քաղաքացիական շքերթները` միանման պաստառներով, կարգախոսներով եւ աշխատանքային խոստումներով, արդեն ձանձրալի էին: Հետո այդ օրն ընդհանրապես մի տեսակ չսիրված դարձավ. հեռուստացույցով ամբողջ օրը ցույց էին տալիս աշխատավորների շքերթը, իսկ բարձր դասարաններում արդեն մեզ ստիպում էին մասնակցել այդ ձանձրալի միջոցառմանը: Մեզ ուրիշ աշակերտների հետ միասին շարում էին կառավարական ամբիոնից հեռու մի տեղ, ժամեր էին անցնում, մինչեւ հասնում էր մեր հերթը` շարքով քայլելու դեպի տեղի կուսակցական առաջնորդների կողմը: Մինչեւ հասնում էինք Ռուսթավելու պողոտայում գտնվող ամբիոնին, էլի մի քանի ժամ էր անցնում: Եվ այդ ամենը` նրա համար, որ թափահարենք մեր ալ կարմիր դրոշակները` վրան գրված՝ «Խաղաղություն, աշխատանք, մայիս», կամ կարմիր աստղ նկարված տախտակի կտորները, եւ գոռանք՝ ուռա: Այս ամենը կրկնակի հոգնեցուցիչ էր, քանի որ գտնվում էինք ուսուցիչների եւ միլիցիոներների խիստ հսկողության տակ. նույնիսկ կատակով չէր կարելի հրել իրար:
Արդեն ինստիտուտում Մայիսի
1-ը նյարդայնացնում էր մեզ: Պարզ էր, որ երկրում առանձնապես աշխատանքային սխրանքներ չեն նկատվում, ակներեւ էր կեղծավորությունն ու փարիսեցիությունը, ու դու էլ չգիտես ինչու` ստիպված ես մասնակցել այդ «չեմ հասկանում ում համար եւ ինչու» հոգնեցուցիչ երթին: Որոշակի մխիթարանք էր միայն այն, որ տոնը ոչ միայն սովետական է, այլեւ միջազգային, այն նշում էին ողջ աշխարհում:
Մայիսի 1-ն իսկական պատիժ դարձավ, երբ սկսեցի աշխատել ՀամԼԿԵՄ-ի տպագիր օրգան «Վրաստանի երիտասարդություն» թերթում: «Համարում 150 էջ»,- լակոնիկ ասում էր գլխավոր խմբագիրը, եւ մենք դուրս էինք գալիս շքերթի մասնակիցների ամբոխում փնտրելու արտադրության եւ գյուղի հետաքրքիր հերոսների, որոնք կարող էին գոնե մի քանի կապակցված ու հասկանալի բառ ասել, այլ ոչ թե միայն՝ «Աշխատանքային սխրանքը գործել եմ հանուն սիրելի Կոմկուսի» խոսքերը: Ֆոտոթղթակիցները փորձում էին որեւէ արտասովոր բան լուսանկարել, չնայած առանձնապես հույս չունեին, թե այդ լուսանկարը որեւէ տեղ կտպագրվի: Թերթերի տոնական համարները խստագույն գրաքննություն էին անցնում: Խմբագրությունում աշխատելուս երրորդ թե չորրորդ տարում արդեն գիտեի` ինչպես աշխատել մայիսմեկյան (եւ ոչ միայն, կային նաեւ նոյեմբերյան եւ այլ տոներ) շքերթների ժամանակ: Դուրս էի գալիս խմբագրությունից, մոտենում շքերթի մասնակիցներին, գրի առնում ամենամոտ կանգնած մի աշխատանքի առաջավորի, մի կոլտնտեսականի անունները, նրանց աշխատանքի վայրը, եւ առանց ժամանակ կորցնելու գնում մոտակա գարեջրատուն: Այնտեղ մի գավաթ գարեջուր խմելով, հանում էին անցած տարվանից մնացած թղթերս, ջնջում եղած ազգանունները, գրում նորերը ու մի քանի ժամից վերադառնում խմբագրություն: Մի անգամ պատասխանատու քարտուղարը, կարդալով իմ ռեպորտաժը, բարձրաձայն ասաց. «Ինչ-որ ծանոթ բան է… այս շքերթների ձեռքից խելքներս թռցրել ենք»:
Հետո ԽՍՀՄ-ը փլուզվեց: Մայիսի 1-ը դադարեց տոն լինելուց: Հետո այն վերականգնեցին, սակայն առանց պարտադիր շքերթների: Եվ ահա պարադոքսը՝ մարդիկ իրենք սկսեցին հոժարակամ տոնել այն: Դրոշակներով ցույցեր են անում: Ճիշտ է, այդպիսիները քիչ են: Բայց կան: Եվ նրանց նայելիս` ակամայից առաջ են գալիս մանկական հուշերդ, հիշում ես ուսանողական տարիներդ, լրագրողական աշխատանքի առաջին տարիներդ եւ էլի շատ ու շատ բաներ: Եվ մեր մանկական գաղտնարանը:
Գաղտնարանի ճակատագիրը տխուր ստացվեց: Ինչ-որ մեկն այն հայտնաբերել էր, եւ մի տխուր օր մենք այն դատարկ գտանք. ոչ սիգարետները կային, ոչ պարսատիկը, ոչ կրծքանշանները, ոչ դանակը: Այդպես էլ չիմացանք` ով էր արել: