«Մեզ այնպիսի երգչուհի էր հարկավոր, որը կկարողանար հանդիսատեսին իր ետեւից «տանել», վառ լինել»,- պատմում է նա: «Արմինայի» մասնակիցները հաճախ էին անծայրածիր ԽՍՀՄ-ի տարածքով շրջագայում: Եվ 1970-ականների սկզբում Օդեսա էին հասել: «Երեկոյան ի՞նչ պետք է անեինք, պետք է ռեստորան գնայինք: Եվ Օդեսայի «Չոռնոյե մորե» ռեստորանում հանդիպեցինք Լարիսա Կուդելման անունով մի երգչուհու: Տեսանք, որ շատ զիլ երգչուհի է ու շատ զիլ խմբում է երգում»,- պատմում է Ա. Բակունցը: Լարիսայի հետ ծանոթանալուց հետո նա հարցրել է, թե ինչո՞ւ է նա, այդքան լավ երգչուհի լինելով, միայն ռեստորանում երգում: «Իսկ ինչպե՞ս կարող է հրեա աղջիկը Ուկրաինայում բեմ դուրս գալ»,- հարցին հարցով է պատասխանել երիտասարդ Լարիսան: Եվ ավելացրել է՝ «Եթե առաջարկներ լինեն, մեծ հաճույքով կընդունեմ»: Երեւան վերադառնալուն պես Ակսել Բակունցը երգչուհուն հրավիրելու պայմանավորվածություն է ձեռք բերել եւ հեռագիր է ուղարկել: Լարիսան պատասխանել է. «Դիմավորեք ինձ»: Խմբի, թեեւ ոչ այդքան հայտնի, մենակատար լինելն արդեն իսկ հեռանկարային էր նրա համար: Դոլինան վառ երաժշտական անհատականություն էր, սիրում էր էքսպերիմենտներ անել եւ առաջ գնալ: Այն ժամանակ, երբ Դոլինան սկսեց «Արմինա» խմբում երգել, նա նոր էր դպրոցն ավարտել: Առաջին իսկ համերգի ժամանակ Ակսել Բակունցին խնդրեց. «Կարելի՞ է ես իմ մոր՝ Դոլինա ազգանվան տակ ելույթ ունենամ»: Խմբի ղեկավարը փորձեց վստահեցնել, որ Հայաստանում հակասեմիտական տրամադրություններ չկան եւ ազգանունը փոխելը պարտադիր չէ: Նույնիսկ կատակով նրան առաջարկեց Դոլյան դառնալ: Սակայն Լարիսայի համար ազգանունը կարեւոր էր, եւ առաջին անգամ Լարիսա Դոլինա անունը հնչեց Երեւանում: «17 տարեկանում ես Երեւան եկա ու 4 տարի ապրեցի այդ քաղաքում: Դա մեծ դպրոց էր ինձ համար, եւ հենց Երեւանում ես հայտնի դարձա»,- ասել է Լարիսա Դոլինան իր հարցազրույցներից մեկում:
«Արմինան» կարճատեւ կյանք ունեցավ եւ հիմա գրեթե բոլորովին մոռացված է: Սակայն հենց այդ խմբի կազմում երգող Դոլինային առաջին անգամ նկատեց ռուսական հայտնի ջազային խմբի ղեկավար Անատոլի Կրոլը: Խումբն առաջին անգամ էր Համամիութենական էստրադային մրցույթին մասնակցում, սակայն շատերի համար անսպասելիորեն երկրորդ տեղը զբաղեցրեց: Դոլինան սկսեց ճանաչում ու երկրպագուներ ձեռք բերել: Որոշ ժամանակ անց նա որոշեց Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած էստրադային նվագախումբ տեղափոխվել: «Ուզում եմ խմբի կազմում հայտնվել, որպեսզի հնարավորություն ունենամ արտասահման գնալ»,- ասաց Լարիսան իր ընկեր Ակսել Բակունցին: Վերջինս նրան խորհուրդ տվեց՝ «Մի գնա, միեւնույն է, քեզ հյուրախաղերի չեն տանի, դու հրեա ես, իսկ Օրբելյանը վախենում է անախորժություններից»: Թեեւ Դոլինան հյուրախաղերի իսկապես չմեկնեց, սակայն մեծ ճանաչում ձեռք բերեց եւ սիրվեց հայ հանդիսատեսի կողմից: Նա Երեւանից մի քիչ վիրավորված հեռացավ. չէ՞ որ, թեեւ Օրբելյանի ղեկավարած նվագախմբում առաջատար երգչուհիներից մեկն էր, սակայն հյուրախաղերի մեկնող երգիչների ցանկում չէր հայտնվում: Նա գնաց Անատոլի Կրոլի մոտ եւ այդ խմբից բոլորովին այլ, աստղային կարիերա ունեցավ: Եվ սկսեց մամուլի էջերում Հայաստանի ու հայերի մասին իր տհաճ պատմություններով կիսվել: Ակսել Բակունցը` լավ ճանաչելով երիտասարդ Դոլինային, համոզված է, որ նա երբեք Հայաստանի մասին վատ բաներ չէր ասի. «Նա մեկ-մեկ Հայաստանի մասին ախմախ բաներ է պատմում: Համոզված եմ, որ նրան սովորեցրել են դա անել: Նա չարամիտ մարդ չէ: Ընդհակառակը, շատ բարի է: Ինձ հաճախ ազնվորեն ասում էր, որ կյանքում երկու բան է ուզում` անուն սարքել եւ հարստանալ: Փառքի նա Մոսկվայում հասավ, իսկ փող նա եւ Երեւանում է ունեցել: Ես նրան «Անի» հյուրանոցում երգելու հնարավորություն էի տվել, եւ նա շատ գոհ էր: Փող ուներ, անուն էր սարքում: Պարզապես հանկարծ արտասահման մեկնել ցանկացավ: Եվ այն ժամանակ երբ դա չստացվեց, վիրավորվեց: Իսկապես վիրավորական է, երբ տեսնում ես, որ քեզանից շատ ավելի թույլ երգչուհիները հաճախ արտասահման են գնում, իսկ քեզ բանի տեղ չեն դնում»:
Կոնստանտին Օրբելյանի զգուշությունը նույնպես հասկանալի էր. Դոլինան կարող էր որոշել իր կարիերան արտասահմանում կառուցել, քանի որ նա շատ ընդունակ երգչուհի էր: Սակայն միշտ էլ, երբ ըստ արժանվույն չես գնահատվում, նեղսրտում ես: Եվ եթե պարզ էր, որ Լարիսա Դոլինան Հայաստանի էստրադային նվագախմբի կազմում լինելով չի կարող շրջագայել, ապա նվագախամբում նրան ընդհանրապես չընդգրկելն ավելի ազնիվ կլիներ: