ԼՂՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վահրամ Աթանեսյանն անդրադարձել է դեպքերին նախորդած մի քանի իրադարձություններին:
Նրա խոսքերով, 1991թ. հունվարի 14-ին Ադրբեջանի Գերագույն խորհրդի որոշմամբ` լուծարվել է Շահումյանի շրջանը, որի բնակչության 80 տոկոսից ավելին հայեր էին, այն Ադրբեջանի Կասում-Իսմայիլովի շրջանի հետ միասին մտել է նոր կազմավորված վարչական միավորի կազմ, որն անվանվել է Գերամբոյի շրջան:
Մարտի 16-ին Մոսկվայում տեղի է ունեցել Խորհրդային Միության նախագահ Մ.Գորբաչովի եւ Թուրքիայի նախագահ Թ.Օզալանի հանդիպումը, որի ընթացքում վերավավերացվել է 1921թ. Մոսկվայում ստորագրված ռուս-թուրքական եղբայրության եւ բարեկամության մասին պայմանագիրը: Նույն ժամանակ Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու Խորհրդային Միության պահպանման հարցով միութենական հանրաքվեին`ապահովելով կողմ քվեարկության բարձր տոկոս, որի դիմաց խորհրդային իշխանություններից ստացել է Լեռնային Ղարաբաղի եւ հարակից Շահումյանի շրջանի Գետաշենի ենթաշրջանի հայ բնակչության դեմ ռազմագործողություններ սկսելու եւ բռնություններ կիրառելու պաշտոնական թույլտվություն:
«Այդպիսով Խորհրդային Միության եւ Թուրքիայի համաձայնությունների արդյունքում ի վնաս Խորհրդային Միության պահպանման հարցով Հայաստանի կողմից հանրաքվե չանցկացնելու ընդունած որոշման, Խորհրդային Միությունը ձեռնամուխ է եղել ԼՂ հայ բնակչության դեմ ահաբեկչական գործողությունների, ինչի վկայությունն է 1991թ. ապրիլի 6-ին Խորհրդային Միության ներքին գործերի նախարարի տեղակալ, ներքին զորքերի հրամանատար Բորիս Գրոմովի գաղտնի այցը Ղարաբաղ, եւ նրա հանդիպումը Վիկտոր Պոլյանիչկոյի հետ: Այս երկու պաշտոնատար անձանց միջեւ այդ օրը Ստեփանակերտում ձեռքբերված համաձայնությամբ, ապրիլի 30-ի լույս գիշերը Կիրովաբադում տեղակայված խորհրդային 4-րդ բանակի ստորաբաժանումները լրիվ կազմով շրջափակել են Գետաշենը: Այդ օրը ՀՀ Գերագույն խորհուրդը դիմում է հղել աշխարհի բոլոր երկրներին, միութենական հանրապետությունների խորհրդարաններին` կոչ անելով ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները` հայ ժողովրդի դեմ ագրեսիան կանխելու համար: Ի պատասխան ՀՀ եւ ԼՂՀ դե ֆակտո իշխանությունների կոչերին, Խորհրդային Միության կենտրոնական իշխանությունները ոչ միայն չեն ձեռնարկել պաշարումը վերացնելու քայլեր, այլեւ արգելել են նույնիսկ սանիտարական ուղղաթիռների թռիչքը Գետաշեն, Շահումյան եւ Բերդաձոր: Մայիսի 2-3-ին միայն ԽՄ զինված ուժերի ռազմական ուղղաթիռները Ստեփանակերտ են հասցրել գետաշենցի 700 բռնատեղահանվածների, իսկ մի ստվար խումբ` զինված ուժերի ուղեկցությամբ տարվել է ՀՀ եւ Ադրբեջանի սահմանը եւ հասցվել Հայաստան»,- մամուլի ասուլիսի ժամանակ փաստել է Վ. Աթանեսյանը:
Մայիսի 6-ին լիովին բռնատեղահանվել են Գետաշեն եւ Մարտունաշեն գյուղերը, որտեղ այդ պահի դրությամբ ապրում էր 4 հազարից ավելի խաղաղ բնակչություն: Իսկ 1991-ի մայիսի 15-ին Ադրբեջանի կառավարությունը որոշում է ընդունել Բաքվում, Սումգայիթում եւ Գանձակում նախկինում հայերին պատկանած բնակարաններում ապրող 5 հազար ադրբեջանցիներին Գետաշենում վերաբնակեցնելու մասին: «Հայրենիք» խմբակցության անդամ Արթուր Թովմասյանի խոսքերով, Ղարաբաղն ունի բավականին ուժ ու կարողություն` դեպքերի նման զարգացում թույլ չտալու համար:
Իսկ «ՀՅԴ-Շարժում 88» պատգամավորական խմբի ղեկավար Արմեն Սարգսյանի կարծիքով, հիմա, երբ աշխարհը դատապարտում է բոլշեւիկյան բռնատիրական կարգերը, «չենք կարողանում հասնել հենց այդ կարգերի կիրառման արդյունքում 1921 եւ 1991 թթ. Ղարաբաղում տեղի ունեցած դեպքերի դատապարտմանը»: «Անկախ այն բանից, թե Ադրբեջանում ինչ քաղաքական ուժեր են եկել իշխանության գլուխ, նա վարել է նույն հայահալած եւ հայասպան քաղաքականությունը, որի դրսեւորումներից մեկը Գետաշենի դեպքերն են»,- այս կարծիքն է արտահայտել Ա. Սարգսյանը, որը միաժամանակ կարծում է, որ դասեր քաղելով անցյալից, այսօր անհրաժեշտ է գործել առավել միասնական: «Եթե մեր տղաները դաշտում նման հերոսական սխրանքներ են գործել, ապա այսօր նրանց ընկերների հերթական սխրանքը դիվանագիտության ասպարեզում պետք է լինի»,- ասել է Ա. Սարգսյանը:
Պատասխանելով այս տարվա փետրվարին ԼՂՀ ԱԺ-ում ստեղծված Հյուսիսային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված բռնությունների ուսումնասիրման հանձնաժողովի կատարած աշխատանքների մասին հարցին, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վ. Աթանեսյանն ասաց, որ հանձնաժողովը որոշ կազմակերպական աշխատանքներ է կատարել եւ այդ կարճ ժամանակաընթացքում հնարավոր չէր այդ ամբողջ նյութն ամփոփել: Նա հույս հայտնեց, որ մինչեւ հանձնաժողովի լիազորությունների ժամկետի ավարտը` դեկտեմբերի 31-ը, հանձաժողովը կհասցնի ԱԺ ներկայացնել ամփոփ փաստաթուղթ, որն ԱԺ-ն կհասցեագրի բանակցող կողմերին եւ իր հնարավորությունների սահմանում այդ մասին տեղյակ կպահի նաեւ այլ երկրների խորհրդարաններին:
Պարոն Աթանեսյանի հավաստմամբ, ԼՂՀ Ազգային ժողովի խումբ-խմբակցությունները մտադիր են առաջիկայում անցկացնել խորհրդարանական ծավալուն լսումներ` դրանց մասնակից դարձնելով դեպքերի անմիջական ականատեսների, ինչպես նաեւ «Կոլցո» ռազմագործողությունից տուժած անձանց: