Անգլիայի առաջնությունում չեմպիոնության հարցը ժամկետից շուտ որոշվեց։ Երկրորդ տարին անընդմեջ այս երկրի չեմպիոն դարձավ «Չելսին»։ «Արիստոկրատների» հաջողությունը որոշ ժամանակով կարող էր հետաձգել «Մանչեսթեր Յունայթեդը», որը վերջին տուրում ուժերը չափում էր հենց առաջատարի հետ։ Սակայն «Չելսին» սեփական հարկի տակ 3-0 հաշվով փայլուն հաղթանակ տարավ։ 36 խաղից հետո թիմն ունի 91 միավոր։ Մոտակա մրցակիցը՝ երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթերը» նրանից ետ է մնում 12 միավորով, իսկ առաջնության ավարտին այս թիմերի համար մնացել է ընդամենը 2 խաղ։
Հաջորդ մրցաշրջանում «Չելսին» կաշխատի երրորդ անգամ կրկնել հաջողությունը ներքին առաջնությունում, ինչպես նաեւ կփորձի նվաճել Եվրոպայի գլխավոր մրցաշարի՝ Չեմպիոնների լիգայի հաղթողի կոչումը։ «Մենք պետք է հաղթենք գոնե այն պատճառով, որ մեր ակումբը երբեք այդպիսի հաջողության չի հասել։ Մեզ ընդամենը մի քիչ հաջողություն է պետք կարեւոր խաղերի վճռորոշ պահերին։ Սակայն դա չի նշանակում, որ մենք մոռանալու ենք Անգլիայի առաջնության մասին։ Մենք պաշտպանելու ենք չեմպիոնական տիտղոսը։ «Մանչեսթերը», «Լիվերպուլը» եւ «Չելսին» շատ ավելի տիտղոսակիր են, քան «Չելսին», եւ դա այդ թիմերի մշտապես հաղթելու հիմնական շարժառիթն է»,- ասել է «Չելսիի» պորտուգալացի մարզիչը՝ Ժոզե Մոուրինյոն։
Իսկ նրա թիմին այդ հարցում կօգնի ամենատաղանդավոր հարձակվողներից մեկը՝ գերմանացի Միխայիլ Բալլաքը։ «Բավարիայի» հարձակվողն արդեն պայմանագիր է կնքել «Չելսիի» հետ եւ հաջորդ մրցաշրջանում հանդես կգա արիստոկրատների կազմում։ Այդ մասին հայտարարել է «Բավարիայի» նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն։ «Կարծում եմ՝ դա արդեն կատարված փաստ է։ Պաշտոնապես ոչինչ չի հայտարարվել, սակայն ենթադրում եմ, որ գործն արված է», – ասել է Ռումենիգեն։
Նշենք, որ Բալլաքի պայմանագրի ժամկետը «Բավարիայի» հետ ավարտվում է ամռանը, որից հետո նա կստանա ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ։ Դա նշանակում է, որ «Չելսին» Բալլաքին ձեռք է բերում առանց գումար ծախսելու։