Իտալական «Ա» սերիայի առաջնությունում չեմպիոնական կոչման համար լարված պայքար է գնում։ Առաջատարը «Յուվենթուսն» է, որը մրցաշրջանի ավարտից 2 տուր առաջ ունի 85 միավոր։ Սակայն նրան կրնկակոխ հետապնդում է «Միլանը», որը Չեմպիոնների լիգայում անհաջողության մատնվելուց հետո ամեն ինչ անելու է առանց մրցանակի չմնալու համար։ Միլանցիներն առաջատարին զիջում են երկու միավորով եւ անհամբերությամբ սպասում նրա սայթաքելուն։
«Ա» սերիայի վերջին տուրում երկու թիմերն էլ ամեն ինչ արեցին միավորներ չկորցնելու համար։ «Յուվեն» արտագնա խաղում 3-0 հաշվով պարտության մատնեց «Սիենային» (գոլերը խփվել են առաջին 10 րոպեների ընթացքում), իսկ «Միլանը» սեփական հարկի տակ 2-0 հաշվով առավելության հասավ «Լիվորնոյի» նկատմամբ։ Խաղից հետո, ի տարբերություն «Յուվենթուսի» մարզիչ Ֆաբիո Կապելլոյի, «Միլանի» մարզիչը ներկայացավ մամուլի ասուլիսին եւ հաճույքով պատասխանեց լրագրողների հարցերին։ «Մենք գիտեինք, որ կարող ենք հաղթանակ տանել, չնայած դա հեշտ չէր։ Սակայն սկուդետտոյին հավակնելու համար մենք պետք է հաղթենք եւ՛ «Պարմային», եւ՛ «Ռոմային»։ Դեռ ոչինչ վերջացած չէ։ Եվ պետք չէ հիմա ուրախանալ, որ մենք այսպես թե այնպես կգրավենք երկրորդ տեղը եւ հաջորդ տարի «Չեմպիոնների լիգային» կմասնակցենք խմբային փուլից», – հայտարարել է Կառլո Անչելոտտին։
Հարկ է նշել, որ վերջին երկու տուրերում «Յուվենթուսին» համեմատաբար հեշտ մրցակիցներ են մնացել։ Մայիսի 7-ին թուրինցիները սեփական հարկի տակ կմրցեն «Պալերմոյի», իսկ մայիսի 14-ին` արտագնա խաղում՝ «Ռեջինայի» հետ։ Եթե «Յուվեն» հանկարծ պարտություն կրի, իսկ «Միլանը» կարողանա հաղթել «Պարմային», ապա թիմերի միավորները կհավասարվեն, իսկ խփած եւ բաց թողած գոլերի հարաբերակցությամբ առաջին տեղ դուրս կգա Անչելոտտիի թիմը։ Նշենք, որ առաջնության ընթացքում «Յուվենթուսը» միայն մեկ անգամ է պարտություն կրել, այն էլ՝ իր հիմնական հակառակորդ «Միլանից»։ Ամեն դեպքում, վերջին երկու տուրերում այս թիմերն ամեն ինչ կանեն հաղթանակ տոնելու համար։