Ամերիկայի հայկական համագումարի տեղեկացմամբ` ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերին սատարող խմբի անդամները հորդորել են նախագահ Ջորջ Բուշին` պաշտոնապես քննադատել Ադրբեջանի՝ պատերազմ հրահրելու սպառնալիքները եւ Հայաստանի եւ ԼՂՀ դեմ ուղղված այլ գործողությունները: «Ադրբեջանի պաշտոնյաները հետեւողականորեն սպառնում են պատերազմով եւ խրախուսում հակահայկական անհանդուրժողականություն: Արհամարհելով միջազգային քննադատությունը, նախագահ Ալիեւը պարբերաբար հայտարարում է, որ Ադրբեջանը կարող է նոր ռազմական գործողություններ սկսել ԼՂՀ դեմ, եւ որ ինքը «սառը պատերազմ» է վարում Հայաստանի դեմ, ընդ որում, շարունակվող բանակցություններն ընդամենը միջոց են՝ հասնելու հայերի կողմից զիջումների»,- ասված է Ջորջ Բուշին կոնգրեսականներ Ջո Նոլենբերգի, Ֆրենկ Փալոնի, Ջորջ Ռադանովիչի եւ Ադամ Շիֆի հղած նամակում: Նամակում կոնգրեսականներն ԱՄՆ նախագահի ուշադրութունն են հրավիրում Ադրբեջանի ռազմական բյուջեի կրկնապատկմանը, Թուրքիայի օգնությամբ Հայաստանը շրջանցող երկաթուղու կառուցմանը, ինչպես նաեւ` Նախիջեւանում հայկական խաչքարերի ոչնչացման փաստին: