Հանրային հեռուստառադիոընկերության նախագահ Ալեքսան Հարությունյանը հայտարարել էր, թե ամեն անգամ, երբ «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը հեռուստաեթերում երեւում է, նա կորցնում է իր` առանց այն էլ փոքր թվով ընտրազանգվածը: Երեկվա հանրահավաքի ժամանակ Ա. Կարապետյանը, դիմելով Ալեքսան Հարությունյանին, ասաց. «Տրամադրեք ինձ եթեր, եւ թող ես կորցնեմ իմ ունեցած ձայներն ամբողջությամբ եւ դուրս գամ քաղաքական դաշտից»: Արդյոք այդքանից հետո ՀՌԸԽ նախագահ Ալեքսան Հարությունյանը եթեր կտրամադրի՞ ՆԺ նախագահին: «Ընտրությունների ժամանակ, երբ սկսվի ընտրարշավը, ապա համաձայն ԿԸՀ սահմանած կարգի եւ ժամանակացույցի` բոլոր կուսակցություններին էլ եթեր կտրամադրվի»,- մեր թղթակցի հարցին ի պատասխան` երեկ ասաց պրն Հարությունյանը: Իսկ նախընտրական քարոզարշավից դուրս եթեր տրամադրելու մասին Ա. Հարությունյանն ասաց. «Ֆիրդուսնոց չէ, որ բան տան, բան վերցնեն»: «Ես խմբագրական ազատություն ունեմ եւ ես ինքս եմ որոշում` ինչը տալ եթեր, ինչը` ոչ: Ես ինքս գիտեմ, թե իմ հեռուստադիտողին ինչն է հետաքրքրում: Եվ ոչ մեկը չի կարող իմ խմբագրական ազատությունը սահմանափակել»,- հայտարարեց նա` ավելացնելով, որ դա վերաբերում է ինչպես ընդդիմադիր, այնպես էլ` իշխանամետ կուսակցությունների ներկայացուցիչներին:
Ա.Գ.