Իսկ «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, ով նախկինում ընդդիմության հրավիրած հանրահավաքներին անձրեւի տակ հրաժարվում էր ելույթ ունենալ եւ անձրեւանոցը ձեռքին անմիջապես գնում, պատսպարվում էր Մատենադարանին հարող կամարների տակ, երեկ իրենց կուսակցության նախաձեռնած միտինգի ժամանակ չափսոսեց անգամ իր թանկարժեք կոստյումը: Ու առանց անձրեւանոցի ելույթ ունեցավ: Արդյունքում, ՆԺԿ նախագահը ոտքից գլուխ մի լավ թրջվեց: Թեեւ, ինչպես հետո ասաց պարոն Կարապետյանը, հանուն հեղափոխության, թող այս մի կոստյումն էլ փչանա, իսկ ինքը թող մի անգամ էլ հիվանդանա:
Իսկ երեկվա հանրահավաքն ուղղված էր ուժային կառույցների ու մասնավորապես Ազգային անվտանգության ծառայության դեմ: Պետք է նկատենք, որ վերջին շրջանում Արամ Կարապետյանի քննադատության թիրախում է հայտնվել հատկապես ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը: «ՆԺ» առաջնորդը դա բացատրում է այն հանգամանքով, որ իրավապահներն ու հատկապես ԱԱԾ աշխատակիցները ոչ միայն սկսել են հետաքրքրվել իր անձնական կյանքով, այլեւ ակտիվ միջամտություն են ցուցաբերում քաղաքական գործընթացներին: Բայց, այնուամենայնիվ, այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե ընդդիմադիր Արամ Կարապետյանի պայքարը ոչ թե Ռոբերտ Քոչարյանի, ոչ թե երկրում տիրող անօրինականությունների, այլ անձամբ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի դեմ է: Եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ ամիսներ առաջ ՀՀ նախագահական նստավայրում հայտնաբերված «ժուչոկներից» հետո Ռ. Քոչարյանի եւ Գ. Հակոբյանի հարաբերությունները, մեղմ ասած, այլեւս այն չեն, ապա տպավորություն է ստեղծվում, որ ԱԱԾ տնօրենի դեմ իր քայլերով Կարապետյանը ջուր է լցնում Քոչարյանի ջրաղացին: Իհարկե, ինքը` պարոն Կարապետյանը երեկ լրագրողներին հակառակն էր համոզում: «Մեր խնդիրն Ազգային անվտանգության ծառայության հետ չէ, սա անհրաժեշտ ծառայություն է: Բայց ինչքա՞ն պիտի հասցնեն, որ քաղաքացիները գան ու այդ ծառայության դեմ ակցիա անեն, ինչքա՞ն պետք է ոչ պրոֆեսիոնալ լինեն, ինչքա՞ն պետք է այս վիճակին հասցնեն, որ ակցիա անենք, մենք հո լավ կյանքի՞ց չէ, որ ելել-հասել ենք այստեղ»,- իր քայլերը փորձեց հիմնավորել «ՆԺ» նախագահն` ավելացնելով. «Ուժային կառույցն իրավունք չունի միջամտել քաղաքականությանը, մենք միշտ ասել ենք, նամակներ ենք հղել, Եվրոպայի խորհրդին ենք դիմել, սրան ենք դիմել, նրան… Մի անգամ եկեք տղամարդավարի հավաքվենք, մեր կարծիքը հայտնենք»: Ուժային կառույցները ՀՀ ներքաղաքական կյանքին խոչընդոտելու համար քննադատելուց հետո Ա. Կարապետյանը սահուն անցում կատարեց դեպի իր սիրած գեոպոլիտիկ թեմաները: Եվ երեկ նա հատուկ կրկնեց այն միտքը, որ ՀՀ ապագան ինքը տեսնում է ՌԴ-ի հետ: «Ես կամ եւ մնում եմ Ռուսաստանի հետ ամենասերտ դաշնակցության կողմնակիցը: Եվ ես մնում եմ այդ գաղափարին, ինչքան էլ ինձ հայհոյեն: Ես շատ լավ գիտեմ, որ մեր փրկությունը մնում է ՌԴ-ի հետ ամենասերտ դաշնակցությունը»,- հերթական անգամ իր անսահման ռուսամետությունն ու ռուսահպատակությունն ի ցույց դրեց Ա. Կարապետյանը: Բայց եւ ավելացրեց, որ իր անսահման ռուսամետությունը չի նշանակում, թե պետք է արեւմուտքի հետ խզենք մեր կապերը:
Ի դեպ, մամուլում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը, ըստ ՆԺԿ նախագահի, պատրաստակամություն էր հայտնել եթեր տրամադրել իրեն: Բայց նա նաեւ հավելել էր, որ ամեն հեռուստաելույթից հետո Ա. Կարապետյանն ավելի ու ավելի է կորցնում իր առանց այն էլ փոքր ընտրազանգվածը: «Պարոն Հարությունյան, կոչ եմ անում ձեզ, հենց այսօր տրամադրեք ինձ եթեր, եւ թող ես կորցնեմ իմ ունեցած ձայներն ամբողջությամբ եւ դուրս գամ քաղաքական դաշտից»,- կոչ արեց Ա. Կարապետյանը: Եվ եթե մինչեւ մայիսի կեսերն Ալեքսան Հարությունյանն իր խոստմանը տեր չկանգնի ու Ա. Կարապետյանին եթեր չտրամադրի, ապա վերջինս պատրաստվում է հաջորդ հանրահավաքն անցկացնել Նորքի բարձունքում` Հանրային հեռուստառադիոընկերության շենքի մոտ:
Մատենադարանից հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի ոստիկանություն եւ Ազգային անվտանգության ծառայություն: Ոստիկանության մոտ հանրահավաքի մասնակիցները մի քանի րոպե նրանց դեմ «Դո՛ւրս քաղաքականությունից» կոչերով բողոքի ցույց արեցին: Եվ Ոստիկանության շտաբի պետի տեղակալ գնդապետ Մինասյանին հանձնեցին հանրահավաքի մասնակիցների կողմից ընդունված ուղերձը: Իսկ Ազգային անվտանգության շենքի մոտ բողոքի ակցիան ավելի ագրեսիվ ընթացավ: Ցույցի մասնակիցները ոչ միայն վանկարկում էին` «Դուրս քաղաքականությունից, ամոթ-ամոթ», այլեւ ԱԱԾ շենքի մոտ շուրջ 10-15 րոպե շարունակ սուլիչներով սուլում էին: Ի դեպ, ՆԺ նախագահը միտինգավորների հետ նախապես պայմանավորվել էր, որ այդ կոչերից բացի, ԱԱԾ-ի մոտ պետք է վանկարկեին «Գորիկ, հեռացիր»: Սակայն Արամ Կարապետյանն այդ հարցում իր խոստման տերը չեղավ: Ինչպես հետո ասաց լրագրողներին` անհարմար գտավ 60-ն անց մարդուն այդպիսի անհարմար վիճակի մեջ դնել: Հանրահավաքի մասնակիցների անունից եւս մեկ ուղերձ էլ հանձնվեց ԱԱԾ-ի պաշտպանության բաժնի պետ, փոխգնդապետ Հարությունյանին:
Պետք է նկատենք, որ հանրահավաքի մասնակիցների թիվը բավական քիչ էր` հազիվ 500 մարդ էր հավաքվել: Բայց Արամ Կարապետյանի խոսքերով, ինքն ի սկզբանե խնդիր էր դրել երեկվա հանրահավաքին հենց այդքան մարդ հավաքել: «Քանի որ երթ պետք է տեղի ունենար, ընդ որում` մայթերով պետք է քայլեինք, դրա համար էլ եկել է հենց այնքան մարդ, որքան անհրաժեշտ է երթի համար,- մեր դիտարկմանն ի պատասխան` հանրահավաքի մասնակիցների թվի քչությունն այսպես մեկնաբանեց նա` ավելացնելով,- եթե անհրաժեշտություն տեսնենք փողոց փակելու, նախապես մասնակիցների թիվ կհայտարարենք ու հետո էլ կտեսնեք, որ այդքան մարդ կհավաքենք»: «Նոր Ժամանակների» հաջորդ հանրահավաքը տեղի կունենա արդեն մայիսի կեսերին:
Հ.Գ. «Մենք համոզված ենք, որ օրենքի ողջ խստությամբ պատժի կենթարկվեն բացարձակապես ՀՀ-ի շահերի համար ծառայողական երդում ընդունած, բայց իրականում Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ նրանց շահերը սպասարկող քաղաքական այլեւայլ խմբերի կլանային նկրտումները պաշտպանող ուժային կառույցների բոլոր պաշտոնյաները՝ հակասահմանադրական հրամաններ արձակողներից մինչեւ դրանց իրականացնողները». երեկ Մատենադարանի մոտ «Նոր Ժամանակներ» կուսակցության նախաձեռնած հանրահավաքի ժամանակ այսպիսի բովանդակությամբ ուղերձ է պատրաստվել: Հետո հանրահավաքի մասնակիցներն այդ ուղերձը փոխանցել են ՀՀ ոստիկանությանն ու Ազգային անվտանգության ծառայությանը, որոնց մոտ նրանք նաեւ բողոքի ակցիա են իրականացրել: Չնայած սրան, հանրահավաքին հաջորդած երթի մասնակիցներին ուղեկցող ոստիկանները նրանց նկատմամբ ոչ միայն կոպիտ չէին, այլեւ անսահման ուշադիր էին ու հոգատար: