Քաղաքական գործիչները չեն հասկանում, թե ինչ են ուզում: Նման կարծիք հայտնեց ՄԱԱ երեկվա հյուրը` «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Եվ ըստ նրա, եթե իշխանության դեպքում պասիվ խնդիրը` իշխանությունը պահել, կատարվում է, ապա ընդդիմության ակտիվ խնդիրը` իշխանությունը վերցնելը կամ ժողովրդին վերադարձնելը, չի կատարվում: «Քաղաքական գործիչն ասում է, որ գնայինք Բաղրամյան, մեզ կծեծեին. մարդը մտել է քաղաքականություն ու ամենավճռական պահին է հասկանում, որ կարող է եւ ծեծեն»,- նշեց Ն. Փաշինյանը: Անդրադառնալով ընդդիմության «գործուն զղջացող» գործիչներին, «ՀԺ» խմբագիրն ասաց. «ուզում ես ծիծաղել այդ գործիչների վրա»: Նա նաեւ նշեց, թե եթե լրագրողները «չբզեն»` քաղաքական գործիչները տեղից չեն շարժվի: «Պատգամավորների մեծ մասը գնում է խորհրդարան, որ անարգել քնի: Եթե լրագրողները չլինեն, աթոռները կհավաքեն, «լեժանկաներ» կփռեն ու կքնեն: Բա պետք է «բզենք», արթնացնենք, ստիպենք, որ աշխատեն, հետո եթե չաշխատեն` տրորենք-անցնենք»,- նշեց բանախոսը: «ՀԺ»-ի խմբագիրը քաղաքական եւ լրատվական դաշտում ազնվության պակաս է տեսնում: Ըստ նրա, երբ լսում ես քաղաքական գործիչների ելույթները, թե՛ ընդդիմությունից, թե՛ իշխանությունից, զգում ես, որ ինչ-որ ձեւով ուզում են խաբել, «ֆռռացնել»: Ն. Փաշինյանն այսօր քաղաքական դաշտում չի տեսնում այնպիսի մի գործչի, ով ինքն իր ասածի մեջ ազնիվ է: «ՀԺ»-ի գլխավոր խմբագիրը կարծում է, որ Հայաստանում պակասում են այն քաղաքական գործիչներն, ովքեր իրենց առաքելությանը փիլիսոփայական, հոգեւոր մոտեցում կցուցաբերեն: Ի դեպ, Փաշինյանն այն կարծիքին է, որ այսօր իրեն հարգող ցանկացած թերթի խմբագիր զբաղվում է քաղաքական գործունեությամբ, եւ իրեն հարգող ցանկացած լրագրող զբաղվում է քաղաքական գործունեությամբ: «Այլ բան, որ դա ձեւերի խնդիր է, արդյունավետության խնդիր է»,- նշեց նա: Իսկ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն իր անդամակցության մասին լուրերին, «ՀԺ» խմբագիրը նշեց, թե դա անհնար է: «Դա բացառվում է, հասկանո՞ւմ եք: Այդպիսի բան չի կարող լինել: Բայց ինչքա՞ն կարելի է նույն բանն անընդհատ կրկնել: Ես Վիկտոր Դալլաքյանը չեմ, որ ասեմ` գիտե՞ք, դե ծրագիր է, դեռ ծանոթանում եմ, կարող է դուրս գալ»,- հավելեց «ՀԺ» գլխավոր խմբագիրը: Վերջինս նաեւ կարծիք հայտնեց, թե հասարակության մեջ մի տեսակ զգուշավորություն կա օլիգարխների հանդեպ: Ըստ Փաշինյանի, այդ զգուշավորությունը պետք է վերացնել եւ պետք է հստակ ասել, որ թալանով հարստություն կուտակածները պետք է պատժվեն: «Մենք իրենց պիտի ասենք, որ ձեր սերունդները չեն վայելելու ձեր գողացածը: Մենք պետք է իրենց հստակ ասենք, որ ամենքին դնենք իրենց տեղն ընդհանրապես: Արդեն այնպիսի տպավորություն է, որ իրենք այս երկրում ում ուզեն կառնեն, ում ուզեն կծախեն, ում ուզեն բարեկեցություն կնվիրեն, ում ուզեն բարեկեցությունից կզրկեն, ում ուզեն կբերեն իշխանության, ում ուզեն կտանեն իշխանությունից: Այդպես չէ»,- պնդում է նա: «ՀԺ» գլխավոր խմբագրի խոսքերով` «ՀԺ»-ն ազատ եւ անկախ թերթ է, նախորդ տարի էլ ութ միլիոն դրամի շահույթ է ունեցել: