Էրդողանը գնում է Բաքու

04/05/2006

Մայիսի 5-ին մեկօրյա այցով Բաքու է ժամանելու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը: Թուրքիայի վարչապետն Ադրբեջան է ժամանելու մայիսի 4-5-ը Բաքվում կայանալիք Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթաժողովին մասնակցելու նպատակով: Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ ՏՀԿ-ի գագաթաժողովին մասնակցելու է նաեւ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը, ով երկկողմ հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ գագաթաժողովի մասնակից պատվիրակությունների ղեկավարների հետ: Տեղեկացնենք, որ Տնտեսական համագործակցության կազմակերպությունը ստեղծվել է 1985 թվականին եւ Թուրքիայի, Իրանի եւ Պակիստանի նախաձեռնությամբ 1977 թվականին ստեղծված Տարածաշրջանային համագործակցության եւ զարգացման կազմակերպության իրավահաջորդն է: 1992 թվականին ՏՀԿ-ին միացան Ադրբեջանը, Աֆղանստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը եւ Ուզբեկստանը: