Ռոբինսոնին համոզել են

04/05/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Ըստ Համաշխարհային բանկի եւ Վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի միջեւ երեկ կնքված դրամաշնորհային համաձայնագրի, գազի եւ ջերմամատակարարման ծառայությունների մատչելիությունը բազմաբնակարան շենքերի աղքատ բնակչության համար բարելավելու նպատակով տրամադրվելու է 3,1 մլն ԱՄՆ դոլար։

Ծրագիրը ֆինանսավորում է «Արդյունքահեն օգնության գլոբալ գործընկերությունը», որը հիմնադրվել է 2003թ. Մեծ Բրիտանիայի Միջազգային զարգացման դեպարտամենտի եւ Համաշխարհային բանկի (ՀԲ) կողմից։ Ինչպես նշեց ՀԲ արտաքին կապերի պատասխանատու Վիգեն Սարգսյանը, Հայաստանն առաջին երկիրն է, որն այս կազմակերպության կողմից նման դրամաշնորհ է ստանում։

ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Ռոջեր Ռոբինսոնի հաշվարկներով, ծրագրի շահառուների թիվը կկազմի մոտ 8000 ընտանիք։ Նշենք, որ այս ծրագիրն ընթանալու է 2005-ի հունիսին ՀԲ-ի կողմից հաստատված Քաղաքային Ջերմամատակարարման ծրագրին զուգահեռ։ Այդ ծրագրի «Կապիտալ դրամաշնորհներ աղքատների համար» բաղադրիչով անցյալ տարի հատկացվել էր եւս 3 մլն դոլար։ «Երկու ծրագրի արդյունքում մոտ 85 հազար հոգի կունենան բավարար ջեռուցում»,- ասաց պրն Ռոբինսոնը։

Դրամաշնորհ ստանալու իրավասությունը որոշվելու է աղքատության ընտանեկան նպաստի համակարգի հիման վրա, որով պրն Ռոբինսոնը պարզապես հիացած է. «Սոցապ նախարարությունը լավագույնս է ընտրել այն մարդկանց, ովքեր օգտվելու են այս ծրագրից»։ Իսկ ի՞նչ մեխանիզմով է իրականացվելու կարիքավոր անձանց օգնությունը։ «Գազի ծախսերը չեն վճարվելու։ Մենք իրականացնելու ենք միայն կապիտալ ֆինանսավորում»,- նշեց Էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը։ Դրամաշնորհները տրամադրվելու են անհատական գազի վառարան գնելու, գազային ցանցին միանալու համար, կամ տրամադրվող գումարով կատարվելու է տեղային կաթսայատանը բնակարանի միացման ծախսը։

Որքան էլ պրն Ռոբինսոնը ձգտում էր խուսափել իր համար անցանկալի՝ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկին վերաբերող հարցերից, այդ թեման, այնուամենայնիվ, շոշափվեց։

«Հիմնվելով կառավարության անդամների՝ ինձ ներկայացված փաստարկների վրա, կարող եմ ասել, որ սա շատ շահավետ գործարք էր (5-րդ բլոկը ռուսներին հանձնելը.-Բ.Թ.)։ Կարծում եմ, եթե ներկա գտնվող լրագրողներին ներկայացվեն նույն փաստարկները, որոնք ներկայացվեցին ինձ, ապա բոլորն էլ ինձ հետ համաձայն կլինեն»,- նշեց պրն Ռոբինսոնը։

Հետաքրքիր է՝ ի՞նչ փաստարկներ են ներկայացվել պրն Ռոբինսոնին, եւ դրանք որքան են տարբերվում նրանցից, որոնք մեր իշխանության ներկայացուցիչները, իրենք իրենց չհավատալով, ներկայացնում են հանրությանը։

ՀԲ ղեկավարի տվյալներով, հաջորդ շաբաթ կառավարությունը պետք է հանրային քննարկում անցկացնի՝ այս գործարքի հետ կապված։ «Կառավարությունը հանդես է գալիս ժողովրդի անունից եւ պատասխանատվություն է կրում։ Պատշաճ կլինի, որ այդ հարցը քննարկվի հասարակության հետ»,- ասաց պրն Ռոբինսոնը։

Իհարկե, պատշաճության հարցը ոչ ոք կասկածի տակ չի դնում։ Սակայն այդ քննարկումն ի՞նչ օգուտ է տալու։ Գործարքն արդեն կատարված է, եւ դժվար թե հասարակական բացասական կարծիքի դեպքում (որն արդեն իսկ ակնհայտ է) այն չեղյալ հայտարարվի։ Միակ օգուտը կլինի այն, որ միգուցե մենք էլ իմանանք պրն Ռոբինսոնի նշած փաստարկների մասին, համոզվենք, որ շահավետ գործարք է եւ սրանից հետո հանգիստ քնենք։

Իսկ ինչպե՞ս է ստացվում, որ ՀԲ-ն դեմ չի արտահայտվում գազի թանկացումը մեղմելու «հայկական տարբերակին»։ Չէ՞ որ սույն կառույցը չի ողջունում պետության միջամտությունը տնտեսությանը եւ սուբսիդավորման տարատեսակ մեխանիզմներին։

Պրն Ռոբինսոնը շատ հետաքրքիր բացատրություն տվեց. «Գործարքի մյուս կողմը («Գազպրոմը».-Բ.Թ.) ավելի շատ ռեսուրսներ ունի, քան մենք՝ այս ծրագրի շրջանակներում։ Եվ եթե նրանք ցանկանում են հայ ժողովրդին օգուտ տալ, ապա դրանում ի՞նչ վատ բան կա»։ Պարզվում է, պրն Ռոբինսոնին համոզել են, որ ռուսները մեզ օգնել են։ Սակայն ոչ մի կերպ նման եզրակացության գալ չի ստացվում։ «Գազպրոմն», այսպես թե այնպես, 1 խմ գազի դիմաց ստանալու է իր 110 դոլարը, ի՞նչ տարբերություն՝ դրամո՞վ, թե՞ գույքի տեսքով։ Սուբսիդավորումը կատարվում է ոչ թե ռուսների, այլ մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտի օտարման հաշվին։

Պրն Ռոբինսոնը նորմալ է համարում նաեւ այն, որ Հայաստանի էներգետիկ հզորությունները գրեթե ամբողջությամբ կենտրոնանում են մեկ պետության՝ Ռուսաստանի ձեռքում. «Օրինակ Մեծ Բրիտանիայի ջրամատակարարումն իրականացնում են մի քանի արտասահմանյան ընկերություններ, դա նորմալ է»։

Հետաքրքիր զուգադիպությամբ նույն օրը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկում էր մայիսի մեկից ջրի սակագինը 125 դրամից 172,8 դրամ դարձնելու հայտը, որը ներկայացրել էր ֆրանսիական «Ժեներալ դեզ օ»-ին պատկանող «Երեւան ջուր» ընկերությունը։ Պրն Ռոբինսոնն այս մասին իմացավ լրագրողներից։

«Բացի այդ, մի մոռացեք, որ էներգակիրների մեծ մասը՝ գազը, միջուկային վառելիքը, գալիս են Ռուսաստանից։ Իսկ Հայաստանի միակ ռեսուրսը ջուրն է, որով աշխատում են ՀԷԿ-երը։ Գազի մասին խոսող յուրաքանչյուր ոք պետք է հասկանա այս իրողությունը»,- ասաց պրն Ռոբինսոնը՝ չմոռանալով նշել, որ ջուրն էլ առաջանում է ձյան հալոցքից, հետո լցվում գետերը եւ աշխատեցնում ՀԷԿ-երը…

Ահա այսպես։ Իհարկե, ներկա լրագրողներն այդ լուրից առանձնապես չզարմացան, քանի որ նրանց այդ մասին տեղեկացրել էին դեռ դպրոցում։ Ընդ որում, ոչ միայն ձյան, այլեւ անձրեւի արդյունքում առաջացող ջրի մասին։

Մեզ համար երեւի ավելի ճիշտ կլիներ գիտակցել, որ առաջին հերթին պետք է մեղադրենք ինքներս մեզ՝ նմանատիպ գործարքի իրականացումը թույլ տալու համար։ Իսկ Համաշխարհային բանկն ու միջազգային կառույցներն իրավունք ունեն խոսել եւ մեզ խորհուրդներ տալ, գոնե այն պատճառով, որ մեզ փող են տալիս։