Ասում է` ցրտահարություն չի եղել

04/05/2006

Գյուղատնտեսության նախարարությունից հավատացնում են, որ այս օրերին եւ հատկապես ապրիլի 27-ի գիշերը ջերմաստիճանի նվազումը ոչ մի վնաս չի հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին ու այգիներին: «Ոչ մի տեղ ցրտահարություն չի գրանցվել,- հավատացնում է գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը: -Ես Արարատի մարզում մի քանի գյուղերում գիշերը ջերմաչափ դնել եմ տվել, գրանցվել է 2, 3, 4 աստիճանի տաքություն, որը ցրտահարություն չի առաջացրել: Իսկ եկած ձյունը միանգամից հալվել է: Լեռնային շրջաններում հիմա աշնանացանն է միայն աճած, որը նույնիսկ 8-9 աստիճան սառնամանիքին դիմանում է»: Գալստյանի ասելով, անցած շաբաթ Լոռիում տեղացած կարկուտը վնաս չի հասցրել: Հիշեցնենք, որ հեռուստաընկերություններից մեկի ցուցադրած տեսանյութում Լոռու մարզպետարանի Գյուղատնտեսական վարչության աշխատակիցը պատմում էր, որ կարկուտը զգալի վնաս է պատճառել մարզի գյուղատնտեսությանը: «Դա ճիշտ չէ,- ասաց պարոն Գալստյանը։ -Անձրեւի հետ մի թեթեւ կարկուտ է գցել, որը վնաս չի տվել: Իսկ այսօրվա վիճակում ոչ մի տեղ ցրտահարություն տեղի չի ունեցել: Եթե վնաս էլ լիներ, դա կլիներ հեղեղումներից: Բայց ջերմաստիճանի նվազեցումը դանդաղեցրեց հալոցքը, ու դրա վտանգն էլ անցավ»: