Համակարգի մասնագետները վստահեցնում են, որ ապահովագրական համակարգն ածանցվում է երկրի տնտեսությունից եւ նույն տնտեսության հայելին է: Այսինքն, որքան զարգացած լինի երկրի տնտեսությունը, նույնքան լավ կգործի ապահովագրական համակարգը: Բայց եթե մեր տնտեսության տարբեր ոլորտներում ինչ-որ չափով գործում է այդ համակարգը, դա չի նշանակում, թե այդ ոլորտներն ավելի զարգացած են, քան գյուղատնտեսությունը: Այո, իսկապես, ինչ-որ հակասություն ստեղծվեց: Բայց վստահ ենք՝ համաձայն կլինեք, որ մեր թռչնաբուծության, գյուղատնտեսական ապրանքների վերամշակման կամ այգեգործության ոլորտները պակաս չեն զարգացած, քան, ասենք, բեռնափոխադրումը, որն ապահովագրվում է: Նույնիսկ կարելի է հակառակն ասել, գյուղատնտեսական արտադրությունը մեր երկրում ավելի լավ վիճակում է գտնվում, քան, ասենք, արդյունաբերությունը: Ուղղակի գյուղատնտեսությունը շատ ռիսկային ոլորտ է: Եթե տնտեսության մյուս բոլոր ճյուղերն ապահովագրական դաշտ բերելու համար հենց ապահովագրող ընկերություններն են շահագրգիռ, եւ մեծ ուրախությամբ մարդկանց կյանքն անշարժ գույքը կամ մեքենան կապահովագրեն, ապա գյուղատնտեսության դեպքում պատկերն այլ է. ներկա իրավիճակում մեր ընկերությունները շահագրգռված չեն, որ ապահովագրեն այդ ոլորտը: Եվ ոչ միայն: Գյուղացին նույնպես համաձայն չէ իր գրպանից «ավելորդ» գումարներ ծախսել:
«Լավ, ենթադրենք ես գյուղացու բերքը կարկուտից կամ երաշտից ապահովագրեմ,- ասում է մեր զրուցակից անդերռայտերը (ապահովագրական ոլորտի մասնագետ):
-Աշունը եկավ` մեր գյուղացին բերք չստացավ: Ես ինչպե՞ս համոզվեմ, թե ինքն իրոք ցանքս կատարել է, եւ ուղղակի երաշտի պատճառով է, որ բերք չի ստացել: Ես չեմ կարող այնքան գործակալներ պահել, որ ամբողջ Հայաստանով մեկ շրջեն եւ տեղեկանան, թե ինչ վիճակ է մեր գործընկեր գյուղացու մոտ: Միգուցե նա վատ սերմ է առել-ցանել եւ դրա համար էլ բերք չի ստացել, միգուցե պարարտանյութն է սխալ օգտագործել կամ էլ այլ պատճառներ կան»:
Մեր զրուցակիցը հավանաբար ուզում էր ասել, որ գյուղացին կարող է ամեն տարի ապահովագրել իր բերքը, սակայն ոչինչ չցանել եւ իրենցից էլ փոխհատուցում պահանջել: Հնարավոր է: Կամ էլ ինչո՞ւ ինքը հատուցի վատ սերմացու վաճառողի փոխարեն: Դա արդեն այլ՝ դատական համակարգում վիճարկվող հարց կլինի: Բայց նաեւ նա հակված չէր հարցը միակողմանի քննել: «Գիտեք, մեր գյուղատնտեսության գերակշիռ մասը գյուղացիական տնտեսությունների ձեռքում է,- ասում է մասնագետը: -Իսկ այդ խավը շատ անպաշտպան է: Եթե տարին բերրի է եւ գյուղացին լավ բերք ստանա, միեւնույն է, նա չի կարող դրանից մեծ շահույթներ ստանալ: Քաղաքում վերավաճառողներն ապրանքը ձեռքից վերցնում են: Այսօր մեր շուկաներում վաճառվող գյուղմթերքի գինը կրկնակի-եռակի անգամ բարձր է գյուղացու տված գնից: Եվ հետո, նա վաճառելու ժամանակ էլ չունի, հազիվ հասցնում է մշակել: Իսկ մշակման ծախսերն այնքան շատ են, որ ապահովագրության համար գումար չի մնում»:
Շուկայում մթերք հանձնող մի քանի գյուղացու հետ զրույցի ժամանակ հասկացանք, որ նրանք ապահովագրությանը չեն վստահում, դրա համար ծախսած գումարն աննպատակ են համարում: Չեն հավատում, որ ապահովագրական ընկերությունը կարկուտի տարած բերքի համար կփոխհատուցի: «Մեկ էլ տեսար կարկուտը գալիս է` սաղ ցանքսդ հողին է հավասարեցնում,- ասում է ապարանցի մածուն վաճառողը: -Տելեվիզրով լսում ենք, որ հանձնաժողով են կազմել, որ վնասները հաշվեն ու մեզ փոխհատուցում տան: Բայց ես էսքան տարի պետության փողի երեսը չեմ տեսել, հարեւաններս էլ չեն տեսել: Բա էդ ո՞նց են հատկացրել: Կարող է հատկացրել են, մեզ չի հասել: Պետությունը մի բան չի տալիս, քաղաքից եկած գալստուկով մարդը կտա՞»:
Պարզ է, որ անգամ այս անվստահության պայմաններում գյուղացին պետությանն ավելի շատ է վստահում, քան մասնավորին: Իսկ երբ խորհրդային ավանդների կորուստից անմիջապես հետո նորանկախ երկրի մասնավոր որոշ բանկերին պահ տված ավանդներն էլ կորան, փողի հարցում կորավ նաեւ գյուղացու վստահությունը ցանկացած մասնավոր կառույցի նկատմամբ: Ուրեմն ի՞նչ անել, ընդհանրապես մոռանա՞լ գյուղատնտեսության ապահովագրության մասին: «Նախ՝ գյուղատնտեսությունն ինքը պիտի այնպիսի զարգացման հասնի, որ ապահովագրումն անհրաժեշտություն դառնա,- ասում է մեր զրուցակից անդերռայտերը: -Եվ հետո մենք չենք կարող հիմք ընդունել մեր վիճակագրության նկարած թվերը: Խորհրդային տարիներին մեծ հաշվով վստահում էինք պետության ներկայացրած թվերին եւ գյուղատնտեսության վիճակի մասին լայն պատկերացում ունեինք: Այսօր գյուղապետերի տված թվերի վրա հիմնված վիճակագրությունը մեզ համար հիմք չի կարող լինել: Մենք չգիտենք, թե որ շրջանն է կարկուտից ավելի շատ տուժում կամ ցրտահարվում: Չկա մի այնպիսի միացյալ մեխանիզմ, որ գյուղատնտեսական ռիսկերի գնահատում կամ քարտեզագրում իրականացնի: Այստեղ արդեն անհրաժեշտ է պետության աջակցությունը: Իսկ օրենսդրական դաշտն այս ոլորտում ընդհանրապես թերի է»:
Գյուղատնտեսության նախարարության Գյուղատնտեսության ճյուղերի զարգացման վարչության պետ Գառնիկ Պետրոսյանն էլ դեռ չի վստահում այս ոլորտի ապահովագրությանը: Նա էլ համաձայն է, որ պետությունը շատ բան ունի անելու, որպեսզի ոլորտի զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծի: Բայց, ինչպես ասում են` ամեն ինչ միանգամից չի ստեղծվում: «Երկու կողմերն էլ այդ հարցի նկատմամբ միշտ ունենալու են սուբյեկտիվ մոտեցում,- ասում է Գ.Պետրոսյանը: -Գյուղացին ասելու է, որ իր բերքն ավելի թանկ արժի, իսկ ապահովագրողը փորձելու է հնարավորինս ցածր գնահատել: Ու այս ոլորտում նման անհամաձայնությունները սկզբնական շրջանում շատ են խոչընդոտելու ոլորտում այդ ծառայության տարածմանը»:
Ապահովագիրները հակված չեն գյուղատնտեսությունն իրենց մոտ բերել արհեստական ճանապարհով: «Դա չի աշխատի,- ասում է մեր զրուցակիցը: -Այսօր ես գիտեմ, որ Արագածոտնի մարզում ինչ-որ բաներ են տեղադրել, որպեսզի կրակեն ու կարկտաբեր ամպերը ցրեն: Գիտեմ, որ կրակվող մի արկն արժի մոտ 400 դոլար: Էդ ո՞վ պիտի այդքան գումար տա, արկեր առնի, որ կարկուտից մի փոքր ապահովագրվի: Եթե մենք այսպիսի չգնահատված ռիսկերի պայմաններում փորձենք ապահովագրություն իրականացնել, ապա պետք է շատ բարձր տոկոսներ դնենք, ինչն այս ոլորտում չի աշխատի: Իմ կարծիքով, մոտ ապագայում հնարավոր չէ այս ոլորտում ապահովագրություն իրականացնել: Թեպետ հնարավոր է, որ հատուկենտ օրինակներ պատահեն»:
Փորձագետների կարծիքով` գյուղացիական խոշոր տնտեսություններ՝ անասնաբուծական, թռչնաբուծական ֆերմաները, վերամշակող գործարանները կամ խոշոր հողատերերն իրենց ռիսկերը գնահատում են եւ կազմակերպված վերահսկողություն են իրականացնում: Այնպես որ, նրանք ապահովագրության կարիքը սուր չեն զգում: Նորից անպաշտպան են մնում գյուղացիական տնտեսությունները, որոնք ոչ միայն չեն կարող վերահսկել եւ գնահատել իրենց ռիսկերը, այլեւ չեն ուզում եւ չեն էլ կարող դրանք ապահովագրել տարերային կամ արհեստածին վտանգներից: