Անձրեւների հետեւանքները

04/05/2006

Վերջին օրերի անձրեւների պատճառով Վեդի գետը վարարել է եւ հունից դուրս գալով` վտանգավոր իրավիճակ ստեղծել Վեդի-Արարատ հատվածի 2-րդ կմ-ին գտնվող Գոռ ավանի պոմպակայանի տարածքում: Վայք-Ազատեկ ճանապարհի 2-րդ կմ-ին փլվել է ճանապարհին հարակից հենապատը եւ փակել երթեւեկելի հատվածը, առաջացել են ճեղքվածքներ, տեղի են ունեցել քարաթափումներ: Վարարել է նաեւ Հրազդանը: Այն ջրածածկել է Արարատի մարզի Սիս, Սիփանիկ եւ Նորամարգ գյուղերի ցորենի ցանքատարածքները: Փամբակ գետի վարարման հետեւանքով ջրածածկվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին գտնվող «Ռուս» ռեստորանի մոտով անցնող երկաթգիծը: Սողանքից առաջացած ցեխաջուրը լցվել է Լոռու մարզի Ջրաշեն գյուղի բնակչուհի Ա. Մխիթարյանի տուն: Աղստեւ գետի վարարման հետեւանքով, Երեւան-Իջեւան ավտոճանապարհի 107 կմ-ին, Դիլիջանի մոտակայքում քանդվել են կամրջի հենապատի գրանիտե սալիկները: Կամրջով երթեւեկությունը դադարեցվել է: Իսկ Իջեւան-Ազատամուտ հատվածում, նախկին երկաթգծի կայարանի մոտ գետը ողողել է ափապաշտպան հողապատնեշը: Քանդվել է Գոշ գյուղի կամրջի հենապատը. այստեղ եւս երթեւեկությունը դադարեցվել է: