Գորգեր, վարագույրներ, կահույք

04/05/2006

Շղարշե վարագույրները լվանալիս լեղակի լուծույթին կարելի է ավելացնել մի քիչ կաթ։ Դրանից վարագույրների տեսքը կլավանա։

Կեղտոտ շղարշե վարագույրները խորհուրդ է տրվում թրջել աղաջրի մեջ (1 լ ջրին` 1 ճաշի գդալ աղ)։

Սպիտակ շղարշե վարագույրներն արեւից դեղնում են։ Ինչպե՞ս սպիտակեցնել դրանք։

Տաք ջրով էմալապատ դույլի մեջ պետք է լցնել 2 ճաշի գդալ 3 տոկոսանոց գերօքսիդ, 1 ճաշի գդալ անուշադրի սպիրտ, վարագույրները դնել մեջը եւ փայտիկով լավ խառնել։ Թողնել 15-30 րոպե։ Եռացնել չի կարելի։ Մի քանի անգամ լավ ողողելուց հետո կախել (առանց քամելու)։ Չորանալուց հետո, անհրաժեշտւթյան դեպքում, արդուկել գոլ արդուկով։

Լվացքը չորանալուց հետո հավաքելիս ժամանակ մի խնայեք դրանք խնամքով ծալելու համար. լավ ծալված սպիտակեղենը համարյա կիսով չափ ուղղված է եւ հեշտությամբ է արդուկվում։

Որպեսզի վարագույրներն առաջացնեն գեղեցիկ եւ խորը ծալքեր, դրանց լայնությունը պետք է 2,5 անգամ ավելի լինի դռան կամ պատուհանի լայնությունից։

Մրոտ վարագույրները հատուկ լվացում են պահանջում։ Նախ դրանք անհրաժեշտ է թափ տալ, 2-3 անգամ առանց օճառի լվանալ սառը ջրում, նախապես 5-6 րոպե թրջելով։ Հետո վարագույրները թրջել տաք ջրի եւ լվացքափոշու լուծույթում։ Որոշ ժամանակ անց դրանք պետք է թեթեւակի տրորել ձեռքով, բայց չքամել եւ մի քանի անգամ ողողել։ Եթե դրանք բնական գործվածքներ են` օսլայել, իսկ եթե սինթետիկ են` առանց քամելու կախել, որպեսզի չորանան։