Աթենքում ԱՄՆ-ի եւ Հունաստանի արտգործնախարարներ Կոնդոլիզա Ռայսն ու Դորա Բակոյանին նախօրեին հայտարարել են, թե պաշտպանում են Եվրամիությանն անդամակցելու Թուրքիայի ձգտումը:
«Մենք համոզված ենք, որ Թուրքիան պետք է անդամակցի Եվրամիությանը: Միաժամանակ, կատարելիք մեծ աշխատանք կա՝ ներառյալ կիպրական հարցի լուծումը: Մենք համոզված ենք, որ այդ ուղղությամբ քաղաքական կամք կցուցաբերվի ինչպես Թուրքիայի, այնպես էլ Կիպրոսի կողմից»,- ասել է Ռայսը: Վերջինիս կարծիքով` Կիպրոսը «չպետք է արգելափակի Թուրքիայի ընթացքը դեպի Եվրոպա»: Բակոյանին, իր հերթին, բարձրաձայնել է Աթենքի դժգոհությունը Հունաստանի նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականության կապակցությամբ: «Ներկայումս Թուրքիայի վարքագիծը պատշաճ չէ»,- ասել է Հունաստանի արտգործնախարարը՝ հավելելով, թե այդ երկրի վարքագծում կան տարրեր, որոնք «չեն համապատասխանում բարիդրացիության հանընդհանուր պատկերացումներին եւ համահունչ չեն ԵՄ-ին անդամակցելու մասին Թուրքիայի հայտարարություններին»: