Էլի՞ սխալ թարգմանություն

01/05/2006

«Հայաստանի նախագահի այց Վաշինգտոն նախատեսված չէ»,- «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ` ապրիլի 25-ին ասել է Հայաստանի Արտգործնախարարության խոսնակ Համլետ Գասպարյանը: Վերջինս նման պարզաբանում տվել է այն բանից հետո, երբ «Զաման» թուրքական թերթն ապրիլի 24-ին տպագրել է հարցազրույց Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանի հետ: Թերթը պնդում է, թե հայաստանցի դիվանագետն ասել է, թե Հայաստանի նախագահն Ալիեւից հետո, հավանաբար, առաջիկա օրերին կլինի Վաշինգտոնի հյուրը: «Փոխնախարար Կիրակոսյանի պատասխանից նման բան եզրակացնելը, կարծում եմ, կամ թարգմանության, կամ նրա խոսքի մասնակի աղավաղման հետեւանք է: Անցյալ ուրբաթ օրը «Զամանի» թղթակցի հետ հարցազրույցում պարոն Կիրակոսյանը խոսել է ոչ թե Ադրբեջանի նախագահ Ալիեւի Վաշինգտոն այցից հետո մեր նախագահի այցի մասին, այլ, նշելով ԱՄՆ-ի հետ շատ լավ հարաբերությունները, ընդհանրապես նման այցի հնարավորության մասին»,- մեկնաբանեց Համլետ Գասպարյանը: Ի դեպ, վերոնշյալ հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե այն, որ Հայաստանը պահանջում է, որ Թուրքիան բացի Հայաստանի հետ սահմանները, նշանակո՞ւմ է, որ Հայաստանն ընդունում է 1921-ի Կարսի պայմանագիրը, եւ հետեւաբար` նաեւ սահմանները, Ա. Կիրակոսյանը պատասխանել է. «Իսկ ո՞վ է ասել, որ մենք չենք ընդունում Կարսի պայմանագիրը»: Այնուհետեւ ՀՀ փոխարտգործնախարարը հավելել է, թե ՀՀ-ն մինչ օրս Կարսի պայմանագիրը չընդունելու մասին հայտարարություն չի արել: