«Խախտումները համակարգային բնույթ են կրում»

01/05/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Բացի այդ, զեկույցն իր մեջ ներառում է նաեւ հավելվածներ, որոնցում ամփոփված են տարբեր պաշտոնյաներին Լ. Ալավերդյանի ուղղած նամակները, հայտարարությունները, կարծիքներն ու ընդունած որոշումները: Ուշագրավ է զեկույցի վերջին` եզրակացությունների բաժինը: Ըստ այդմ, առաջին օմբուդսմենը եզրակացնում է, որ հանրային մարմինները խախտում են մեծաթիվ խմբերի ներկայացուցիչների իրավունքներ՝ իրենց գործունեությունն ու մարդկանց հետ փոխհարաբերությունները կանոնակարգող անկատար օրենքների եւ այլ իրավական ակտերի եւ նորմերի ընդունմամբ, որոնք հակասում են ինչպես սահմանադրական, այնպես էլ միջազգային իրավական նորմերին եւ մարդու իրավունքների ոլորտում երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին, ունեն կանխորոշելի բացասական հետեւանքներ, որոնք հակասում են ընդունված ազգային ծրագրերին, մասնավորապես աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրին եւ հակակոռուպցիոն ծրագրին։ «Հանրային մարմինների ներկայացուցիչները մարդու իրավունքների խախտումներ են թույլ տալիս վատ վարչարարության դրսեւորման եւ ժողովրդավարական մեխանիզմները վարչահրամայականներով փոխարինելու արդյունքում, երկրի օրենսդրության ուղղակի խախտումներով կամ անգործությամբ»,- եզրակացնում է Լ. Ալավերդյանը: Վերջինիս գնահատմամբ` քաղաքական իրավունքների ոլորտում անթաքույց եւ կազմակերպված ձեւով, այդ թվում՝ օգտագործելով հանրային մարմինների վարչական ռեսուրսները, խախտվում է համընդհանուր ու հավասար ընտրական իրավունքը, այսինքն՝ անմիջականորեն եւ կամքի ազատ արտահայտությամբ ընտրված իրենց ներկայացուցիչների միջոցով երկրի կառավարմանը մասնակցելու իրավունքը: Բացի այդ, առաջին պաշտպանը գտնում է, որ խորանում է «սովորական» մարդու եւ իշխանությանը չմասնակցող հասարակության օտարման գործընթացն ընդհանրապես պետության կառավարման մասնակցությունից, կասկածի տակ դնելով ժողովրդավարության համար ամենաարժեքավորը՝ կառավարման մարմինների կազմավորումն ազատ եւ արդար ընտրությունների միջոցով, ինչը փոխարինվում է իշխանության թաքնված կամ բացահայտ վերարտադրությամբ իշխանությանը մասնակից այն անձանց նեղ շրջանակի կողմից, որոնք գտնվում են կոշտ հիերարխիկ հարաբերությունների մեջ, ինչն իրավունքի եւ օրենքով պաշտպանված լինելու տեսանկյունից ստորադասին դարձնում է խոցելի։ «Հասարակական ոլորտում դիտվում է զգալի հետընթաց, մասնավորապես խոսքի ազատության եւ տեղեկատվության մատչելիության առումով. տեղեկատվությունը գնալով էլ ավելի է վերածվում քարոզարշավի, բնակչության համար ամենամատչելի զանգվածային լրատվական միջոցներով՝ հեռուստատեսությամբ եւ ռադիոյով, տարածվում է իշխանություններին անհրաժեշտ եւ ձեռնտու, միակողմանի եւ ոչ օբյեկտիվ, հաճախ նաեւ` աղավաղված տեղեկատվություն»,- իր տարեկան զեկույցում նշել է տիկին Ալավերդյանը: Վերջինիս գնահատմամբ` այն, որ իշխանություններն ընդունելի են համարել մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության կասեցումն անորոշ ժամանակով, վկայում է միայն, որ իշխանության բարձրագույն մարմինների համար թե՛ մարդու իրավունքները որպես բացարձակ արժեք եւ թե՛ «մարդու իրավունքների պաշտպան» հասկացությունը դեռեւս մնացել են համարժեքորեն չընկալված, եւ այս խնդրի լուծումը դեռեւս օրակարգային է: Երեկ Լ. Ալավերդյանը նաեւ հարկ համարեց նշել, որ մարդու իրավունքների խախտումը Հայաստանում համակարգային բնույթ է կրում: Լ. Ալավերդյանը երեկ նաեւ անդրադարձավ մարդու իրավունքների խախտման կոնկրետ դեպքերի:

Անդրադառնալով օրերս Բուզանդի փողոցում բնակիչների սեփականության օտարման հետ կապված Սահմանադրական դատարանի որոշմանը, Լ. Ալավերդյանը նշեց, որ ժամանակին ինքն «ի գիտություն» նամակներով երկրի բարձրագույն ղեկավարներին, Երեւանի քաղաքապետին տեղեկացրել է, որ այդ գործընթացները հակասահմանադրական են: «Նախագահը եւ բարձրագույն մարմիններն այս հարցում տեղեկության պակաս չեն ունեցել»,- պնդում էր մարդու իրավունքների առաջին պաշտպանը: Անդրադառնալով դատական համակարգի անկախության խնդրին, նա կարծիք հայտնեց, որ «նոր Սահմանադրության նորմերով եւս դատական համակարգը շարունակելու է գործադիրից կախված լինել»: Ինչեւէ, բերելով բազմաթիվ այլ օրինակներ, Լ. Ալավերդյանը նշեց, որ շատ դեպքերում պետությունը չի կարողացել վերականգնել քաղաքացու ոտնահարված իրավունքները: «Արդյոք խոցելի սոցիալական խմբերի ոտնահարված իրավունքները վերականգնել չկարողացող պետությունն ուժե՞ղ է: Իշխանություններն ուժեղ չեն. ուժային են, բայց ուժեղ չեն»,- եզրափակեց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպանը: