Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ նրա մերձավոր շրջապատի բեսպրեդելն ու անօրինականություններն արդեն հասել են գագաթնակետին: Հերթական սկանդալի մեջ է ընկել քաղաքապետի որդին` Սպարտակ Ղուկասյանը` այսպիսով հայտնվելով իրավապահների ուշադրության կենտրոնում: Բայց դատելով Գյումրիում տիրող ամենաթողության մթնոլորտից, գրեթե բոլորն այսօր համոզված են, որ այս անգամ եւս նրան կհաջողվի ջրից չոր դուրս գալ:
Դեռ նախորդ տարվա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քարոզարշավի ժամանակ Վարդան Ղուկասյանը հեռուստաեթերով ի լուր իր հակառակորդ թեկնածուների ու նրանց սատարող անձանց հայտարարեց, թե իր դեմ դուրս գալուց առաջ թող մի լավ կշռադատեն, քանի որ ընտրություններից հետո դեռ տեսնելու են իրար եւ ամեն մեկն իր արածի համար պատասխան է տալու: Ընտրություններից շատ չանցած` Վարդան Ղուկասյանն իր որդու` Սպարտակ Ղուկասյանի հետ մեկտեղ անմիջապես անցավ իր այդ նախընտրական խոստման իրականացմանը: Նախ` քաղաքապետի մերձավոր շրջապատի մարդիկ առեւանգեցին ու ծեծի ենթարկեցին Վ. Ղուկասյանի հիմնական մրցակից թեկնածուի` ՀՀԿ-ական Մարտին Սուքիասյանի փեսային: Իսկ պատճառն այն էր, որ վերջինս հանդգնել էր ընտրություններին սատարել ոչ թե Վ. Ղուկասյանին, այլ Մ. Սուքիասյանին:
Շուրջ երկու ամիս առաջ Վ. Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը նույն պատճառաբանությամբ դաժան ծեծի էր ենթարկել Շիրակի փոխմարզպետ, ԵԿՄ մարզային կառույցի ղեկավար, հանրապետական Միքայել Վարդանյանին: Սակայն ինքը` պարոն Վարդանյանը ջանում է ամեն ինչ անել` այս միջադեպը թաքցնելու համար եւ հերքում է իր հետ կատարվածը: Ըստ մեզ հասած շշուկների` իր մերձավոր շրջապատում պարոն Վարդանյանը հայտարարել է, որ աղմուկ բարձրացնելու դեպքում ինքը վստահ չէ, թե մեղավորները եթե ոչ արժանի, ապա գոնե ձեւական պատիժ կստանան: Ուստի անիմաստ է այդ մասին խոսելը:
Վերջերս քաղաքապետի որդու հաջորդ զոհը դարձավ Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի բաժնի նախկին պետ Աշոտ Մկրտչյանը: Բայց նրա հետ կատարված միջադեպն ուղղակի անհավատալի է: Մարտի 25-ի երեկոյան ժամը 16-ի սահմաններում Ա. Մկրտչյանը վերադառնում է իր աշխատատեղից` Մոսկվայի հումանիտար համալսարանի Գյումրիի մասնաճյուղից, որտեղ դասավանդում է իրավագիտություն: Գ. Նժդեհի փողոցում հանկարծ նրա մեքենայի առաջն է կտրում քաղաքապետի որդին` Սպարտակ Ղուկասյանը: Երբ Աշոտ Մկրտչյանը կանգնեցնում է մեքենան, Սպարտակը մոտենում եւ նրան հրավիրում է նստել իր մեքենան` ասելով, թե «5 րոպեի զրուցելու բան կա»: «Ինչո՞ւ էիր ելել հորս դեմ, չգիտե՞ս, որ դրա համար կյանքով են պատասխան տալու»,- արդեն իր մեքենայի մեջ պարոն Մկրտչյանին հարցնում է նա: Եվ այնուհետեւ Սպարտակն իր ընկերոջ` Նորիկի հետ սկսում են դաժան ծեծի ենթարկել Աշոտ Մկրտչյանին: Շուրջ 25 րոպե տեւողությամբ նրանք Ա. Մկրտչյանին հարվածում են ձեռքերով ու ոտքերով` նրան բազմաթիվ մարմնական վնասվածքներ պատճառելով: «Հետո Նորիկը Սպարտակին հարցրեց, թե «խփե՞մ սրան», վերջինս էլ «մեծահոգաբար» պատասխանեց` «չէ, դեռ պետք չէ»»,- մեզ հետ զրույցում պատմում էր Ա. Մկրտչյանը: Երբ դեպքից հետո, արյունաշաղախ դեմքով Ա. Մկրտչյանը փորձում է մի կերպ անցնել փողոցը` նրան է հանդիպում ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ Աշոտ Գորգինյանը: Տեղեկանալով Մկրտչյանի հետ կատարվածի մասին, փոխոստիկանապետը նրան տանում է ոստիկանություն` կատարվածի մասին հայտարարություն տալու համար:
Քաղաքապետի եւ նրա որդու այսպիսի քաջագործություններով Գյումրիում ոչ մեկին այլեւս չես զարմացնի: Հատկապես, գարնանային այս օրերին գրեթե ամեն տարի Վ. Ղուկասյանի ու նրա մերձավորների համար պարտադիր է դարձել քաղաքում նման միջադեպեր սարքելը, մարդ առեւանգելը, ծեծելը: Եվ ինչպես գյումրեցիներն են սիրում ասել` «Բժշկի փաստաթղթով փսիխոպատի մոտ հերթական սրացումներն են սկսվել»:
Տուժողից` կասկածյալ
Զարմանալին այդ դեպքից հետո Աշոտ Մկրտչյանի հետ կատարված պատմությունն է:
Այդ միջադեպից 5 օր անց` մարտի 30-ի երեկոյան ժամը 21-ի սահմաններում Ա. Մկրտչյանի տուն են այցելում ոստիկանության Գյումրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները: Եվ նրան տեղեկացնում են, որ ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել «Ֆռիկ» մականունով մի քանի անգամ դատապարտված Սամվել Պետրոսյանը եւ հայտնել, թե Ա. Մկրտչյանը նույն օրը ժամը 19-ի սահմաններում իրեն դաժան ծեծի է ենթարկել: Այնուհետեւ, ցույց տալով դատարանի որոշումը, սկսում են խուզարկել Ա. Մկրտչյանի տունը:
Նախ` ամենահետաքրքիրն այն է, որ մարտի 30-ին «Ֆռիկի» մատնանշած ժամին Ա. Մկրտչյանը եղել է իր տանը, քանի որ հյուրեր է ունեցել: Բացի այդ, պարոն Մկրտչյանի հավաստիացումներով, ինքը «Ֆռիկ» մականունով այդ անձնավորությանն ընդհանրապես չի ճանաչել եւ նրան ոչ միայն այդ օրը, այլեւ ընդհանրապես որեւէ տեղ չի հանդիպել: Մինչդեռ, «Ֆռիկը» ոստիկաններին հայտնել է, թե իբր Ա. Մկրտչյանն իրեն ոչ միայն ձեռքերով ու ոտքերով է ծեծել, այլեւ ատրճանակի կոթով հարվածել է գլխին: «Ես դրա նման մարդկանցից հազարավոր կիլոմետրեր հեռու եմ: Եթե նրան կյանքումս չեմ տեսել, չեմ ճանաչել, ո՞նց կարող էի գնալ ու առանց դրդապատճառի ծեծել»,- մեզ հետ զրույցում իր զարմանքն էր արտահայտում Ա. Մկրտչյանը:
Ոստիկանության քննչական վարչության Գյումրիի բաժնում զարմանալի ջանասիրությամբ «Ֆռիկի» հայտարարության հիման վրա նույն օրն իսկ ՀՀ Քրեական օրենսգրքի 118 հոդված հատկանիշներով Ա. Մկրտչյանի դեմ քրեական գործ է հարուցվում: Ու սա այն դեպքում, երբ ոստիկանությունը երկար ժամանակ վախենում է որեւէ ընթացք տալ Ա. Մկրտչյանի հայտարարության հիման վրա նախապատրաստված նյութերին. ոչ միայն քրեական գործ չի հարուցվում, այլ նաեւ հարցաքննության չեն կանչում անգամ Սպարտակ Ղուկասյանին ու նրա Նորիկ անունով ընկերոջը: Եվ միայն այն բանից հետո, երբ Ա. Մկրտչյանը դիմում-բողոք է ուղարկում ՀՀ նախագահին, վարչապետին, գլխավոր դատախազին ու ՀՀ ոստիկանապետին, ոստիկանության քննչական վարչությունում նոր բարեհաճում են դեպքից մի քանի օր անց քրեական գործ հարուցել` ՀՀ Քրեական օրենսգրքի 117 հոդվածի հատկանիշներով: Դրանից հետո, ոստիկանությունն իր մեջ համարձակություն է գտել ու քաղաքապետի որդուն այդ քրեական գործում ընդգրկել է որպես կասկածյալ: Ավելին, ոստիկանները կարողացել են նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել ստորագրություն` քաղաքից չբացակայելու համար: Ի դեպ, նույն խափանման միջոցն է ընտրվել նաեւ Ա. Մկրտչյանի նկատմամբ, եւ իր դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում նա եւս անցնում է որպես կասկածյալ:
Սակայն Ա. Մկրտչյանի խոսքերով, ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնի աշխատակիցների նկատամամբ ակնհայտ ճնշումներ են գործադրվում, ինչի հետեւանքով այսօր այդ երկու քրեական գործերը քննվում են սուբյեկտիվ ու ոչ անաչառ: Ըստ նրա` իրավապահներն աշխատում են հնարավորինս շուտ ծածկադմփոց անել քաղաքապետի որդու դեմ հարուցված գործը: Մանավանդ, որ Սպարտակ Ղուկասյանն իր ցուցմունքներում կտրականապես հերքում է Մկրտչյանին ծեծի ենթարկելը: Ոստիկանները չեն փորձում անգամ հայտնաբերել Սպարտակի ընկերոջը` Նորիկին: Մինչդեռ, հակառակ այս ամենի, իրավապահ մարմինները զարմանալի փութաջանությամբ քննում են Ա. Մկրտչյանի դեմ հարուցված գործն ու փորձում են ամեն կերպ այն իրենց ցանկալի տրամաբանական ավարտին հասցնել: Այս օրերին նրանք նորանոր վկաներ են հայտնաբերում, հարցաքննում, հարցաքննելիս էլ` քննիչը նրանց ցուցմունքները բառացիորեն թելադրում է` ըստ իր հայեցողության: Մինչդեռ պրն Մկրտչյանի վկաներին նրանք զլանում են հարցաքննության հրավիրել: «Գտել են մի քանի կանանց, որոնց իրենց թաղում անվանում են «մրոտներ» ու սրանք իմ դեմ ցուցմունք են տալիս: Թեեւ, բոլորը գիտեն, որ այդ մրոտներն ընդամենը պարկեշտ մարդկանց մրոտելու համար են,- ասում է Ա. Մկրտչյանը եւ ավելացնում,- իմ դեմ հարուցված քրեական գործը քննող քննիչ Մաթոսյանն ինքը սկզբում մեծ դժկամությամբ ստանձնեց գործի քննությունը եւ տպավորությունն այնպիսին էր, որ նրա նկատմամբ ճնշումներ կան»:
Տարօրինակ զուգադիպություններ
Աշոտ Մկրտչյանի խոսքերով, շուրջ 20 տարվա ազատազրկման դատապարտված կրկնահանցագործը, եթե անգամ ծեծված էլ լիներ, դժվար թե դիմեր ոստիկանություն, քանի որ հանցագործ աշխարհի օրենքներից է` երբեք չդիմել իրավապահներին, քանի որ սա դիտվում է որպես «գործ տալ», ինչը «զապադլո» է: Ուստի պրն Մկրտչյանը զարմանում է` ինչպե՞ս եղավ, որ իր դեպքում, հանկարծ, «Ֆռիկը» որոշեց դիմել իրավապահներին: Իսկ իրականում նա համոզված է, որ իր դեմ սարքված այս քրեական գործը ամենեւին էլ պատահական չէ: Այդպես են վարվել, որպեսզի կարողանան իրեն լռեցնել: «Փորձում են իմ դեմ հարուցված քրեական գործով հակակշիռ ստեղծել մյուս գործին»,- ասում է Ա. Մկրտչյանը:
Ի դեպ, չնայած առկա քրեական գործերին, Գյումրիի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից հերքեցին քաղաքապետի որդու հետ տեղի ունեցած միջադեպը: «Դա սուտ է, զրպարտություն է, նման բան ընդհանրապես չի եղել»,- ասացին քաղաքապետարանի լրատվական ծառայությունից: Չէինք զարմանա, եթե իրավապահներն էլ ի վերջո հանգեն նույն եզրակացության: Իսկ մինչ այդ, գյումրեցիներից ոմանք արդեն այն աստիճան են վախեցել քաղաքապետի ու նրա որդու սանձարձակություններից, որ այդպես շարունակվելու դեպքում պատրաստվում են դիմել ՆԱՏՕ` Գյումրիում խաղաղարար զորք մտցնելու համար: