Ալիեւը մեկնել է Վաշինգտոն

01/05/2006

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ով առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել է Վաշինգտոն, երեկ հանդիպել է ամերիկյան Կոնգրեսի ղեկավարության հետ: Նախատեսված էր նաեւ, որ Ադրբեջանի ղեկավարը ելույթ կունենա Միջազգային հարաբերությունների խորհրդում: «Ասոշիեյթեդ պրես»-ի վկայությամբ՝ իր այցի ընթացքում «Ալիեւը ձգտելու է հավաստիացումներ ստանալ ԱՄՆ-ից առ այն, որ Հայաստանի վրա ավելի մեծ ճնշում է գործադրվելու՝ Ղարաբաղի հարցում զիջումների հասնելու նպատակով»: Նախօրեին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը համոզմունք էր հայտնել, թե «ԱՄՆ-ը անհրաժեշտ նրբանկատություն կցուցաբերի, եւ Ղարաբաղի խնդիրը կլուծվի»: «Այլ պետությունների տարածքում խնդրահարույց իրավիճակների դեպքում ԱՄՆ-ը անհապաղ գործի է անցնում: Կարծում ենք, Ադրբեջանի դեպքում էլ կցուցաբերվի նույն նրբանկատությունը»,- մանրամասնել է Մամեդովը: Այսօր Իլհամ Ալիեւին կընդունի պետքարտուղարի տեղակալ Ռոբերտ Զելիկը, ով փոխարինում է Եվրոպա մեկնած Կոնդոլիզա Ռայսին, իսկ ուրբաթ օրն Ադրբեջանի նախագահը կհանդիպի իր ամերիկացի պաշտոնակից Ջորջ Բուշի հետ: Հարկ է նշել, որ նախօրեին, պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ է Սպիտակ տունը, քննադատելով Ադրբեջանի ղեկավարությանը՝ ոչ արդար ընտրություններ անցկացնելու համար, Վաշինգտոն հրավիրել Ալիեւին, Պետդեպարտամենտի խոսնակ Ադամ Էրելին ասել է, թե ժողովրդավարության վիճակն Ադրբեջանում մնում է կարեւոր հարց ԱՄՆ-ի համար եւ երկկողմ հարաբերությունների եւ երկխոսության «կարեւոր մաս է կազմում»: