Այս հարցը վերջին օրերին մեծ աղմուկ բարձրացրեց: Որովհետեւ երիտասարդ եւ ամբիցիոզ, սակայն ընդամենը 7 հոգանոց ֆրակցիա ունեցող, ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն իր եվրոպական շրջագայության ժամանակ նշել էր, որ Հայաստանը պետք է ինտեգրվի Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ին եւ, որ Ռուսաստանը չպետք է խանգարի մեր այդ ինտեգրման պրոցեսին:
Ա. Բաղդասարյանի այս հայտարարությունը միանգամից «քուանշեց» նախագահ Քոչարյանը, որը «Հայլուր» լրատվականով Բաղդասարյանին փաստորեն ասաց հետեւյալը. «Արի ասեմ, թե ո՞ւմ ես դու ինտեգրվելու» (չնայած, կարծում եմ, որ «քուանշի» բուն իմաստն ավելի շատ Բաղդասարյանի 2003թ. նախագահական ընտրությունների հետ կապված հայտարարությունն էր): Չեմ կարծում, որ ԱԺ նախագահն այնքան թափ կունենա, որպեսզի կարողանա «սրել» Քոչարյանի «քուանշը»:
Իսկ հիմա ավելի մանրամասն ուսումնասիրենք, թե ո՞ւմ են ինտեգրվում հայերը: Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ հայերի մեծամասնությունը նախընտրում է ինտեգրվել իշխանություններին` անկախ այն բանից, թե ում ձեռքին է այդ իշխանությունը: Չնայած, օրինակ, հասարակական կազմակերպությունները նախընտրում են ինտեգրվել տարատեսակ գրանտներին եւ դոնորական գումարներին:
Ընդհանրապես դեռ երեխա հասակից հայ դպրոցականները գերադասում են ինտեգրվել «պուզատի պապա» ունեցողներին: Ավելի ուշ` ուսանողական շրջանում, նրանք փորձում են ինտեգրվել (չգիտես ինչու` մեզ մոտ ինտեգրվելը բոլոր պարագաներում նույնացվում է «սապոնվել» բառի հետ) դեկանատներին կամ ռեկտորատին, իսկ վատագույն դեպքում` ուսխորհուրդներին, որոնք իրենց հերթին ինտեգրվում են ՀՀԿ-ին, իսկ վատագույն դեպքում` «Օրինաց երկրին» կամ «ՀՅԴ»-ին: Ի դեպ, «պուզատի պապա» ունեցողներին ինտեգրվելու դպրոցական սովորությունը փոխանցվում է նաեւ ամուսնանալ ցանկացող երիտասարդ տղաներին եւ աղջիկներին: Ապարանցիներն ինտեգրվում են դատախազությանը, քյավառցիները` արաղին, Օլեգ Եսայանը` Բելառուսին: «Էս շուխուռում» Աղասի Արշակյանը չի կարողանում կողմորոշվել՝ ում ինտեգրվի` դատախազությա՞նը, Գեղամյանի՞ն, Բելառուսի՞ն, թե՞ «Կիլիկիա» գարեջրին: Փոխարենն Արտաշես Գեղամյանը միշտ էլ ճիշտ ժամանակին է կողմնորոշվում, թե ում պետք է ինտեգրվել: Պատասխանը միանշանակ է` ով շատ տա: Ի տարբերություն վերջինիս` Ստեփան Դեմիրճյանն ու Արամ Սարգսյանն այդպես էլ չկողմնորոշվեցին` ում ինտեգրվել` ռուսների՞ն, թե՞ ամերիկացիներին, սահմանադրական ճանապարհի՞ն, թե՞ հեղափոխությանը, «Արդարություն» դաշինքի՞ն, թե՞ «17+1»-ին: Չկողմնորոշվեց նաեւ Արտաշես Թումանյանը: Եվ, ինչպես կասեր Թաթան` «Տեսա՞ր ինչ եղավ»: Այնպես որ, ժամանակն է կողմնորոշվել, պարոնայք: Եթե ինձ չեք հավատում, կարող եք Վիկտոր Դալլաքյանից (կարելի է ասել, որ վերջերս նա դարձել է ամենայն հայոց կողմնորոշվողը) հարցնել: Անգամ Գառնիկ Իսագուլյանը հասցրեց կողմնորոշվել, եւ ԿԳԲ-ից ու դաշնակցությունից հետո, ինտեգրվեց, ես կասեի՝ իրեն նվիրեց, քաղաքական հետազոտություններին: Դե, իսկ «Նոր ժամանակների» Արամ Կարապետյանը դեռ հին ժամանակներից է ինտեգրված Ռուսաստանին:
Չնայած հայ լրագրողներն ու սափրագլուխներն իրար տանել չեն կարողանում, սակայն մի հարցում նրանք իրար շատ նման են` երկուսն էլ սիրում են ինտեգրվել օլիգարխներին, որոնք իրենց հերթին սերտ ինտեգրվել են «300 ամենախոշոր հարկատուների» ցուցակին: «Դոկտոր նաուկ» Գոհար Քյալյանը, որը զզվում է «Զիտայից եւ Գիտայից», մեծ հաճույքով եւ Արմեն Գեւորգյանի օգնությամբ ինտեգրվեց Բժշկական համալսարանի ռեկտորի աթոռին: Ի տարբերություն Գոհարի, նրա ամուսնուն մի քանի տարի առաջ չթողեցին ինտեգրվել այդ նույն համալսարանի պրոռեկտորի պաշտոնին: Փոխարենը` նույն Արմեն Գեւորգյանի օգնությամբ նա ինտեգրվեց Երեւանի էլիտար շենքերին ( իմիջիայլոց, Սամվել Մայրապետյանը, երեւի կնոջ ինադու ամեն կիրակի «Հ2» հեռուստաալիքով հնդկական կինո է ցուցադրում): Տիգրան Սարգսյանը, որը մի քանի տարի շարունակ ինտեգրված էր դոլարի կուրսին, վերջերս հայտարարեց, որ կարող է փոխել իր նախասիրությունը եւ շուտով կինտեգրվի համաշխարհային «կարգին» բանկերի հետ: Այս պարագայում մեր աշխարհասփյուռ ազգի հայաստանյան հատվածին այլ բան չի մնացել, քան ինտեգրվել իրենց բարեկամների կողմից ուղարկվող օգնություններին:
Ես լավատես եմ եւ եսասեր չեմ: Այդ իսկ պատճառով տարատեսակ ինտեգրումներին ամենեւին էլ դեմ չեմ: Ընդհակառակ՝ կողմ եմ, որ Հայաստանն ինտեգրվի Եվրամիությանը: Բայց ո՛չ Արթուր Բաղդասարյանի նման, երբ ինչ-որ մեկը «շպարգալկան» տալիս է ու ասում՝ դե խոսի։ Այլ` բնականոն եւ, ինչպես մեր իշխանավորներն են սիրում հաճախ կրկնել, էվոլյուցիոն ճանապարհով: Ես, իհարկե, դեմ չեմ, որ երիտասարդ տղան ինտեգրվի «պուզատի պապայի» աղջկա հետ: Բայց միայն մի դեպքում` եթե նորապսակներն իրոք իրար սիրում են: Ես դեմ չեմ, որ մեր քաղաքում էլիտար կամ ոչ էլիտար շենքեր կառուցվեն, բայց միայն այն դեպքում, եթե դա չի արվում հակասահմանադրական ճանապարհով (սա ոչ թե իմ կարծիքն է, այլ Սահմանադրական դատարանի վճիռը): Այդժամ մենք առաջին հերթին կինտեգրվենք միմյանց եւ ընկերություն ու հարեւանություն, բարեկամություն ու խնամիություն կանենք ոչ միայն փողի համար: