Տարիների ընթացքում նրանց մեծամասնությունն այս կամ այն կերպ իր բնակարանային խնդիրները լուծել է: Գիշերօթիկում այժմ մնացել է 5 ընտանիք, որոնցից 4-ը երկրաշարժից տուժածներ են եւ սպասում են իրենց բնակարանային հերթին, մեկը՝ Ասլանյան Ռոզայի ընտանիքն, այստեղ հաստատվել է 1999թ., սեփական նախաձեռնությամբ եւ առանց որեւէ թույլտվության՝ Երեւանում ունեցած իր բնակարանը կորցնելուց հետո: Այժմ այս 5 ընտանիքը զբաղեցնում է չորսհարկանի մասնաշենքի մի հարկը: Մի հարկ էլ զբաղեցնում են գիշերօթիկի ննջասենյակները: Մնացած 2 հարկերը չեն օգտագործվում եւ հիմնավոր վերանորոգման կարիք ունեն: Շենքն առհասարակ հիմնավոր քայքայված է եւ լուրջ վերանորոգման կարիք ունի: Ինչպես հավաստիացնում է գիշերօթիկի տնօրեն Սիմոն Սիմոնյանը, վերանորոգման համար անհրաժեշտ միջոցներ կան, սակայն քանի դեռ բնակիչների հարցը լուծված չէ, վերանորոգում սկսելն անհնար է: Իսկ շենքի բնակիչները շենքն իսկական աղբավայրի են վերածել: Նրանց հետ միասին գիշերօթիկի այս սենյակներում ապրում են նաեւ շներ, կատուներ, որոնք ոչ միայն նպաստում են տարածքի հակասանիտարական վիճակին, այլեւ լուրջ վտանգ կարող են ներկայացնել անցանկալի այցելուի համար: Տարիներ շարունակ համարյա իրար քիթ քթի ապրող այս բնակիչները հասցրել են կենցաղային հարթության վրա բազմաթիվ կոնֆլիկտներ ունենալ, որոնք սրվել ու թշնամության են վերածվել այն աստիճանի, որ բնակիչներից, օրինակ, Պետրոսյան Նվարդը խոստովանում է, որ պատրաստ է անգամ սպանել հարեւանուհուն՝ Ռոզա Ասլանյանին: Այս 2 հարեւանների թշնամությունն այնքան է խորացել, որ գործը հասել է «դիվանբաշուն», սակայն, տարիներ շարունակ, Քանաքեռ-Զեյթուն համայնքի իրավապահներն անգամ ի զորու չեն եղել հարթել: Բացի այն, որ յուրաքանչյուր վեճ ուղեկցվում է 2 հարեւանուհիների փողոցային հայհոյանքներով ու ծեծկռտուքով, նրանք սկսել են նաեւ այլ պատժամիջոցներ կիրառել միմյանց նկատմամբ: Ն. Պետրոսյանն, օրինակ, վստահեցնում է, որ հարեւանուհին՝ Ռ.Ասլանյանը, գիշերով հրդեհել է իր սենյակի դուռը: Ս. Սիմոնյանը, որ արդեն 3 տարի է, տնօրինում է այս գիշերօթիկը, ասում է, որ անզոր է նրանց դեմ: Փաստորեն, այս խայտառակ իրավիճակի ամենօրյա ականատեսներն են գիշերօթիկի այն 60 սաները, որոնց ննջասենյակներն այս բնակիչների սենյակների անմիջական հարեւանությամբ են: Բացի այդ, որքան էլ գիշերօթիկի տնօրենը հավաստիացնի, թե այս երեխաների անվտանգությանը ոչինչ չի սպառնում, քանի որ նրանց հարկաբաժինը երկաթյա ճաղերով առանձնացված է բնակիչներից, սակայն չի բացառվում, որ թշնամացած հարեւանները մի օր կրկին որոշեն միմյանց հրդեհել, եւ դա ճակատագրական լինի ոչ միայն միմյանց, այլեւ նույն շենքում գիշերող երեխաների համար, նաեւ՝ անմիջապես կից շենքում տեղակայված թիվ 8 գիշերօթիկ դպրոցի սաների համար: Թիվ 8 գիշերօթիկի տնօրենը հրաժարվեց ստեղծված իրավիճակին որեւէ մեկնաբանություն տալ՝ պատճառաբանելով, որ տարածքն իրենց չի պատկանում, եւ ինքը իրավասու չէ որեւէ բան անել: Իսկ թիվ 3 գիշերօթիկի տնօրենն առայժմ միայն ուսերն է թափ տալիս՝ «Ի՞նչ կարող եմ անել, գործը տանք դատարան, այդ ընտանիքներին հանենք շպրտենք դո՞ւրս, ո՞ւր պիտի գնան»:
Ն.Պետրոսյանն իր հերթին մեղադրում է տնօրենին՝ Ռ.Ասլանյանին հովանավորելու համար: «Մենք գոնե աղետից տուժածներ ենք եւ օրինական ենք այստեղ բնակվում, սպասում ենք մինչեւ մեզ բնակարան տան, որ գնանք, իսկ Ռոզայի ընտանիքն առանց թույլտվության է ներխուժել ու տարածք զբաղեցրել այստեղ, հիմա Երեւանում ով իր բնակարանը վաճառի՝ պետք է գա ու զոռով ապրի՞ այս գիշերօթիկում, ինչո՞ւ է Սիմոնյանը թույլ տալիս իր տարածքում անօրինական բնակություն հաստատեն»: Ս. Սիմոնյանի հավաստմամբ՝ իրենք դիմել են Արաբկիր համայնքի թաղապետարան, որտեղից խոստացել են Ռ.Ասլանյանի ընտանիքի կացարանի խնդիրը լուծել եւ նրանց տեղափոխել: Սակայն ե՞րբ՝ պարզ չէ: Իսկ թե այդ ընթացքում այս բնակիչներն է՞լ ինչ կանեն միմյանց վնաս պատճառելու համար, եւ թե ո՞վ է պատասխանատու գիշերօթիկի սաների անվտանգության համար, Ս. Սիմոնյանը դժվարանում է պատասխանել: