Դատարանը հանցա՞նք է թաքցնում

01/05/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Դատավարությանը մշտապես հետեւող պրակտիկանտ-ուսանողները հայտարարեցին, որ այնքան հիասթափված են նախագահողի ու մյուս 2 դատավորների վարքագծից եւ սուբյեկտիվ որոշումներից, որ պատրաստվում են հրաժարվել իրենց մասնագիտությունից: Վերաքննիչ դատարանի աշխատակազմի ղեկավարն ուսանողների ըմբոստ ռեպլիկներից խույս տալու համար հսկիչներին հրահանգել էր արգելել նիստին նրանց մասնակցությունը, սակայն վերջիններս այդպես էլ չհեռացան դատարանից՝ պահանջելով իրենց ներս թողնել ոչ թե որպես պրակտիկանտներ, այլ՝ սովորական քաղաքացիներ, ովքեր շահագրգռված են այս գործի արդար դատավարության հարցում: «Ես էնքան հիասթափվեցի մեր դատական համակարգից, որ չնայած շուտով ավարտելու եմ, բայց հրաժարվելու եմ իմ մասնագիտությունից: Դատավորներն անաչառ չեն, կողմնակալ մոտեցմամբ դատավարություն են իրականացնում՝ աչք փակելով իրեղեն ապացույցների վրա: Ես չեմ ուզում այս համակարգում աշխատել, չեմ էլ կարող այդպիսի դատավոր լինել»,- զայրույթը չզսպելով հայտարարեց Մովսես Խորենացի համալսարանի ուսանողուհի Գոհար Արզումանյանը, որին դատավորները սպառնացել էին «դատական իշխանությանը վարկաբեկելու համարձակություն» դրսեւորելու համար նկատողություն անել ռեկտորին: Այդուհանդերձ, դատապաշտպանների եւ Հելսինկյան կոմիտեի նախագահ Միքայել Դանիելյանի ջանքերի շնորհիվ նախագահող Մհեր Արղամանյանը ուսանողներին թույլ տվեց դռնբաց նիստին մասնակցել, թեեւ նա մարդկանց հատուկ ցուցակ ունի, որոնց մուտքն արգելել է: 1-ին ատյանի դատարանի կողմից 15 տարվա ազատազրկման դատապարտված, սպանության մեջ մեղադրվող Ռազմիկ Սարգսյանի, Արայիկ Զալյանի եւ Մուսա Սերոբյանի դատավարությունն ավարտական փուլում է՝ թեեւ դատապաշտպանները պնդում են, որ գործի քննության համար էական նշանակության ապացույցների ուսումնասիրությունը նախագահողը չի ցանկանում հանձն առնել: Ի դեպ, դատապաշտպանների միջնորդությունները նախագահողը որպես կանոն մերժում է առանց հիմնավորելու եւ պատճառաբանելու, ինչն ուղղակի քրեադատավարության նորմերի խախտում է: Անգամ սպանված Հ. Մկրտումյանի ծնողներն են նկատում նախագահողի սուբյեկտիվ դիրքորոշումը, քանի որ Հովսեփի հայրը, որը նրա իրավահաջորդն է, վերջին 2 նիստերին հրապարակավ հայտարարում է, որ իր տղայի սպանության հետ այս 3 ամբաստանյալները կապ չունեն եւ հայտնում է, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները չեն համապատասխանում վարույթն իրականացրած մարմինների արձանագրություններին: Նախագահող Արղամանյանը չի թաքցնում շուտափույթ պաշտպանական ճառերին անցնելու իր մղումը եւ վերջին նիստերի ընթացքում մերժելով պաշտպանների հայտարարություններն ու միջնորդությունները` ամեն գնով ցանկանում է լսել ճառերը, որով ավարտվելու է դատաքննությունը, սահմանափակվելու է պաշտպանների դերը եւ, բնականաբար, հրապարակվելու է դատավճիռը: Վերջին 2 նիստերի ընթացքում դատավարության մասնակիցներն ականատես են լինում դատավորների եւ պաշտպանների կոշտ եւ իրար նվաստացնող լեզվակռվին, քանի որ պաշտպանները պնդում են, որ իրենց մոտ առկա փաստերը քննությունը վերսկսելու պարագայում դատավարության ընթացքը կարող են հիմնավորապես փոխել, իսկ նախագահողը նպատակահարմար չի գտնում այդ փաստերի հետազոտությունը: Այդուհանդերձ, պաշտպան Զարուհի Փոստանջյանն իր պաշտպանական ճառում, որը նաեւ միջնորդություն էր, բավական ուշագրավ փաստեր ներկայացրեց, որը կապված է ոչ թե այս 3 տղաների, այլ հրամանատար Իվան Գրիգորյանի հետ: Հիշեցնենք, որ գործի նյութերում առկա է ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի միջնորդագիրն` ուղղված արդեն նախկին զինդատախազ Գ. Ջհանգիրյանին, որով նա Ջհանգիրյանին հորդորել է Ի. Գրիգորյանի դեմ գործ չհարուցել՝ հաշվի առնելով Արցախյան պատերազմի նրա մասնակցությունը եւ մասնավորապես այն, որ հրամանատարը զղջացել է կատարվածի համար: Պաշտպանական կողմը դատարանին միջնորդություն էր ներկայացրել Գ. Ջհանգիրյանի «Ղ-Տելեկոմ» ընկերությանը դիմած թվով 8 հեռախոսահամարների եւ Մադաղիս գյուղում տեղակայված խոսակցական կետի հեռախոսահամարների 2003-2004 թթ. մուտքային եւ ելքային զանգերի վերծանման ցուցակը տրամադրելու վերաբերյալ, որը բավարարվել էր: «Ղ-Տելեկոմը», սակայն զանգերի վերծանման ցանկը ճկուն մագնիսական սկավառակի վրա անցկացնելով` տրամադրել է ոչ թե պաշտպանական կողմին, այլ դատարանին, որն էլ, ըստ Փոստանջյանի, էլեկտրոնային կրիչը պաշտպաններին տրամադրելը մերժել էր՝ պատճառաբանելով, թե այն անսարք է: Երեկվա նիստի ժամանակ, սակայն պաշտպանները հայտարարեցին, որ Գ. Ջհանգիրյանի եւ հրամանատարական կազմի հեռախոսազանգերի վերծանությունը հանցանքի տարրեր են պարունակում, ինչի պատճառով էլ դատարանը փորձում է այն պարտակել: Մ. Արղամանյանը` պահանջելով անհապաղ սկսել պաշտպանական ճառը, խոստացավ հետագայում այն տրամադրել՝ զգուշացնելով, որ կրիչն անսարք է: Նիստերի դահլիճի համակարգչում դիսկետը բացելու առաջարկը նախագահողը բացառեց ամենատարբեր պատճառաբանություններով, հրաժարվեց նաեւ դատավարությունն ընդմիջել մինչեւ պաշտպանները դիսկետի պարունակությունն այլ վայրում կպատճենահանեն: Վերջինս միայն պահանջում էր անցնել պաշտպանական ճառերի, որից հետո բնականաբար կրիչի պարունակությունն առանձնապես չէր կարեւորվելու, հետեւաբար ճառից հետո հայտարարվելու էր դատավճիռ: Համենայն դեպս նախագահողի ճառին անցնելու շահագրգռվածության տրամաբանությունը դա էր թելադրում: Ավելի ուշ, երբ Զ. Փոստանջյանը հայտարարեց, որ կզանգահարի ինչ-որ մեկին, եւ իսկույնեւեթ համակարգիչ կբերեն դատարան՝ պաշտպան Ստեփան Ոսկանյանի միջնորդությամբ նախագահողը հայտարարեց, որ նիստն անորոշ ժամանակով հետաձգվում է, քանի որ հացադուլավոր Ռ. Սարգսյանի մոտ ուժեղ գլխացավեր էին սկսվել:

Ի դեպ, ամբաստանյալների ծնողներին եւ պաշտպաններին վերջերս ընդունել է ներկայիս զինդատախազ Արմեն Խաչատրյանը: Լսելով վերջիններիս փաստարկները` Արմեն Խաչատրյանը տղաների ծնողներին հորդորել է իրեն վստահել, իսկ, երբ վերջիններս ասել են, որ Ջհանգիրյանին նույնպես վստահել են՝ վիրավորված ասել է. «Ես ինչ է, էդքան նմա՞ն եմ Ջհանգիրյանին»: