2005թ. ՏԻՄ ընտրություններից հետո Վանաձորը բաժանվել է դարբինյանականների եւ նրանց հակառակորդների: Այս հանգամանքը մեկ անգամ եւս ընդգծվեց ապրիլի 22-ին ՀԺԿ Վանաձորի գրասենյակում, որտեղ Լոռու մարզի թիվ 36 ընտրատարածքի ԱԺ պատգամավոր, «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը քաղաքացիների ընդունելություն էր կազմակերպել: «Էստեղ ոչ մի դարբինյանական մարդ չկա»,- Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի կողմնակիցներին ակնարկելով՝ կարծիք հայտնեց սպասասրահում գտնվող մի կին, որ մինչ իր ընդունելության հերթը հասնելը մյուսներին պատմում էր քաղաքապետարանին առնչվող իր դժգոհությունները: Իսկ այդ կարծիքը կինը հայտնեց այն պատճառով, որ քաղաքացիներից մեկը նրան հանդիմանեց՝ «Բա ինչի՞ էիր գնում՝ Դարբինյանին ձայն տալիս»: «Բա ես Դարբինյանին ձայն կտա՞մ: Ես նրան ձայն չեմ տվել»,- հավաստիացնում էր տարեց քաղաքացուհին:
Ի դեպ, կադրային փոփոխություն է տեղի ունեցել ՀԺԿ Վանաձորի գրասենյակում, որի ղեկավար Ֆրունզե Թադեւոսյանը, սեփական դիմումի համաձայն, ազատվել է ղեկավարի պարտականություններից: Այդ առթիվ օրեր առաջ մեզ հետ հեռախոսազրույցում նա հայտնեց, որ շարունակում է մնալ ՀԺԿ նվիրյալ անդամ, հանդիսանում է ՀԺԿ վարչության եւ ՀԺԿ Վանաձորի խորհրդի անդամ: «8 տարի նվիրված ՀԺԿ-ական եմ եղել եւ մնում եմ: Վանաձորի կառույցի հիմնադիրն եմ, բայց որպես ղեկավար աշխատելու համար նախընտրում եմ ասպարեզը զիջել ավելի երիտասարդներին»,- նշեց Ֆ. Թադեւոսյանը, որ խորհրդային տարիներին եղել է Կիրովականի քաղխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ: ՀԺԿ Վանաձորի կառույցի ղեկավար է ընտրվել պետական մանկավարժական ինստիտուտի դասախոս, տնտեսական գծով պրոռեկտոր Գագիկ Եթիմյանը: