Վերջերս «Օրինաց երկրի» անդամներն ամենուր խոսում են մշակույթի օջախների մասնավորեցման անբարոյականության մասին: Ուստի հեռավոր Ալավերդուց ստացված ահազանգը կասկած առաջացրեց: Անգամ ներկայիս ամենաթողության պայմաններում անհավատալի թվաց մի փոքր քաղաքում նման մասշտաբի բարբարոսությունը: Սակայն, երբ Մշակույթի նախարարության մեր աղբյուրը հաստատեց ահազանգի ճշմարտացիությունը, Ալավերդի մեկնելը դարձավ խիստ անհրաժեշտ:
Ասել, թե Ալավերդին մշակութային հարուստ պատմություն ունի, քիչ կլինի: Մեր գրեթե բոլոր շրջկենտրոններն էլ հպարտանալու շատ բան են ունեցել: Բայց քանի՞ բնակավայր կա, որ 100-ամյա գրադարան ունի, կամ 1934 թվից թատրոն (չհաշված մինչ այդ եղած խմբերը): Իսկ որեւէ քաղաք գիտե՞ք, որը 14 անգամ հանրապետական թատերական փառատոն անցկացրած լինի: Իսկ համամիութենական ստուգատեսի մեդալակիր եւ արտասահմանյան հյուրախաղերի թույլտվություն ստացած ժողգործիքների շրջանային համո՞ւյթ:
Մեզ ուղեկցող ալավերդցիներն այսպիսի շատ փաստեր նշեցին եւ շեշտեցին, որ դրանցից գրեթե բոլորը սերտորեն կապված են Ալավերդու մշակույթի տան հետ, որը թեեւ բավականին հին ու անշուք շինություն էր, սակայն՝ շատ սիրելի տեղացիների համար: Ուստի, երբ տարիներ առաջ լուր է տարածվել, որ պղնձի գործարանի նոր տեր Վալերի Մեժլումյանը շենքը գնելու ցանկություն է հայտնել, բոլորն ուրախացել են: Սակայն շուտով պարզվել է, որ նրա նպատակը… այն քանդելն էր. տեսքը դուրը չէր գալիս:
Այսօր արդեն չկա 500 տեղով եւ հրաշալի ակուստիկայով դահլիճ, ընդարձակ բեմ, հարմարավետ սենյակներ ու ճոխ գրադարան ունեցող մշակույթի օջախը: Թե պատմական ու սիրված տաճարի դիմաց քաղաքապետարանի բյուջե որքան գումար է մուծվել, չգիտենք ու չենք ուզում իմանալ: Բայց որ այդ գումարի տասնապատիկով էլ հնարավոր չի լինելու երբեւէ թատրոնի նոր շենք կառուցել, փաստ է: Փաստ է նաեւ այն, որ Ալավերդում լուրջ թատերական ներկայացում ցուցադրելու հնարավորություն այլեւս չկա:
Այլեւս չկա այն շենքը, որի պատին տեղացի արվեստասերները ցանկացել են հուշատախտակ փակցնելով այսօրվա տգետներին ու վաղվա սերունդներին տեղեկացնել, որ այդտեղ թատրոն էր հիմնել Արմեն Արմենյանը, հանդես են եկել Փափազյանը եւ Ներսիսյանը, Վաղարշյանը եւ Խաչանյանը, Ջանիբեկյանը եւ Ավետիսյանը, Մսրյանները ու այլ նշանավոր դերասաններ, երգիչներ, երաժիշտներ:
Համայնքապատկան այս շենքի վերացման համաձայնությունը, ինչպես նշվեց, տվել էր տեղի ավագանին, որը իր աչքի առաջ մշակույթի մեկ այլ հիմնարկության շենքի օտարման նախադեպ ուներ: Խոսքն Ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղի մասին է, որի շենքը` Մշակույթի նախարարության լուռ համաձայնությա՞մբ, թե՞ ակտիվ աջակցությամբ, քաղաքային իշխանության եւ մարզպետարանի ձեւական դիմադրությամբ, գնել էր «Հայէկոնոմբանկը» (երեւի կհիշեք, թե դրա տերը ԱԺ-ում ինչպիսի թունդ ելույթներ էր ունենում մայրաքաղաքի մի գրադարանի շենքը շահավետ պայմանով իրենց մրցակից բանկին տրամադրելու դեմ): Ինչեւէ: Մշակույթի այդ «ջերմեռանդ պաշտպանը» պատկերասրահին մեծահոգաբար հնարավորություն տվեց ծվարելու իր իսկ պահեստային մասում: Այսպիսով, նախկինում հայոց մեծերի ու տեղացի ստեղծագործողների բազում հրաշալի ցուցահանդեսներ ներկայացրած, պոեզիայի երեկոներ ու հրաշալի համերգներ կազմակերպած պատկերասրահը դարձավ նկարների մի խղճուկ պահեստ:
Պատկերասրահի շուրջ համախմբված նկարիչներն ու արվեստասերները որոշել են չհանձնվել: Նրանք այդ անհեռանկար վիճակից ելք են փնտրել: Եվ գտել են… քաղաքային տպարանում: Արդեն իր հզորության չնչին մասով աշխատող ձեռնարկությունը, բարեբախտաբար, ոչ միայն բավականին որակյալ, լուսավոր շենք ուներ, այլեւ ենթարկվում էր նույն վերադասին՝ Մշակույթի նախարարությանը: Գաղափարն այսպիսին էր՝ նախարարությունը շենքի երկրորդ հարկը տրամադրում է պատկերասրահին, որտեղ մտադրություն ծնվեց հավաքել նաեւ շրջանի պատմությունը եւ ազգագրությունը ներկայացնող նյութեր, ունենալ «Թումանյանը կերպարվեստում» մշտական ցուցահանդես եւ այլն, եւ այլն: Այսինքն, նախկինից ոչ պակաս հարմարավետ մշակույթի օջախ ստեղծել:
Սակայն մի փոքրիկ խոչընդոտ է հայտնվել: Պարզվել է, որ տպարանը մասնավորեցման ցուցակում է, եւ նախարարությունն այնքան էլ մեծ իրավունքներ չունի դրա նկատմամբ:
– Հարց չկա,- աչքադրված շինությունը տեսնել-հավանելուց հետո հուսադրել են փոխնախարար Գ. Գյուրջյանը եւ Ազգային պատկերասրահի տնօրեն Փ. Միրզոյանը: – Բոլորը մերոնք են, ԱԺ-ի որոշմամբ իր հաստատած ցուցակից այս շենքը կհանվի, եւ ամեն ինչ իր տեղը կգցենք: Մեր երկիրը այս փոքր շենքի վաճառքով չի հարստանալու:
Սակայն անցնում է մեկ ամիս, երկու, երեք, իսկ ուրախալի լուրը չկա ու չկա: Հակառակը, չար լեզուները Երեւանից այլ տեղեկություններ են բերում՝ «Նաջարյանները փոշմանել են»: Նախարարության մի պաշտոնյա, 30 արծաթի զնգոց լսելով, ասել է՝ «Մեր համակարգում դեռ ծախելու բան կա՞: Գնորդ գտեք»: Ճիշտ է, նախարար Հովեյանը տպարանի վաճառքին դեմ է եղել, կողմ՝ պատկերասրահին տրամադրելուն, բայց փոքրիկ հարցի լուծումը շահագրգիռ անձինք կարողացել են անընդհատ ձգձգել մինչեւ… Այո, սիրելի ընթերցող, մինչեւ նախարար Հովեյանի տան լույսի անջատվելը…
Օգտվելով նախարարության երկարատեւ անտերությունից, մարդիկ գնորդ են գտել եւ հապշտապ, դզել-փչելով պատրաստել ոչ միայն տպարանը, այլեւ քաղաքի վերջին կինոթատրոնը աճուրդի հանելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, դրանով իսկ խաչ քաշելով պատկերասրահի ապագայի վրա: Նախարարության պաշտոնյաները ցերեկը ձեռքերը ծածուկ շփելով այդ ձեւաթղթերի փաթեթներն են պատրաստել, իսկ երեկոյան հեռուստատեսությամբ բարձրագոչ դատափետել Ջուղայում ազերիների հակամշակութային բարբարոսությունները…
Քանի դեռ աճուրդները չեն կայացել, ալավերդցիների հույսը մշակույթի նորանշանակ նախարար Գ. Գեւորգյանն է: Կկարողանա՞ աճուրդի ներկայացված փաստաթղթերի ճշտությունը ստուգելու համար դրանք հետ պահանջել ու չեզոքացնել իր նշանակումից մի քանի օր առաջ իր ներկայիս ենթակաների կազմակերպած դավադրությունը եւ հեռավոր քաղաքի մշակույթի համար փրկել այդ շենքերը: Թե՞ 30 արծաթի զնգոցը նրան նույնպես կգրավի ու Գեւորգյանին եւս լոռեցիները կարժանացնեն «Մշակույթի վաստակավոր կործանիչ» կոչման:
Այժմ գնդակը նախարարի կիսադաշտում է, ՕԵԿ-ականները շարունակում են խոսել մշակույթի օջախների մասնավորեցման անթույլատրելիության մասին, իսկ մշակույթ-կապիտալ առճակատման հաշիվն Ալավերդիում դեռեւս 0:2 է:
Հ.Գ. Հոդվածը մինչեւ խմբագրություն հանձնելն էլփոստով ուղարկել ենք մշակույթի նախարարին եւ ՕԵԿ նախագահին: Սակայն մնացել ենք անպատասխան: