Ժամանակները փոխվել են, սեր չկա, հարգանք չկա

01/05/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Կոշիկ չունեին, որ դպրոց գնան

«Երխիմշինտրեստ» գործարանի ռուսերեն լեզվի նախկին մեքենագրուհի, արդեն 50-ն անց Սուսաննա Գեւորգյանն այսօր 11 երեխա է մեծացնում: Ասում է՝ իր միակ հարստությունն ու գանձը երեխաներն են: Դիմագծերով իրար նման, տիկնիկների պես շարված աղջիկներին եւ լուսանկարչական ապարատից կաշկանդված, հայացքը թաքցրած տղաներին նայելով՝ մայրը թվարկում է երեխաների անունները. «Էս Անիս ա, էս մեկը` Հեղինես, էս` Արփինես, Վարդանս ա, էս մեկը…»,- շփոթում է անուններն ու սկսում նորից անուն առ անուն ծանոթացնել: «Էս հոգսերից գլուխս խելք չի մնացել: Էնքան պրոբլեմ կա, որ երեխեքիս անուններն էլ եմ մոռանում: Չեմ կարում գնամ ստուգվեմ, լավ չեմ, որ գնամ` ամբողջ մարմինս կտրելու ու կպցնելու ենթակա ա»: 11 երեխաներից 4-ը դպրոցականներ են, հիմա գիշերօթիկում են սովորում, որովհետեւ այնտեղ կարողանում են սնվել: Միջնակարգ դպրոցում սովորելիս տուն վերադառնալով շատ հաճախ քաղցած էին գիշերում: «Մասսայական դպրոցից հանեցի, ուրիշ ճար չկար, չէի հասցնում: Հիմա գոնե գիտեմ, որ ամեն օր հաց են ուտում: Երեխեքս սովորող են, բայց ճար չկար, ի՞նչ անեի: Գիտե՞ս ինչ դժվար էր սկզբում, շատ էի տանջվում, կարոտում էի: Մենակ շաբաթ-կիրակի օրերին են տուն գալիս, ժամերն եմ հաշվում, հիմա մի քիչ սովորել եմ: Ի՞նչ անեմ, ուրիշ ճար չկա, չենք հասցնում սնունդը, հագուստի մասին էլ խոսք չկա»,- աչքերը լցնելով պատմում է մայրը՝ հիշելով այն օրերը, երբ իր երկու` 8-րդ եւ 4-րդ դասարանցի աղջիկներին կոշիկ չունենալու պատճառով դպրոց չէր ուղարկել: Գիշերօթիկի տնօրեն Կարինե Մուրադյանն, անհանգստանալով սաների բացակայությունից, զանգահարել էր ծնողներին, իսկ երբ հարցրել էր, թե ինչո՞ւ երեխաները չեն հաճախում՝ մայրը կարկամել, ամաչել էր ճշմարտությունն ասել. «Դե՛, ես չեմ սիրում տրտնջալ ու ամաչում եմ տենց բաներից: Չասեցի, որ կոշիկ չունեն»: Հետո, երբ երեխաները երկար բացակայությունից հետո գնացել են դպրոց՝ չեն կարողացել թաքցնել պատճառը, տնօրենին ասել են, որ կոշիկ չեն ունեցել: «Էնքան հոգատար ու հոյակապ կին ա, չեք պատկերացնի: Իմացել էր, թե չէ՝ աղջիկներիս վերցրել, տարել էր՝ կոշիկ էր գնել, հագցրել: Զարմանալի ա, որ մեր օրերում նման բարի մարդիկ կան»,- ասում է 11 երեխաների մայրը, ով թեեւ աղքատության մեջ է մեծացնում երեխաներին, բայց ասում է, որ երեխաներին մշտապես դպրոց է ուղարկում կոկիկ եւ մաքուր հագնված: Տիկին Սուսաննան հիշում է, երբ պետությունը տասը տարի առաջ բազմազավակ այս ընտանիքին մեքենա նվիրեց, մինչդեռ այն ժամանակ երեխաները 11-ը չէին, ավելի քիչ էին: «Էնքան լավ էինք մեզ զգում ես ու ամուսինս: Մեր հայրենիքի համար ոնց որ կարեւոր մի բան արած լինեինք, ու մեզ դրա համար պարգեւատրեցին: Գիտե՞ս, էն ժամանակ կարողանում էինք երեխեքին նորմալ պահել ու չէինք նեղվում, երջանիկ էինք, բայց էս վերջին տարիները շատ երեխա ունենալու համար ոնց որ ռիսկային տարիներ լինեն, շատ բարդ ա: Պատկերացրու, որ սննդի հարցը կարողանանք լուծել` ոչնչից չենք նեղվի, մենք համերաշխ ու սիրով ընտանիք ենք»: Պետության նվիրած «08» մակնիշի մեքենան, սակայն, տարիներ առաջ վաճառել եւ այդ գումարով կովեր են գնել, որպեսզի երեխաները գոնե կաթով սնվեն: Որոշ ժամանակ անց, երբ ամուսինն ինֆարկտ է տարել, հիվանդանոցային ծախսերը հոգալու համար կովերը վաճառել են: Ամուսինը՝ Մելսիկը հիվանդության պատճառով աշխատունակ չէ, իսկ տիկին Սուսաննան ամենաշատը տանջվում է երեխաների ուսման համար, քանի որ ուսումը շատ է կարեւորում: 4-րդ դասարանցի Հեղինեին տանը կոչում են՝ քննիչ Հեղինե, որովհետեւ նա սիրում է հարցեր տալ ու այդ հարցերի միջոցով բացահայտել ճշմարտությունը: Նա երազում էր քննիչ դառնալ, սակայն հիմա, երբ ամենուր լսում է իրավաբանական բաժին ընդունվելու եւ սովորելու «կաշառքների» չափերի մասին, հուսահատվում է: Հեղինեի այդ երազանքը հօդս է ցնդել: Ասում է՝ «Համ էլ գիշերօթիկի սովորողին ո՞վ կընդունի իրավաբանական»:

Մայրը, սակայն, թաքուն հույսեր է փայփայում, որ կյանքը կլավանա, ու իր Հեղինեին գիշերօթիկից կտեղափոխի կարգին դպրոց: Իսկ գիշերօթիկում Հեղինեն կարպետ գործել է սովորում, որպեսզի հետագայում ընտանիքին օգնելու համար ինչ-որ բանի պիտանի լինի:

Մարդիկ չարացել են

Սուսաննայի 11 երեխաներից 4-ը տղաներ են, որոնք հերթով մեկնում են զինվորական ծառայության: Նախիջեւանում ծնված Սուսաննայի սիրտը ցավում է պատերազմի հնարավոր վերսկսման համար, քանի որ մանկությունը նա անցկացրել է Նախիջեւանում, ադրբեջանցիների հետ: Ասում է, որ 2 պետությունների միջեւ առկա թշնամանքն անիմաստ է, որովհետեւ ժամանակին հայերն ու ադրբեջանցիները մի ընտանիքի պես են ապրել. «Ճիշտ ա, իրանք մի քիչ վախկոտ ժողովուրդ են, բայց ես իրանցից վատ բան չեմ տեսել»: Նախիջեւանից Հայաստան է եկել 15-տարեկանում եւ հիշում է, թե ինչքան հայեր ու ադրբեջանցիներ էին ամուսնանում իրար հետ՝ հարգելով միմյանց դավանած կրոնները: «Ես հիշում եմ, որ նրանք հատուկ օր ունեին, նամազի նման կրոնական ինչ-որ օր էր: Այդ օրերին չպետք է երաժշտության ձայն լսվեր, ու հայերը հարգում էին նրանց կրոնը, կոնֆլիկտներ չէին լինում: Շատ հաշտ էինք ապրում, իրենք լավ ժողովուրդ են, ուղղակի հիմա ակամայից տրամադրված ենք միմյանց դեմ: Խաղաղ տարիներին չեմ հիշում էդպիսի դեպք, որ հայերիս վատություն արած լինեն: Էդ սերնդի երիտասարդները երբ ամուսնանում էին, ծնողները դեմ էին լինում, մեղադրում էին կրոնափոխության մեջ: Ես հիշում եմ` մեր ծանոթներից մեկն ամուսնացավ ադրբեջանցու հետ, կրոնափոխ եղավ, գնում էր իրանց եկեղեցի, հայրն այլեւս իրան չճանաչեց, չէր ընդունում սեփական երեխային: Երբ հարեւաններից մեկը կարիքի մեջ էր լինում՝ լիներ հայ թե ադրբեջանցի, անպայման ձեռք էին մեկնում, սեր կար, հարգանք կար»: Ասում է, որ ժամանակներն են փոխվել, մարդիկ չարացել, սառնասիրտ են դարձել: Հայերն ադրբեջանցիներին արնախում են համարում, մինչդեռ հայը հայի հանդեպ հաճախ նույն կերպ է վարվում: Բարոյականություն չկա, օրինակ՝ հարյուրավոր բարեգործական կազմակերպություններ կարիքավորների համար տոննաներով օգնություն են տրամադրում, սակայն իր ընտանիքի նման բազմազավակ ընտանիքների երեխաները սոված փորով բանակ են մեկնում, իսկ օգնությունները յուրացրած մարդկանց երեխաները պարզապես չեն ծառայում: Սակայն այս ամենի հետ մեկտեղ` 11 երեխաների մայրը հպարտ է, որ իր որդիները հայրենիքի պաշտպանության համար պիտանի են:

Անապահովները ձայները վաճառում են

Ներքին Չարբախի այս բազմազավակ ընտանիքին բոլորը ճանաչում են, իսկ 11 երեխա ունեցող Սուսաննային եւ Մելսիկին շատերը համարում են հերոս կամ պարզապես տարօրինակ, որովհետեւ այս դժվար պայմաններում 11 երեխա են լույս աշխարհ բերել: 1993թ. պետությունն այս ընտանիքին պարգեւատրել է ավտոմեքենայով: Հիմա, երբ կյանքը շատ է դժվարացել, ծնողները չգիտեն` ինչպե՞ս սովից պաշտպանեն երեխաներին: Տիկին Սուսաննան օգնության խնդրանքով դիմել է Ներքին Չարբախի գյուղապետ Սամվել Շառոյանին: Տիկին Սուսաննան ասում է, որ գյուղապետն օգնությունները դատարկում է իր տան բակում, ոչ թե գյուղապետարանում եւ տիկին Սուսաննայի օգնելու խնդրանքը մշտապես մերժում է՝ ասելով, որ իր ընտանիքին բաժին չի հասնում: «Էլ չեմ գնում, որովհետեւ իզուր ա նրան վիզ ծռելը, ինչ-որ բան խնդրելը: Ամբողջ գյուղի մեջ միակ բազմանդամ ընտանիքն ենք, եթե մեզ համար նախատեսված չէ, ուրեմն՝ էլ ո՞ւմ համար ա: Եթե գյուղապետին միայն ընտրությունների ժամանակ պիտի տեսնենք, էլ ինչի՞ համար ա նա: 3-րդ անգամն է ընտրվել, բայց էսքան տարվա մեջ մի չնչին օգնություն կամ ուշադրություն չի ցուցաբերել»: Այս ընտանիքը նույնիսկ «Փարոսի» նպաստառու չէ, որովհետեւ երեխաներից մի քանիսը չափահաս են: Ներքին Չարբախի բնակիչները հավաստում են, որ բազմանդամ այս ընտանիքին որեւէ մեկն ուշադրություն չի դարձնում, եւ առհասարակ դժգոհում են գյուղապետի եւ իրենց պատգամավոր, «Օրինաց երկիր» կուսակցության անդամ Գագիկ Ավետիսյանի անտարբերությունից՝ ասելով, որ միայն ընտրությունների ժամանակ են բնակիչներին հիշում: Ասում են, որ «ՕԵԿ»-ը մարդկանց կուսակցականացնելով է ինչ-որ հարցում օգնում, որովհետեւ նրանք կոչ են անում անդամագրվել կուսակցությանը, որպեսզի աջակցեն: «Գյուղում շատերն անդամագրվել են, որովհետեւ տոն օրերին նվերներ են տալիս: Ապրիլի 7-ին մի երկու բան են տալիս, աչք են մտնում: Ոնց որ ժողովրդին պահեն իրանց ընտրելու համար, դե՛, մարդիկ էլ աղքատ են, մի երկու քրջի համար գնում, դառնում են կուսակցական»,- ասում են նրանք: 11 երեխա ունեցող տիկին Սուսաննայի ընտանիքը սկզբունքորեն չի օգտվում վերոնշյալ «բարիքներից» եւ նախընտրում է ձայներ վաճառելով փոր չկշտացնել: Սուսաննայի հարեւանուհու երիտասարդ տղան մահացել է: Սեւազգեստ կինն արցունքը խեղդելով ասում է, որ գերեզմանատուն գնալու համար իրենից մեծ ջանքեր են պահանջվում, որովհետեւ դեպի գերեզման տանող ճանապարհն ահավոր վիճակում է: Դիմել է թե՛ պատգամավորին, թե՛ գյուղապետին` խնդրելով ասֆալտապատել ճանապարհը, սակայն ոչ ոք չի արձագանքել: