«Խլուրդների» ամիս

01/05/2006 Յուրի ՍԻՄՈՆՅԱՆ

Ուղիղ մի շաբաթ հետո լրանում է արտասահմանյան հատուկ ծառայությունների գործակալներին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հայտարարած վերջնագրի ժամկետը: Մայիսի 1-ին նրանք պետք է խոստովանեն իրենց մեղքերը` Վրաստանի դեմ լրտեսություն անելը, որպեսզի նոր կյանք սկսեն` առանց «բանտային մաքրագործման»: Հակառակ դեպքում նրանք դարձյալ նոր կյանք կսկսեն: Բանտում: Իրավապահ մարմիններին հայտնի է բոլոր նրանց անունները, ովքեր կապ ունեն հայրենիքի թշնամիների հետ, նրանց գաղտնաբառերն ու հանդիպման տեղերը: Բոլորին կբռնեն ու կպատժեն, եթե մեղայականով չներկայանան:

Նման ճառով հանդես եկավ Սահակաշվիլին մի ամիս առաջ, երբ ձերբակալեցին նրա աշխատակազմի մանր մի չինովնիկի` Սիմոն Կիլաձեին, որի պարտականությունների մեջ էր մտնում մամուլի մոնիտորինգ անցկացնելը, բայց որը միաժամանակ զբաղվում էր պակաս վտանգավոր գործով: «Երկիրը հեղեղված է լրտեսներով, սակայն մենք դրան վերջ կդնենք»,-սպառնաց նախագահը:

Կիլաձեի ձերբակալությունը հեռարձակվում էր Վրաստանի գրեթե բոլոր հեռուստաալիքներով: ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլին հատուկ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ Կիլաձեն վերջին երկու տարիների ընթացքում զբաղվել է երկրի նախագահի, այլ պաշտոնատար անձանց, նրանց կայանալիք այցերի, օտարերկրյա բարձրաստիճան հյուրերի` Վրաստան այցերի մասին տեղեկություններ հավաքելով եւ փոխանցելով: «Երկու տարվա ընթացքում նա աշխատել է մոտ 20.000 դոլար` տեղեկություններ փոխանցելով էլեկտրոնային եւ սովորական փոստով»,- հայտնեց Մերաբիշվիլին: Նա, ինչպես եւ Սահակաշվիլին, տեղյակ է բազմաթիվ լրտեսների մասին, որոնք բացեիբաց գործում են Վրաստանում:

Մանր չինովնիկի ձերբակալությունը բավական մեծ աղմուկ բարձրացրեց: Հասարակական կարծիքն ավելի հակված էր այն բանին, որ իշխանությունները հերթական շոուն էին կազմակերպել` նվազեցնելու համար բնակչության աճող դժգոհությունը եւ լիցքաթափելու շիկացած մթնոլորտը: Հեղինակավոր մասնագետները` վրացական հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցները, շփոթված էին: Պետանվտանգության նախկին փոխնախարար Ավթանդիլ Իոսելիանին` հակահետախուզության ղեկավարը, իր տարակուսանքը հայտնեց կատարվածի նկատմամբ: «Եթե Կիլաձեն իսկապես «խլուրդ» է, ինչո՞ւ չփորձեցին նրան վերահավաքագրել, ինչպես դա ընդունված է ամբողջ աշխարհում: Ինչո՞ւ ոչ մի երկիր չհետաքրքրվեց նրանով. սովորաբար եթե լրտեսը բացահայտվում է, բանակցություններ են սկսվում նրան փոխանակելու ուղղությամբ: Այս ամենը … չգիտեմ էլ, թե ինչի է նման»,- ասաց Իոսելիանին:

Հետաքննության շահերից ելնելով` չէր նշվում երկիրը, որի օգտին լրտեսություն էր անում Կիլաձեն: Սակայն գրեթե կասկած չկար, որ մամուլի ծառայության աշխատակիցը լրտեսել է Ռուսաստանի օգտին: Սակայն տեղական թերթերից մեկում տեղեկություն հայտնվեց, որ Կիլաձեն տեղեկատվություն էր տրամադրում բարեկամ Ուկրաինային: Ամեն դեպքում, կատարվածի ճշմարտացիության մասին ավելի քան լուրջ կասկածներ մնացին: Դրանք ցրվեցին միայն այն բանից հետո, երբ հեռուստատեսությամբ ցուցադրեցին հատվածներ ձերբակալվածի հարցաքննությունից: Նա խոստովանում է, որ զբաղվել է լրտեսությամբ, նախագահին խնդրում է հաշվի առնել իր անկեղծ խոստովանությունը եւ հետաքննության հետ համագործակցությունը: Երբ խոսքը պատվիրատուների մասին էր, տեսագրության ձայնն իջեցվում էր: Սակայն հատուկ հրավիրված մասնագետի շնորհիվ «Իմեդի» հեռուստաընկերությանը հաջողվեց պարզել, որ Կիլաձեն իբրեւ պատվիրատու-երկիր նշում է ոչ թե Ուկրաինան, այլ Ռուսաստանը: Թվում է` այս գործում կարելի է արդեն վերջակետ դնել. լրտեսը բացահայտված է, նա խոստովանել է: Եթե իշխանությունները, որ այս պահին խիստ մտահոգված են «գինիների ճգնաժամով», չեն մոռացել իրենց վերջնագրի մասին, ապա լրտեսական սկանդալն, ամենայն հավանականությամբ, շարունակություն կունենա… Եթե, իհարկե, լրտեսները չօգտվեն Սահակաշվիլու տրամադրած ժամկետից եւ չինքնաբացահայտվեն: Մնաց մեկ շաբաթ:

Սակայն նույն Իոսելիանին կարծում է, որ նման մոտեցումը ոչ մի տրամաբանության չի ենթարկվում: Նրա խոսքերով`անհեթեթ է օտարերկրյա լրտեսին ժամանակ տալ հանձնվելու կամ բարեհաջող կերպով անհետանալու համար: Հավանաբար Վրաստանն այս դեպքում էլ իր ինքնատիպ ուղին է ընտրել: Ասենք, դեռ կտեսնենք: Մնաց մեկ շաբաթ: