Չնայած դրան, ՀՀ Սահմանադրությունում եւ Հայաստանի անկախության հռչակագրում հիշատակված են Թուրքիայի արեւելյան շրջանները: Արարատն էլ Հայաստանի պետական խորհրդանիշն է: Այս հակասությունն աչքի է զարնում նաեւ Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանի հետ հանդիպման ընթացքում, որը պատասխանեց «Զաման» թերթի հարցերին: 1921թ. Կարսի պայմանագրի մասին հիշատակմանն ի պատասխան, Կիրակոսյանը հարցրեց. «Իսկ ո՞վ է ասել, որ մենք չենք ընդունում Կարսի պայմանագիրը»։ Միեւնույն ժամանակ նրա առանձնասենյակի պատից կախված է Արարատը պատկերող նկար: Այն հարցին, թե. «Դուք կարո՞ղ եք ասել, արդյոք, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի Թուրքիայից», Կիրակոսյանը պատասխանեց. «Իմ պատասխանը չի կարող արժեք ունենալ այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ չեն հաստատվել դիվանագիտական հարաբերություններ: Երկկողմ պայմանագրերում, որոնք կստորագրվեն այդ ժամանակ, մենք կարող ենք հայտարարել պետության տարածքային ամբողջականության նկատմամբ մեր հարգանքի մասին»:
Երբ մենք հիշեցրինք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի առաջարկության մասին, որոնք կուսումնասիրեն 1915թ. դեպքերը եւ որոնց եզրակացությունների հետ կհամաձայնեն երկու կողմերն էլ, հայ վարչարարը հայտարարեց, որ «պատմությունն անվիճելի ճշմարտություն է», եւ հիշեցրեց, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջարկել է «միջպետական հանձնաժողով ստեղծել»: Կիրակոսյանը նաեւ նշեց. «Եթե 1991թ. Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ հաստատեր մեզ հետ, մենք այսօր կխոսեինք այլ մակարդակով»:
Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանը, մասնավորապես, պատասխանեց «Զաման» թերթի հետեւյալ հարցերին:
– Դուք պահանջում եք, որ Թուրքիան բացի Հայաստանի հետ սահմանները: Դա նշանակո՞ւմ է, արդյոք, որ դուք ընդունում եք 1921թ. Կարսի պայմանագիրը եւ, հետեւաբար, նաեւ՝ սահմանները:
– Իսկ ո՞վ է ասել, որ մենք չենք ընդունում Կարսի պայմանագիրը:
– Ձեր պաշտոնական փաստաթղթերում արտահայտություններ կան Թուրքիայի արեւելյան շրջանների մասին…
– Որպես Հայաստանի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչ` ուզում եմ հայտարարել: 1991թ. Հայաստանն անկախության ձեռբերումից հետո նպատակ ուներ դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց նախապայմանների: Մինչ օրս Հայաստանի Հանրապետությունը հանդես չի եկել Կարսի պայմանագիրը չընդունելու մասին հայտարարությամբ, այն դեպքում, երբ Թուրքիան առաջադրել է մի շարք նախապայմաններ, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի եւ հայերի ցեղասպանության հետ կապված:
– Կարելի՞ է ասել, որ Հայաստանը Թուրքիայի արեւելյան շրջանների հետ կապված պահանջներ չունի, ինչը հաստատվում է պաշտոնական փաստաթղթերով:
– Իմ տված ոչ մի պատասխան արժեք չի կարող ունենալ այնքան ժամանակ, մինչեւ Թուրքիայի ու Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն: Երկկողմ պայմանագրերում, որոնք այդ ժամանակ կստորագրվեն, մենք կարող ենք հայտարարել պետության տարածքային ամբողջականության նկատմամբ մեր հարգանքի մասին:
– Ձեր երկիրը գտնվում է տնտեսական դժվար կացության մեջ՝ ցեղասպանության մեղադրանքների պատճառով, քանի որ պահպանվում է սահմանի շրջափակումը: Հայաստանի շատ քաղաքացիներ բնակվում են երկրի սահմաններից դուրս: Որքա՞ն կարող եք նման քաղաքականություն վարել:
– Հայաստանը չի գտնվում տնտեսական դժվար կացության մեջ: 15 տարիների ընթացքում մեր տնտեսությունն ընտելացել է նման պայմաններին: Բնականաբար, մենք ձգտում ենք երկրի տնտեսության զարգացմանն ու ամրապնդմանը, եւ այդ տեսակետից սահմանների բացումը շատ օգտակար կլիներ: Մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն: Եթե Թուրքիան համաձայն է, մենք կարող ենք քննարկել գոյություն ունեցող խնդիրները բանակցությունների սեղանի շուրջ:
– Իրանյան ճգնաժամի ամենաթեժ պահին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կայցելի Վաշինգտոն: Ձեզ չի՞ անհանգստացնում այդ այցը:
– Չի անհանգստացնում: Մեր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ լավ են: Միացյալ նահանգները Հայաստանին «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում 235 միլիոն դոլարի չափով դրամաշնորհ են տրամադրելու, որին օժանդակում է նախագահ Բուշը: Այդ գումարներն ուղղվելու են երկրի տնտեսության զարգացմանը: Ադրբեջանին նման օգնություն չի տրամադրվել՝ ընտրության չափանիշներին չհամապատասխանելու պատճառով: Հավանաբար, այդ այցից հետո ԱՄՆ կայցելի Հայաստանի նախագահը:
– Հայաստանը եւ սփյուռքը բազմաթիվ ջանքեր են ձեռնարկում 1915-ի դեպքերի կապակցությամբ: Դրան են ուղղված 450 հազար վեբ-կայքեր: Այդ դեպքերը կատարվել են ավելի քան 90 տարի առաջ, այն դեպքում, երբ այսօր, ադրբեջանական զավթված տարածքներից 800 հազար ադրբեջանցի փախստականներ փորձում են գոյատեւել դժվարագույն պայմաններում: Դուք մտածե՞լ եք, արդյոք, նրանց զգացումների մասին:
– Մենք չենք ընդունում 800 հազար թիվը: Բայց թվաքանակը նշանակություն չունի: Հայաստանում Ղարաբաղից եւ Հայաստանից 300 հազար փախստականներ կան: Ադրբեջանի հետ երկխոսությունը շարունակվում է, այդ թվում` նաեւ այդ թեմայով:
– Թուրքիան առաջարկում է 1915 թվականի դեպքերի հետ կապված մեղադրանքները թողնել պատմաբաններին եւ ընդունել նրանց արած եզրակացությունները: Դուք, ինչպես նախկինում, չե՞ք ընդունում նման դիրքորոշումը:
– Այո, վարչապետ Էրդողանը հանդես է եկել այդպիսի առաջարկությամբ: Նախագահ Քոչարյանը, իր հերթին, առաջարկեց ստեղծել միջպետական հանձնաժողով՝ պայմանագրերի, սահմանների, տնտեսության, քաղաքականության հետ կապված տարբեր խնդիրները քննարկելու համար… Մեր պատմությունն անվիճելի ճշմարտություն է: Մինչ Առաջին համաշխարհային պատերազմը Օսմանյան Կայսրությունում ապրում էին 2,5 միլիոն հայեր: Այսօր Ստամբուլում բնակվում են մոտ 80 հազար հայեր: Որտե՞ղ են մյուսները: Ինչո՞ւ են նրանք լքել նախնիների հողը: Թուրքիան մեծ երկիր է: Այն ունի 75 միլիոն բնակչություն, հսկայական տարածք: Հայաստանը փոքր երկիր է: Մեր բնակչությունը 3 միլիոն է: Մեծ երկի՞րը պետք է վախենա փոքրից, թե՞ ընդհակառակը:
Մենք թուրք ժողովրդի վրա չենք բարդում այն տարիների դեպքերի պատասխանատվությունը: Դրա մեղքն ընկած է երկրի այն ժամանակվա ղեկավարության վրա: Մենք Թուրքիայից Գերմանիայի կատարած քայլի նման քայլ ենք սպասում: Հայաստանը ձգտում է բարեկամական հարաբերությունների հաստատման՝ բոլոր երկրների հետ, առանց նախապայմանների: Երկու երկրների ճակատագրերը կորոշեն քաղաքական գործիչները: Եթե Թուրքիան Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատեր 1991 թվականին, այսօր բանավեճերի մակարդակն այլ կլիներ:
www.mediadialogue.org