Հոդվածի հեղինակ Վիգեն Սարգսյանը` Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի` արտաքին կապերի պատասխանատուն, գործուղվել էր Բուդապեշտ` ուսումնասիրելու համար բուհական ընդունելության քննությունների համակարգի բարեփոխումների մասին հասարակությանը տեղեկացնելու փորձը: Փորձը հետաքրքիր է նրանով, որ մոտ ապագայում նմանատիպ բարեփոխումներ են սպասվում Հայաստանում:
«Ընտրություններ են, սըր»,- գրեթե այսպիսի ռեմարկ էր հնչում իմ զրուցակիցներից շատերի շուրթերից: Թեեւ, թվում է, թեման, որ ինձ այս երկիր էր բերել, անմիջական կապ չուներ ընտրությունների հետ` ընդունելության քննություններ համալսարաններում: Սակայն, ինչպես ավելի ուշ պարզվեց, կապ ուներ, այն էլ՝ անմիջական:
Ապրիլի 9-ին Հունգարիայում խորհրդարանական ընտրություններ էին տեղի ունեցել: Խորհրդարանական հանրապետության համար դրանք իրենց նշանակությամբ նույնն են, ինչ մեզ համար նախագահական ընտրությունները: Եվ ծնողների մի մասը, դժգոհ լինելով քննական համակարգի բարեփոխումներից կամ դրանց արդյունքներից, հույս ունեին, որ ընտրություններում կհաղթեն աջերը եւ չեղյալ կհայտարարեն միփուլանի քննությունների պրակտիկան: Երազանքներն իրականություն չդարձան. սոցիալիստները լիբերալների հետ 2-րդ փուլում էլ հաղթեցին աջերին…
ՀՀ-ում, որտեղ ընդունելության քննություններն ընտրությունների հետ միասին հանդիսանում են երեւի թե ամենաազգային սպորտաձեւը, քննությունների շուրջ մթնոլորտը պակաս քաղաքականացված չէ: Փաստարկը հօգուտ այն բանի, որ Հունգարիայում նոր համակարգի ներդրումը համընկավ ընտրությունների հետ, մեզ էլ է համապատասխանում: Հաջորդ տարի, երբ մեր Կրթության եւ գիտության նախարարությունը նոր համակարգի է անցնելու, ՀՀ-ում եւս ԱԺ ընտրություններ են լինելու… Մի խոսքով, Հունգարիան գրեթե իդեալական դաշտ էր ուսումնասիրությունների համար:
Եվ այսպես, մեկ տարի առաջ Հունգարիայի Կրթության նախարարությունը հայտարարեց ընդունելության քննությունների նոր համակարգին անցնելու մասին. այն պարզեցված է եւ զուգակցված է դպրոցական ավարտական քննությունների հետ: Թվում է` այստեղ բարդ բան չկա, հարկավոր է ընդամենը նախօրոք հայտնել բուհ ընդունվելու մասին, ինչն էլ արվեց. 2005թ. փետրվարի 15-ը դիմորդներից դիմումների ընդունման վերջին օրն էր:
Աթիլլա Մատիշչակը կրթության նախարարի` մամուլի հարցերով 6 խորհրդականներից մեկն է: Աթիլլայի պարտականությունների մեջ է մտնում բարձրագույն կրթության հետ կապված ողջ հաղորդատվությունը:
– Նախնական փուլում նոր համակարգի ներդրման հանձնաժողովը տասնյակ քննարկումներ անցկացրեց բոլոր հիմնական կողմերի հետ` Բոլոնյան կոմիտեի, ռեկտորների եւ ուսանողների խորհուրդների հետ: 2-րդ փուլում մոտ 100 հանդիպումներ կայացան ողջ երկրով մեկ` դպրոցներում, համալսարաններում, պարզապես շահախնդիր կողմերի` ծնողների եւ ուսանողների հետ: Այս ամենը մոտ կես տարի տեւեց: Սկզբում ես պարզապես դիտորդ էի` գրի էի առնում գաղափարները, թե ինչպես կարելի է ավելի լավ կազմակերպել քարոզարշավը, իսկ հետո` հանդիպումների ժամանակ, իմ խորհուրդները դեր էին խաղում այն իմաստով, թե ինչպես ավելի լավ ներկայացնել բարեփոխումները հասարակությանը:
Նշեմ, որ բոլոր հանդիպումները տեղի էին ունենում նախարարի կամ բարձրագույն դպրոցի գծով նրա տեղակալի մասնակցությամբ:
Ամենակարեւոր ու ամենապարզ դասն այն էր, որ պետք է խուսափել ոչ լիարժեք, անհետեւողական, իրարամերժ եւ ոչ ստույգ տեղեկություններ տալուց: Հակառակ դեպքում խնդիրներ կառաջանան: Սխալ մեկնաբանությունները կամ պարզապես խոսքի մեջ թույլ տված անճշտությունները հանգեցրին նրան, որ նախարարությունը հեղեղվեց հարցերի տարափով: Ստեղծվեց խնդրի մանրամասներն իմացող մասնագետների խումբ, մնացած կառույցներին արգելվեց պատասխանել հարցերին: Նախարարության աշխատակիցները ստիպված էին պատասխանել միջին հաշվով ամիսը 4000 հարցի:
– Մեր կայքում մանրամասն տեղեկատվություն կա այն ամենի մասին, թե ուր եւ ինչպես դիմել, համակարգի փոփոխությունների, անհրաժեշտ միավորների, թեստավորման համակարգի մասին: Այդ տեղեկատվությունը, ինչպես նաեւ թեստերի օրինակները, լույս են տեսել նաեւ առանձին բրոշյուրով,- ասում է կրթության հարցերով Ազգային տեղեկատվական կենտրոնի փոխտնօրեն Եվա Ռոբերթսը:
Նոր թեստերում ոչ մի արտառոց բան չկա. ամեն ինչ հիմնված է դպրոցական ծրագրերի վրա, սակայն շեշտն ավելի շուտ դրված է տրամաբանության, ոչ թե անգիր արված գիտելիքների վրա:
Սակայն հարցերը դրանից չպակասեցին: Հիմնական հարցն առաջացավ թեստերի 2` միջին եւ բարդ տարբերակների հետ կապված: 2-րդ տարբերակի ընտրությունը թույլ էր տալիս լրացուցիչ 7 միավոր վաստակելու (ՀՀ-ում նույնպես նախատեսված է թեստերի այդպիսի ձեւ): Կարծիքները բաժանվեցին. համալսարանները եւ ուսուցիչները քարոզում էին միջին բարդության թեստերի օգտին, նախարարությունն այս հարցում անհրաժեշտ պարզություն չմտցրեց: Մեծամասնությունը գնաց ավելի հեշտ ճանապարհով, եւ արդյունքում տուժեց: Շատերն անհրաժեշտ միավորներ չհավաքեցին, քանի որ ընտրել էին ավելի հեշտ տարբերակները:
– Ցանկացած տեղեկատվություն բաց էր եւ մատչելի եւ՛ հասարակության, եւ՛ մամուլի համար, սակայն լրագրողները, իմ կարծիքով, ուշադրությունը կենտրոնացրել էին սկանդալների վրա,- ասում է Աթիլլան:
– Չեմ ժխտում, տեղեկատվությունն իրոք մատչելի էր,- ասում է Դորա Վարգան` «Նեպսաբադշագ» թերթի թղթակիցը: -Սակայն ինչպե՞ս կարելի էր չլուսաբանել սկանդալները, եթե քննություններից մի երկու օր առաջ թեստերի օրինակները շրջում էին Ինտերնետում: Կամ` ես ամեն շաբաթ տեղեկատվություն էի տալիս կրթության հարցերով, սակայն մի քանի օր անց այն հնացած էր լինում, քանի որ նախարարությունը փոփոխություններ էր անում կանոնների մեջ: Կարծում եմ` նախարարությունն ուշացրեց քարոզարշավի սկիզբը:
Իմ զրուցակիցներից ոչ ոք չէր կասկածում, որ այս տարի ամեն ինչ կարգին կլինի: «Նախկին լարվածությունը չկա»,- ասում էին նախարարությունում եւ Տեղեկատվական կենտրոնում: Ինչպես կատակեց Դորա Վարգան, «սկանդալներ չեն լինի, եթե, իհարկե, քաղաքականությունը, այսինքն` ընտրությունները, խաղաքարտերը չխառնեն»:
Կրթության ոլորտի խնդիրների մասին խոսակցությունը շարունակվեց Բուդապեշտի Տեխնոլոգիաների եւ տնտեսագիտության համալսարանում:
Պրոռեկտոր Յանոշ Կովեշին խոսեց ընդհանուր խնդիրներից: Պարզվում է` այնտեղ էլ դասախոսները դժգոհ են ուսանողների ցածր մակարդակից, այնտեղ նույնպես մասնավոր պարապմունքներ կան, սակայն չկա մի բան` չկա կոռուպցիա բուհերում, դպրոցներում եւ ընդունելության քննությունների ժամանակ:
– Ակնհայտ է, որ մոտ ապագայում Հունգարիան կարիք չի ունենա 5-ամյա համալսարանական կրթությամբ մասնագետների այդպիսի մեծ քանակի,- ասում է պրոռեկտորը,- մեր հաշվարկներով` բակալավրների ընդամենը 30-40%-ը ուսումը կշարունակեն մագիստրատուրայում: Բարձրագույն կրթության մասին օրենքը, որ սահմանում է 3-ամյա ուսուցում բակալավրիատում եւ 2-ամյա` մագիստրատուրայում, մեծ ուշադրություն է ցուցաբերում բակալավրիատի նկատմամբ, որպեսզի աշխատաշուկայում նրանց իրավունքները չոտնահարվեն: …Իսկ միաստիճան ընդունելության համակարգին անցնելը կհեշտացնի գործը, ավելի քիչ կլինեն կազմակերպչական խնդիրները:
Վերջաբանի փոխարեն
Կրթության ոլորտի բարեփոխումների հունգարական փորձը ցույց տվեց, որ հերիք է մի քիչ ուշացնել տեղեկատվությունը, եւ ինֆորմացիոն վակուում է ստեղծվում: Չնայած նախապատրաստական հսկայական աշխատանքին, մարդկային եւ ֆինանսական ռեսուրսներին` հունգարացիներին չհաջողվեց խուսափել խնդիրներից: Սակայն նրանք արդեն անցել են այդ փուլով:
Իսկ մեզ համար դեռ ամեն ինչ առջեւում է: Կարելի է սովորել ուրիշի սխալների վրա, կարելի է եւ սեփական սխալների վրա սովորել: Մենք ենք ընտրում: Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ հաջորդ տարի ՀՀ-ում նոր համակարգով ընդունելության քննություններ չեն անցկացվելու: Քաղաքական կամք է հարկավոր, ոչ թե քաղաքականացված: Հարկավոր է, որ մեր հարազատ նախարարությունն ակտիվորեն եւ հետեւողականորեն քարոզարշավ անցկացնի բարեփոխումների օգտին` հաշվի առնելով դրա արմատական բնույթը եւ այն հանգամանքը, որ ազգի գրեթե 1/3-ը մասնակցում է այդ ամենաազգային սպորտաձեւին: Հարկավոր է, որ բոլոր ենթաբաժինները, հատկապես Գնահատման եւ թեստավորման կենտրոնը, արդեն այսօր կարեւոր դեր խաղան կրթական ոլորտում, որպեսզի ապագա դիմորդներն այսօր արդեն իմանան սպասվող փոփոխությունների մասին, որպեսզի արդեն այսօր այդ թեման դառնա հասարակության քննարկման առարկա: Հարկավոր է հասարակությանը նախապատրաստել, առավել եւս` հայ հասարակությանը, որն այնքան բծախնդիր է իր երեխաների կրթության հարցերում:
Հ.Գ. Հոդվածի ամբողջական տարբերակը տպագրվել է Երեւանի մամուլի ակումբի շաբաթական տեղեկագրում (Ապրիլի 14-20, www.ypc.am):