Դատախազությունն առաժմ մի հաղորդագրություն է տարածել, ըստ որի` 1985թ. ծնված Անչալիան պատուհանից իրեն դուրս է նետել՝ ստանալով գլխի ճակատային շրջանի 2 սալջարդ, զույգ սրունքթաթային հոդերի եւ կոճերի պրոյեկցիայով վերքեր, ողնաշարի կոտրվածք, այլ բազմաթիվ արյունազեղումներ եւ վերքեր գլխի, ոտքերի եւ ձեռքերի վրա: Դեպքի կապակցությամբ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազությունում հարուցվել է քրգործ` ՀՀ Քրօր.-ի 110 հոդվածի 1-ին մասով: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Պ.Անչալիան նույն սենյակում բնակվել է Հնդկաստանի քաղաքացի Պրաբհատ Կումարի հետ: Վերջինս դեպքի օրն Անչալիային մեղադրել է իր 120 դոլարը գողանալու մեջ, քանի որ սենյակի բանալին ունեցել են երկուսով եւ դրամի գտնվելու տեղն իմացել է Անչալիան: Վերջինս մեղադրանքը հերքել է, եւ նրանք կատարվածի մասին տեղեկացրել են հանրակացարանի պարետ Մ.Ադամյանին, որն էլ խորհուրդ է տվել դիմել ոստիկանություն: Վերադառնալով սենյակ` Կումարն Անչալիային ասել է, որ եթե չվերադարձնի գումարը, երեկոյան դիմելու է ոստիկանություն: Որից հետո Կումարը դուրս է եկել սենյակից, գնացել լոգարան, մի քանի րոպե անց վերադառնալով՝ տեսել է, որ Անչալիան սենյակում չէ: Բակից ճչոցներ է լսել ու տեսել, որ վերջինս ընկած է գետնին: Տեղեկանալով կատարվածի մասին` հանրակացարանի պարետն անմիջապես ահազանգել է շտապօգնություն: Ըստ դատախազության տվյալների, շտապօգնությունը դեպքի վայր է հասել ահազանգը ստանալուց 14 րոպե հետո: Պռաշանտ Անչալիային անմիջապես տեղափոխել են Միքայելյան վիրաբուժության կենտրոն, սակայն հիվանդանոցի բակում նա արդեն մահացել է: Նախաքննությունը շարունակվում է:
Կատարվածի առնչությամբ հնդիկ ուսանողների կրքերն, ըստ ԵՊԲՀ ղեկավարության, հանդարտվել են: Ինչպես հավաստիացնում է Միջազգային կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը, ուսանողներին խաղաղեցնելու գործում իրենց աջակցում են նաեւ ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատան ներկայացուցիչները: Վերջիններս այս մասին շարունակում են որեւէ մեկնաբանություն չտալ: Ըստ Ե.Սահակյանի` 2 օր առաջ համալսարանի արտասահմանցի ուսանողների ներկայացուցիչները հանդիպել են ԵՊԲՀ ռեկտորի հետ եւ քննարկել ուսումնական գործընթացի հետ կապված հարցեր: Ե.Սահակյանը հավաստիացնում է, որ հնդիկ ուսանողի մահվան դեպքն այդ օրը քննարկման առարկա չի եղել. «Քննարկվել են միայն արտասահմանցի ուսանողների ինքնակառավարման հետ կապված խնդիրներ, արտասահմանցի ուսանողների ուսանողական խորհրդի ընտրությունների հետ կապված հարցեր»: Պրոռեկտորը հերքում է լուրերը, թե ԵՊԲՀ-ում վարձաչափերի բարձրացում է սպասվում: Ի դեպ՝ համալսարանի 4500 ուսանողներից 1600-ը արտասահմանցիներ են: Նրանց ուսման տարեկան վարձաչափը մինչեւ 2200 ԱՄՆ դոլար է: Տեղացի ուսանողները վճարում են դրամով՝ տարեկան 800.000 դրամ: