Հոդվածը պատրաստել է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR-ի) լրագրողական խումբը Նախիջեւանում, Բաքվում եւ Երեւանում (Կովկասյան լրատվական ծառայության No. 336, 19 օգոստոսի, 2006թ.)
Հին Ջուղայի գերեզմանատան հարցը Կովկասի ջրբաժան ամենասուր խնդիրներից է դարձել, բայց մինչ այժմ ոչ ոք ի վիճակի չի եղել պարզաբանել Ադրբեջանում գտնվող Ջուղայի միջնադարյան քրիստոնեական հայտնի գերեզմանատան ճակատագրի շուրջ գոյություն ունեցող առեղծվածը: Հայերն այս գերեզմանատունը համարում են միջնադարյան խաչքարերի ամենաարժեքավոր նմուշը. խաչքարեր ու տապանաքարեր, որոնցից ավելի քան երկու հազարը դեռ կանգուն էին ուշ 80-ական թվականներին: Հարուստ փորագրություններով տապանաքարերից յուրաքանչյուրը փորագրության գլուխգործոց էր:
Հայերն ասում են` գերեզմանատունը հավասարեցվել է հողին` համեմատելով դրա ոչնչացումը թալիբանյան Աֆղանստանում Բուդդայի երկու հսկա արձանների ոչնչացման հետ: Ի պատասխան Ադրբեջանը Հայաստանին մեղադրեց աղմուկ բարձրացնելու համար եւ Հայաստանի տարածքում ադրբեջանական հուշարձանների ոչնչացման գործում: IWPR-ի լրագրողն առաջին էր, ով այցելեց Ադրբեջանի` Իրանի հետ սահմանին գտնվող գերեզմանատան տարածք եւ հաստատեց, որ գերեզմանատունն ամբողջությամբ անհետացել է:
Եվրոպական խորհրդարանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն եւ Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատը հետաքրքրություն են ցուցաբերել Ջուղայի գերեզմանատան ճակատագրի հարցում: Սակայն, մինչեւ օրս, Ադրբեջանի կողմից այդ վայրն այցելելու թույլտվություն ոչ ոքի չի տրվել: Եթե միջազգային դիտորդները կարողանան հաստատել, որ գերեզմանատունը հավասարեցվել է հողին, ապա այդ փաստը 2 երկրների հարաբերություններում անկասկած հերթական սուր լարվածության ալիք կստեղծի:
Ջուղայում WPR-ի լրագրողին ուղեկցում էին Անվտանգության ծառայության ադրբեջանցի երկու աշխատակիցներ, լրագրողի տեղաշարժը սահմանափակ էր: Նրան թույլ չի տրվել մոտենալ Արաքս գետի ափին, որտեղ եւ ժամանակին գտնվել է գերեզմանատունը, քանի որ այն սահմանային պաշտպանվող գոտու մեջ է: Այնուամենայնիվ, նա կարողացել է պարզ տեսնել, որ գերեզմանատուն այնտեղ չկա, այլ պարզապես լերկ հող է: Ոչ էլ, ինչպես որոշ հայաստանցիներ հավաստում են, այնտեղ ռազմական հրաձգարան կա: Նրան հաջողվել է տեսնել 20-րդ դարի հայկական տապանաքարերով կանգուն գերեզմանատուն` մոտակա գյուղերից մեկում: Սա Եվրոպայի ամենաանհասանելի մասերից մեկն է, տեղակայված Ադրբեջանի Նախիջեւան էքսկլավում, որ հարում է Հայաստանին եւ Իրանին եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ չլուծված խնդրի պատճառով միացած է Ադրբեջանին միայն օդային ճանապարհով:
Հին Ջուլֆան, կամ ինչպես հայերն են ասում` Ջուղան, գտնվում է Արաքս գետի հյուսիսային ափին եւ բաժանում է Նախիջեւանն Իրանից: Հայ եւ այլ պատմաբանների խոսքերով, Ջուլֆան միջնադարում հայկական ծաղկուն քաղաք էր: Բայց 1604 թվականին Պարսկաստանի շահ Աբբասն ուժով վերաբնակեցրեց Ջուլֆայի բնակիչներին Իսպահանում, որտեղ մինչեւ հիմա էլ գոյություն ունի Նոր Ջուղա անվամբ հայկական թաղամաս: Քանդված քաղաքն ու իր գերեզմանատունը մնացին, ուր տարիների ընթացքում բազմաթիվ ճանապարհորդներ են այցելել: Բրիտանացի արեւելագետ սըր Վիլյամ Օուսլին այնտեղ եղել է 1812թ. հուլիսին եւ գտել «ներկայիս պահին բացարձակ անկման մեջ մի քաղաք», եւ փլատակներն այն բաների, որ ժամանակին աշխարհի ամենահայտնի քարե կամուրջներն են եղել: Նա գրում է. «Ես ուսումնասիրել եմ Ջուլֆայի հիմնական մնացուկները, որտեղ 45 հայ ընտանիք, ակնհայտորեն` ամենացածր խավի, կազմում են ողջ բնակչությունը»:
«Քաղաքի նախկինում բազմաթիվ բնակչության մասին է վկայում մեծ գերեզմանատունը, որ տեղակայված է դեպի գետն իջնող զառիվայր ափին, պատված ուղղահայաց դիրքում տապանաքարերի բազմաթիվ շարքերով, որոնք մարդկանցով լի հրապարակ կամ, ավելի ճիշտ, խիտ շարքով կանգնած զորք են հիշեցնում»:
Նախիջեւանի հայկական հուշարձանների մասնագետ, պատմաբան Արգամ Այվազյանն ասում է` Ջուղայի գերեզմանատունը միջնադարյան արվեստի բացառիկ հուշարձան էր եւ հայկական գոյություն ունեցող հին ամենամեծ գերեզմանատունը: Այնտեղ բացառիկ ուղղահայաց տապանաքարեր կային, եկեղեցի եւ քարե մեծ կամուրջի փլատակներ: Նրա խոսքերով, աշխարհում եւ ոչ մի այլ տեղ հազարավոր խաչքարերի նման մեծ խմբավորում մի տեղում չկա:
Այվազյանը վերջին անգամ Հին Ջուղա այցելել է 1987-ին, երբ այն դեռ հիմնականում կանգուն էր, չնայած խորհրդային տարիներին առկա վատ պահպանությանը:
Ծնունդով նախիջեւանցի հայ նկարչուհի Լուսիկ Ագուլեցին նույնպես վերջին անգամ տեղանքն այցելել է 1987 թվին, բայց` հատուկ ուղեկցությամբ: «Հայաստանում նման բան չկա»,- ասում է նա: «Դա մի ապշեցուցիչ տեսարան էր: Երկու բլուրն ամբողջությամբ պատված էին խաչքարերով. մեզ թույլ չտվեցին ոչ նկարել, ոչ էլ լուսանկարել»: Հայաստանն այժմ մեղադրում է Ադրբեջանին մշակութային կանխամտածված վանդալիզմի մեջ:
«Հին Ջուղայի խաչքարերի ոչնչացումը նշանակում է մարդկության պատմության մի ողջ երեւույթի ոչնչացում, քանի որ դրանք ապացույցն են ոչ միայն այն մշակույթի ու ժողովրդի, որ դրանք ստեղծել է, այլեւ խորհրդանիշ են որոշակի մշակութային ժամանակաշրջանի»,- ասում է Հայաստանի կառավարությանն առընթեր Ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերով վարչության պետ Հրանուշ Խառատյանը:
«Նախիջեւանի ողջ տարածքում կար 27. 000 վանք, եկեղեցի, խաչքար, տապանաքար եւ հայկական այլ հուշարձաններ»,- ասում է Այվազյանը: «Այսօր դրանք բոլորը ոչնչացված են»: Չնայած Ադրբեջանը կասկածի տակ է առնում գերեզմանատան պատմական ծագումը, այնուամենայնիվ, դրա մշակութային կարեւորությունը հաստատվում է նաեւ Դավուդ Ախունդովի 1986 թվականին լույս տեսած «Հին եւ վաղ միջնադարյան Ադրբեջանի ճարտարապետությունը» գրքում, որում Ջուղայի խաչքարերի մի քանի լուսանկար կա: Ախունդովի գրքում այս քարերը կովկասյան աղվանական ծագում ունեն: Այս վարկածը համընկնում է Ադրբեջանում դասավանդվող պաշտոնական վարկածի հետ, համաձայն որի` քրիստոնեական հուշարձանները ոչ թե հայկական, այլ աղվանական գործեր են: Կովկասյան աղվանները Կովկասի հարավ-արեւելքում բնակվող Ալբանիայի հետ առնչություն չունեցող ժողովուրդ էին, որոնց մշակույթը Միջին դարերում անկում ապրեց:
Այսօր մոտ 500 հոգի բնակչություն ունեցող մի գյուղ կա Գուլիստան անունով, որի կողքին էլ գտնվում էր գերեզմանատունը: Կլիման այստեղ խիստ է ու չոր: Տները հիմնականում կավից ու գետի քարից են:
Դժկամությամբ հաղորդակցվող տեղաբնակները ժխտում են, որ այստեղ երբեւէ հայկական գերեզմանատուն է եղել: «Ջուլֆայի որոշ մասերում կան պատմական քրիստոնեական գերեզմանատներ, բայց դրանք Կովկասյան Աղվանքի հուշարձաններ են եւ հայերի հետ ոչ մի կապ չունեն», – ասում է Ջուլֆայում բնակվող քաղաքագետ Զաուր Իբրահիմլին: Նա ավելացնում է, որ կա մեծ հայկական գերեզմանատուն եւ եկեղեցի, որոնք դեռ կանգուն են, Սալխանգայա գյուղի մոտ: «Արաքսի ձայն» Ջուլֆայի տեղական թերթի խմբագիր Հուսեյն Շուքուրալիեւն ասում է, գերեզմանատան ոչնչացումը սկսվել է դեռ 1828 թվականին, երբ Ադրբեջանը դարձավ Ռուսական Կայսրության մաս: Հազարավոր տապանաքարեր ոչնչացվեցին նաեւ 20-րդ դարի սկզբում, երբ կառուցվեց երկաթգիծը. ասում է նա: Ադրբեջանի Հնեաբանության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Սաֆար Աշուրովը հերքում է գերեզմանատան հայկական լինելը` ասելով, որ ուղղահայաց տապանաքարերը «բացառապես թուրքական մահմեդական գերեզմանային արվեստի տարր են»:
Սակայն երկու այլ ականատեսներ հայտնեցին IWPR-ին, որ ավելի ուշ էլ է գերեզմանատունը քանդվել` չնայած, որ ոչնչացումը կարող էր սկսված լինել շատ ավելի վաղ, քան հայերն են ասում:
Ինթիգամ անունով մի մարդ, որ Բաքվում մետաղական ամանեղեն է նորոգում, ասաց, որ 1988-89 Խորհրդային բանակում ծառայելիս եղել է Ջուլֆայում: 1989-ի վերջին ադրբեջանցի ծայրահեղ ազգայնական ուղղվածության քաղաքական գործիչ Նեմաթ Պանախովը քանդել է Իրանի հետ Նախիջեւանի սահմանակետերը: Ինթիգամի խոսքերով, Ջուլֆայի գերեզմանատան այդ հատվածը ոչնչացվել է այդ ժամանակ:
Պանախովն ինքը ժխտեց վերոնշյալ հանգամանքը, երբ IWPR-ը կապվեց նրա հետ, ասելով` «լրագրողներն ինձ միշտ խաբում են, եւ ես այլեւս նրանց հետ գործ ունենալ չեմ ուզում»:
Երկրորդ ականատեսը, որ խնդրեց չնշել իր անունն, ասաց, որ այդ վայրում մինչեւ 2002-ը խաչքարեր կային, բայց դրանք Նախիջեւանի ռազմական հրամանատարության հրամանով վերացվել են:
Իրանահայ ճարտարապետ Արփիար Պետրոսյանն ասաց IWPR-ին, որ ինքն ընկերոջ հետ 1998-ին այցելել է սահմանի իրանական հատվածը` տեսնելու սահմանի այն կողմում գտնվող հուշարձանները: Նրանք նույնպես տեսել են կամուրջի փլատակները: Գետից այն կողմ դեպի Ադրբեջան նայելով նա տեսել է հարթակով գնացք, որն ակնհայտորեն խաչքարերը հեռացնում էր գերեզմանատնից:
Հայաստանի մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանն ասում է, որ Հայաստանի կառավարությունը տագնապ է բարձրացրել 1998-ին:
«Այն ժամանակ մենք ոտքի կանգնեցրինք ողջ միջազգային հանրությանն ու կասեցրինք ոչնչացումը», ասաց նա IWPR-ին: «Բայց 2003-ին ոչնչացումը նորից սկսվեց: Շատ խաչքարեր գետնի տակ թաղվեցին, մնացածն էլ ոչնչացվեց եւ լցվեց Արաքսը»:
Վերջին մի քանի ամիսների ընթացքում Ջուղայի շուրջ ծավալվող քարոզչական պատերազմը նոր թափ առավ, երբ նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Ռոբերտ Քոչարյանի փետրվարին կայացած հանդիպումը մտավ փակուղի:
Միջազգային կառույցներն այժմ թույլտվություն են պահանջում գերեզմանատան տարածք այցելելու համար: Եվրոպառլամենտը փետրվարին որոշում է ընդունել` դատապարտելով գերեզմանատան ոչնչացումը:
Այնուամենայնիվ, Ադրբեջանն ասում է, որ Եվրոպական խորհրդարանի Պատգամավորական խմբին կընդունի միայն այն դեպքում, եթե այն այցելի նաեւ Հայերի կողմից վերահսկվող տարածքներ: Միջազգային համայնքի կողմից որպես արբեջանական ճանաչված տարածքի մոտ մեկ յոթերորդը ղարաբաղյան հակամարտության ավարտից ի վեր գտնվում է հայկական վերահսկողության տակ:
«Կարծում ենք, եթե ամբողջական մոտեցում որդեգրվի բարձրացված խնդիրների նկատմամբ, ապա հնարավոր կլինի Ադրբեջանի տարածքում, այդ թվում` նաեւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում, քրիստոնեական հուշարձանների ուսումնասիրություններ անել»,- ասել է Ադրբեջանի Արտգործնախարարության մամուլի խոսնակ Թահիր Թագիզադեն:
Ադրբեջանի Արտգործնախարարությունը պնդում է, որ Հայաստանում մուսուլմանական հուշարձաններ են ոչնչացվել: Այդ հայտարարության մեջ ասվում է, որ Հայաստանի ներկայիս մաս կազմող մահմեդական տիրապետության տակ գտնվող Երեւանյան Խանության առնվազն 1587 մզկիթ եւ 23 մեդրեսե է ոչնչացվել, Զանգեզուրի եւ Էջմիածնի տարածքում ավելի քան 830 մզկիթ քանդվել եւ մահմեդական ավելի քան 500 գերեզմանոց է ոչնչացվել Հայաստանում: Հայտարարությունը չի նշում, թե երբ են դրանք ոչնչացվել:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը մեղադրում է միջազգային հանրությանը` Ջուղայի հուշարձանների ոչնչացման հարցին ավելի վաղ չարձագանքելու համար, համեմատելով այսօրվա պասիվությունն այն աղմկալի արձագանքի հետ, որ հետեւեց Բամիանում 2001-ին թալիբների կողմից Բուդդայի երկու արձանների ոչնչացմանը: «Ինչո՞ւ այս դեպքում էլ նույն արձագանքը չեղավ»,- հարցնում է Իշխանյանը: «Այն ժամանակ աշխարհի հանրության ուշադրությունը սեւեռված էր Թալիբան ռեժիմի դեմ, եւ բարբարոսության այս ակտն օգտագործվեց որպես քարոզչության գործիք նրանց դեմ ռազմական գործողություն սկսելու համար»:
Իդրակ Աբբասով (Նախիջեւան)
Շահին Ռզաեւ եւ Ջասուր Մամեդով (Բաքու)
Սեդա Մուրադյան, Նարինե Ավետյան եւ Կարինե Տեր-Սահակյան (Երեւան)