Նոր լարում Ջավախքում

01/05/2006

«Regnum»-ի փոխանցմամբ` երեկ Ախալքալաքի բնակիչները փակել են քաղաքում տեղակայված ռուսական 62-րդ ռազմակայանին պատկանող կապի մեքենայի ճանապարհը: Հավաքված բազմությունը ռուսական ռազմակայանի կապի մեքենան շրջապատել է եւ պահանջել է, որ այն վերադառնա ռազմակայանի տարածք: Հավաքվածներից մեկը նշել է, որ մեքենան պետք է գնար Ծալկա: Ըստ ներկայանալ չցանկացած այդ անձի, կապի մեքենայի դուրսբերումը նշանակում է Ջավախքի տարածքից ռուսական ռազմակայանի դուրսբերման գործընթացի սկիզբ, քանի որ կապի մեքենան հետագայում պետք է ապահովի ծանր տեխնիկայի դուրսբերումը: Բնակիչները, ըստ այդ անձի, դեմ են ռուսական ռազմաբազայի դուրսբերմանը, քանի որ դեռ կան բազմաթիվ չլուծված հարցեր, մասնավորապես` տարածաշրջանի հայերի անվտանգության ապահովումն ու աշխատատեղերի ստեղծումը: Ջավախահայերը Ռուսաստանի եւ Վրաստանի իշխանություններից պահանջում են բացատրել, թե ինչո՞ւ ռուսական ռազմակայանի դուրսբերման բանակցություններին տեղի հայ բնակչությունը չի ներգրավվել: