Մանկությունը
Անրի Վերնոյը (Աշոտ Մալաքյան) ծնվել է 1920թ. հոկտեմբերի 15-ին, Թուրքիայի Ռոդոսթո կոչվող բնակավայրում: Անրիի կյանքի ուղին նման է Արեւմտյան Հայաստանի հարյուր հազարավոր հայերի ճակատագրերին: 1924թ. Մալաքյանների ընտանիքը փախչում է Հունաստան, հետո` հաստատվում Մարսելում, իսկ 1930թ.` Փարիզում:
«Թուրքիայից մենք տեղափոխվեցինք Հունաստան, իսկ երկու տարի անց մեկնեցինք Մարսել: Ես զրկված էի հասակակիցներիս հետ շփվելու հնարավորությունից, մեր միջավայրում հայեր չկային: Դե, իսկ ֆրանսիացիների համար ես ոչնչություն էի: Ինձ հիշում եմ բակի պատերից մեկի հետ գնդակ խաղալիս: «Միայնություն» կոչվող այդ աննկարագրելի ծանր բեռի զգացումը երբեք ինձ չի լքել»,- պատմում է ռեժիսորը:
Ռեժիսորը
Էկուան-Պրովանսում գտնվող ֆրանսիական լիցեյն ավարտելուց հետո Վերնոյն ընդունվում է ինստիտուտ եւ որոշում է կատարել հոր կամքը` դառնալ լրագրող: Արդյունքում` «Մարսելյեզ» թերթում հրապարակվում է Թուրքիայում հայերի դեմ կատարած ցեղասպանությանը նվիրված նրա հոդվածաշարը:
Սակայն, ինչպես ինքն էր խոստովանում, ժուռնալիստիկան իրեն չէր հետաքրքրում, եւ 40-ականների վերջին նա իր հայացքն ուղղում է կինեմատոգրաֆիային եւ նկարահանում շուրջ 20 կարճամետրաժ ֆիլմեր: 1950թ. նոյեմբերի 20-ին նա ստորագրում է պայմանագիր իր առաջին լիամետրաժ «Մեռածների սեղան» ֆիլմի համար: Սա Մարսել Էմեի համանուն նովելի էկրանավորումն էր: Գլխավոր դերում նկարահանվեց Ֆերնանդելը: Մի քանի տարի անց Ֆերնանդելի մասնակցությամբ նրա հաջորդ ֆիլմը` «Կովը եւ զինվորը», ռեժիսորին մեծ ճանաչում բերեց: Անրի Վերնոյը նկարահանել է շուրջ 30 ֆիլմ: Վերնոյը ֆրանսիական դետեկտիվի, արկածային ժանրի եւ կոմեդիայի մետրն էր: Ֆերնանդելի մասնակցությամբ նա նկարահանել է ութ ֆիլմ, հինգ ֆիլմ` ժան Գաբենի մասնակցությամբ, որոնց թվում են «Կապիկը ձմռանը», «Մեղեդին նկուղից», «Սիցիլիացիների կլանը», վեց ֆիլմ` Բելմոնդոյի մասնակցությամբ` «Ուիքենդ Զյուիդկոտում», «Սարսափը քաղաքի վրա» եւ այլն: Ռեժիսորի մյուս ֆիլմերում նկարահանվել են Ալեն Դելոնը, Էնթոնի Քուինը, Յուլ Բրինները, Իվ Մոնտանը, Պատրիկ Դեները …
Նկարահանելով տասնյակ ճանաչված ֆիլմեր եւ ստանալով բազմաթիվ մրցանակներ, Վերնոյն իր կարիերայի մայրամուտին անդրադարձավ հարազատ ակունքներին:
«Մայրիկ»
1991թ. նա պատմեց իր ընտանիքի պատմությունը «Մայրիկ» եւ «Պարադի փողոց, տուն 588» (սա Մալաքյանների ընտանիքի Մարսելյան հասցեն էր) ֆիլմերում: Այս երկու ֆիլմերը ռեժիսորի վերջին աշխատանքներն էին կինեմատոգրաֆիայում: Մինչ այդ Անրի Վերնոյը երբեք իր աշխատանքներում չէր անդրադարձել հայկական թեմատիկային, չհաշված նրա եւ Ազնավուրի համատեղ աշխատանքը` իննսուն ֆրանսիացի երգիչների եւ դերասանների մասնակցությամբ հանրահայտ «Քեզ համար Հայաստան» տեսահոլովակը, նվիրված Սպիտակի երկրաշարժին: Յուրաքանչյուր ոք, ով տեսել է ռեժիսորի վերջին երկու ֆիլմերը կհաստատի, որ նա երբեք չի մոռացել իր արմատները: Մի անգամ լրագրողի այն հարցին, թե ինչպիսի՞ն են Աշոտ Մալաքյանի եւ Անրի Վերնոյի փոխհարաբերությունները, նա պատասխանեց. «Է՜հ, բարեկամս, Աշոտն ու Անրին աստիճանաբար մտերմացան: Իսկ ավելի ուշ Վերնոյը դուրս մղեց Մալաքյանին եւ այժմ անկախ է: Անկախ է, այո՛, բայց ինչպե՞ս կարող է մոռանալ այն մշակույթը, որ մոր կաթի հետ է ստացել: Ես գրում, կարդում եմ հայերեն, եթե ստացվում է երկու-երեք օր անընդմեջ խոսել հայերեն, ապա խոսքս դառնում է վարժ եւ մաքուր: Սեփական արմատներից հրաժարվելը կնշանակի հրաժարվել ինքդ քեզնից: Հինգ տարեկանից ես մոմ եմ վառել հայկական եկեղեցում, իսկ եկեղեցին ոչ միայն հավատք է, այն նաեւ մշակույթ է: Երգում էի մեծն Կոմիտասի շարականները: Եվ եթե ես եկեղեցու զավակն եմ, հետեւաբար` նաեւ հայկական մշակույթի զավակն եմ»:
Մի քանի անգամ Վերնոյը հեռուստատեսությամբ պատմել է մոր մասին, կիսվել հիշողություններով: Այս պատմությունները հիացմունք առաջացրին ունկնդիրների շրջանում, եւ մի անգամ Անրի Տրուայան Վերնոյին խորհուրդ տվեց այդ պատմությունները հանձնել թղթին: Մոր մասին պատմությունները հավաքվեցին «Մայրիկ» գրքում: Այն գրվել է 1958թ., թարգմանվել տասը լեզուներով եւ լույս է տեսել երկու հարյուր հազար տպաքանակով:
Գրքի կազմի վրա փոքրիկ Աշոտի եւ մոր նանսենյան անձնագրի լուսանկարն էր:
«Ֆիլմը իմ ընտանիքի, իմ ժողովրդի մասին է: Այն իմ երախտագիտությունն է մորս: Բացի այդ, այն ուղղված է հայրենակիցներիս երիտասարդ սերնդին, բայց հույս ունեմ, որ այս կինոնկարը կդառնա թե՛ ֆրանսիացիների, թե՛ այլազգիների եւ թե՛ այլ դավանանքի պատկանող մարդկանց ընկերը: Նրանց ընկերը, ովքեր սիրում են, ովքեր երազում տեսնում են մորը եւ իրենց մանկությունը, որոնց հոգիներին հատուկ է կարեկցանքը մերձավորի եւ ընդհանրապես կենդանի արարածի հանդեպ:
Ֆիլմի երաժշտության հեղինակն է Ժան-Կլոդ Պտին, հոր դերը խաղում է Օմար Շարիֆը, հիասքանչ Նատալի Ռուսելը ներկայանում է մորաքույր Գայանեի դերով, իսկ մյուս մորաքրոջ դերը խաղում է հմայիչ Իզաբել Սադոյանը: Ես հրավիրել եմ հոլիվուդյան դիմահարդարների, բարձրակարգ ֆրանսիացի մասնագետների: Այս ֆիլմն իմ կյանքի պատմությունն է, որը պետք է ներկայացնեմ երկու ժամ քառասուն րոպեի ընթացքում: Մոնտաժն ինձ համար ասես կենդանի օրգանի անդամահատում լինի: Ինչպե՞ս պատմել մորս ութսուն տարվա կյանքի պատմությունն այդ րոպեների ընթացքում»:
1984թ. ի վեր Վերնոյը ոչ մի նոր ֆիլմ չի նկարել: Նա առանձնացավ, որպեսզի կենտրոնանա իր անցյալի վրա: Մի քանի տարիների ընթացքում Վերնոյը գրել էր ինքնակենսագրական ֆիլմի քառասունյոթ տարբերակ, եւ միայն քառասունութերորդը ներկայացվեց որպես սցենար: Ականավոր ֆրանսիացի ռեժիսոր, Պատվավոր լեգեոնի շքանշանի ասպետ, Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիայի անդամ Անրի Վերնոյը վախճանվեց 81 տարեկան հասակում, 2002 թ. հունվարի 11-ին փարիզյան հիվանդանոցներից մեկում: Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակն առաջիններից էր, ով իր ցավակցությունը հայտնեց ռեժիսորի ընտանիքին: Հենց նրան են պատկանում հետեւյալ խոսքերը. «Վերնոյը ֆրանսիական կինոյի լեգենդի մի մասն է»:
Մրցանակները
1954թ.-«Լոկարնոյի» գլխավոր մրցանակ «Հինգոտանի ոչխարը»
1956թ.-«Օսկար» լավագույն օրիգինալ սցենար «Հինգոտանի ոչխարը»
1980թ.-«Սեզար» լավագույն ֆիլմ եւ լավագույն սցենար «Եվ ինչպես Իկարը…»
1996թ.-«Սեզար» բոլոր ֆիլմերի համար