Արդեն ակնհայտ է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը հետ է կանչվելու ՀՀ-ում դեսպանի պաշտոնից: Մի խումբ ամերիկահայերի նախաձեռնությամբ օրերս բողոքի՝ «Դեղին ժապավեն» ակցիա է սկսվել ԱՄՆ Պետդեպարտամենտի այդ քայլի դեմ, քանզի նրանց հավաստմամբ` Ջ. Էվանսին այդպիսով Պետդեպարտամենտը պատժում է ԱՄՆ-ում հայ համայնքի առջեւ Հայոց ցեղասպանության մասին ճշմարտացի խոսքեր ասելու համար: Ըստ ամերիկյան թերթերի հրապարակումների, Էվանսը ոչ միայն հետ է կանչվում, այլեւ ընդհանրապես հեռացվելու է դիվանագիտական ասպարեզից: «Ոչ մի դեսպան ցմահ չի նշանակվում իր աշխատանքին, եւ քանի դեռ ես այստեղ եմ, ես շարունակելու եմ այստեղ իրականացնել ամերիկյան քաղաքականությունը,- երեկ «Հայաստան ծառատունկ» ծրագրի կազմակերպած միջոցառման ժամանակ ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց Ջոն Էվանսը: -Ես ծառայում եմ իմ երկրի նախագահին, ես չգիտեմ` որքան եմ շարունակելու իմ աշխատանքը Հայաստանում»: Իսկ Ամերիկան ինչպե՞ս կվերաբերվի այն հանգամանքին, որ Հայաստանի իշխանությունները, Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկից հետո, կարող է Իրան-Հայաստան գազամուղն էլ տան Ռուսաստանին. այս հարցին դեսպանն ընդհանրապես չպատասխանեց. «Այսօր մենք մոլորակի օրն ենք տոնում, եկեք խոսենք մոլորակի օրվա ծառերի մասին»,- ասաց նա: