Երեկ ժամը 12:55-ի սահմաններում մայրաքաղաքի Ոստիկանության Էրեբունու բաժնի մոտակայքում «Նոր Ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանի ծառայողական երկու մեքենաների վրա են հարձակվել ատրճանակներով եւ ավտոմատներով զինված 12 անձինք, որոնցից միայն չորսը դիմակավորված չեն եղել: Մյուսները եղել են դիմակներով:
Այս մասին երեկ հրավիրած ասուլիսում տեղեկացրեց ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը: Ըստ նրա, այդ 12 անձինք կոպտորեն, գոռում-գոչյունով եւ ահաբեկելով գետնին են պառկեցրել իր թիկնազորի տղաներին, իսկ վարորդին մարմնական վնասվածք են հասցրել: Այնուհետեւ այդ զինված անձինք Ա. Կարապետյանին թողել են փողոցում եւ նրա թիկնազորի անդամներին եւ վարորդին` թվով հինգ հոգու, կուսակցության ծառայողական մեքենաներով տարել են անհայտ ուղղությամբ: Ա. Կարապետյանի վկայությամբ` հարձակման ողջ ակցիան դիմակավորված անձինք չորս տեսախցիկներով նկարահանել են: ՆԺԿ լրատվական ծառայության նախնական տեղեկություններով` զինված անձինք ՀՀ ԱԱԾ ստորաբաժանումներից են եղել: ԱԱԾ լրատվական ծառայությունից էլ մեր թերթին փոխանցեցին, որ վերը նշված գործողության պատճառը եղել են տեղեկություններն այն մասին, որ ձերբակալվածները զինված են եղել: Արդյունքում` ըստ ԱԱԾ լրատվական ծառայության` հայտնաբերվել են գազային երեք ատրճանակներ: «Ինձ ոչինչ չարեցին: Ես այդ պահին խոսում էի կուսակցության գրասենյակի հետ: Ատրճանակով զինված դիմակավորներից մեկին հարցրի՝ ո՞վ եք, ասաց՝ սո՛ւս: Երբ հարցրի՝ սուս չմնամ, կկրակե՞ք, ասացին, որ դուրս գամ մեքենայից: Մեքենաները եւ տղաներին քշեցին-տարան անհայտ ուղղությամբ, իսկ ես տաքսիով եկա գրասենյակ»,- պատմում էր Ա. Կարապետյանը: Հետաքրքիր է, որ գազային ատրճանակով զինված է եղել նաեւ ՆԺԿ ղեկավարը, սակայն նրան նեղություն չեն տվել: Ա. Կարապետյանը երեկ լրագրողներին ցույց տվեց իր` գազային ատրճանակ կրելու իրավունքը հավաստող փաստաթուղթը` Ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Վարյանի ստորագրությամբ, հավելելով, որ մյուս բոլոր գազային ատրճանակների դեպքում էլ ամեն բան օրինական է եղել: ՆԺԿ ղեկավարը երեկ պնդում էր, թե այս ամենն արվել է «մինիմում ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանի հրամանով եւ իմացությամբ» եւ նպատակը եղել է իրեն ահաբեկելը եւ իր շրջապատին: Արամ Կարապետյանի խոսքերով` ԱԱԾ-ն ուզում է ցույց տալ, թե երկրում ով է տերը: «Ցույց տվեցին, որ մենք ճիշտ էինք, որ ամսի 28-ին ուզում էինք ԱԱԾ շենքի առաջ անեինք այդ հանրահավաքը եւ պահանջեինք, որպեսզի Գորիկ Հակոբյանը հեռանա, որովհետեւ քաղաքական պրոցեսներին ԱԱԾ-ն, Ոստիկանությունը եւ որեւէ ուժային կառույց իրավունք չունի մասնակցել, եթե այսօր չկա բանդիտիզմի, տեռորիզմի, բռնի գործողությունների հստակ տեղեկություն»,- նշեց ՆԺԿ առաջնորդը: Վերջինիս կարծիքով` տեղի ունեցածը քաղաքական պատվերի արդյունք է: «Հիմար մարդու հիմար հրաման էր. նկատի ունեմ Գորիկ Հակոբյանին»,- ասաց Ա. Կարապետյանը, հավելելով, թե դրա պատճառն իր հարցազրույցներն են եւ տպագրվելիք բաց նամակը: Իսկ ի՞նչ է տպվելու այդ բաց նամակում, որը կարող էր նման հակազդեցության պատճառ լինել: Ըստ Ա. Կարապետյանի, բաց նամակում լինելու են «ՆԺԿ եւ ԱԱԾ գործառույթներին» վերաբերող 12-20 հարցեր: Մասնավորապես, ըստ նրա, հրապարակվելիք բաց նամակում նշված այդ հարցերը վերաբերում են նրան, թե արդյոք եղե՞լ են ՆԺԿ-ի մեջ ներդրված գործակալներ, արդյոք ֆինանսավորե՞լ են, որպեսզի կուսակցությունը պառակտեն, արդյոք Գ. Հակոբյանի հրամանով զբաղվե՞լ են «Յունիբանկում» Ա. Կարապետյանին եւ նրա շրջապատին ուղարկված գումարներով, ԱԱԾ-ն միջամտե՞լ է Ա. Կարապետյանի անձնական կյանքին, արդյոք եղե՞լ է դեպք, որ այդ ամեն ինչն ինչ-որ ճանապարհով տրվել է Տիգրան Ուրիխանյանին, որպեսզի նա հետագայում վարկաբեկի Ա. Կարապետյանին եւ ՆԺԿ-ին: «Այս ամենը եղել է: Եթե մենք սխալ ինչ-որ բան կասենք, եւ ինչ-որ մեկը կասի, որ մեր հարցերի մեջ կա հիմարություն, մենք ուղղակի կտպագրենք պատասխանները»,- նշեց Ա. Կարապետյանը: Վերջինիս անձնական կյանքին կամ ՆԺԿ-ին վերաբերող ինչ-ինչ տեղեկություններ Տիգրան Ուրիխանյանին փոխանցելու հավանականության մասին մենաբանություն խնդրեցինք անձամբ Տ. Ուրիխանյանից: Պարոն Ուրիխանյանը հրաժարվեց այս թեմայով որեւէ բան ասել: Ինչեւէ, ՆԺԿ ղեկավարը երեկ նաեւ տեղեկացրեց, որ այն բանից հետո, երբ թերթերը հրապարակել են տեղեկություններ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի եւ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի ունեցվածքի մասին, նախօրին իրենց կուսակցությունը «փաստարկված եւ կոշտ նամակներով» դիմել է Ա. Մարգարյանին, Ա. Բաղդասարյանին եւ գլխավոր դատախազին: «Կարծում եմ, որ այս «նաեզդը» կարող է ինչ-որ մի բարձրաստիճան ներկայացուցչի կողմից պատասխան լինել»,- ենթադրում է ՆԺԿ ղեկավարը: ՆԺԿ լրատվական բաժնից նաեւ տեղեկացրին, որ երեկ ժամը 18:00-ի մոտակայքում բոլոր հինգ ձերբակալվածներին էլ բաց են թողել, սակայն այդ տղաներն ազատ են արձակվել մարմնական վնասվածքներով, որոնք նրանք ստացել են ձերբակալության ժամանակ: Կուսակցության գրասենյակում պնդում են, որ ձերբակալված, ապա ազատ արձակված վերոնշյալ անձինք ձերբակալվելիս դիմադրություն ցույց չեն տվել: «Երկրորդ մեքենայի ապակիները ջարդված են: Տղաներից ներողություն են խնդրել: Միայն զենքերն են պահել իրենց մոտ` ասելով, որ թեեւ ամեն բան օրինական է, սակայն իրենք որոշ բաներ ստուգելուց հետո երեքշաբթի օրը կվերադարձնեն նաեւ զենքերը»,- երեկ մեզ փոխանցեցին ՆԺԿ լրատվական բաժնից: