Պարապ վախտի խաղալիք

24/04/2006 Արման ԳԱԼՈՅԱՆ

ԱԺ ընդդիմությունը, մասնավորապես` «Արդարություն» դաշինքը, պարբերաբար հանդես է գալիս զանազան ժամանակավոր հանձնաժողովներ ստեղծելու առաջարկներով: Այս անգամ «Արդարության» պատգամավորներն ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին են ներկայացրել 2003թ. ԱԺ եւ նախագահական ընտրությունների, ինչպես նաեւ նախորդ տարվա նոյեմբերի 27-ի հանրաքվեի ժամանակ տեղ գտած ընտրախախտումներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու իրենց նախագիծը: Փաստորեն, 2003թ. ընտրությունների նոստալգիան հանգիստ չի տալիս դաշինքին: Իսկ ինչո՞ւ է հայրենի ընդդիմությունը հանկարծ հիշել 2003թ. ընտրությունները: Պարզվում է` պատճառը մեկ շաբաթ առաջ Արագածոտնի մարզի Օշականի թիվ 03/40 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախկին նախագահ Սպարտակ Եղիազարյանի ինքնախոստովանությունն է, թե 03/40 տեղամասում իրենք կեղծել են ընտրությունների արդյունքները եւ Ռոբերտ Քոչարյանի ստացած 12 տոկոս քվեն դարձրել են 60 տոկոս: Այդ ինքնախոստովանություններից հետո ընդդիմությունը միանգամից ընկավ էյֆորիաների գիրկը, ու որոշեց ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկով դիմել է Ա. Բաղդասարյանին: Բայց նրանց ոգեւորությունը երկար չտեւեց. այն բանից հետո, երբ Ս. Եղիազարյանը հրաժարվեց իր հայտարարությունից, ընդդիմության ոգեւորությունը վերածվեց խոր «մանթրաժի»:

«Արդարություն» խմբակցության պատգամավոր Վարդան Մկրտչյանը երեկ մեզ հետ զրույցում ամեն կերպ փորձում էր համոզել, որ այդ հանձնաժողովների ստեղծումն ամենեւին էլ ժամանակավրեպ չէ: «Ընտրությունների կեղծման խնդիրը մեր օրակարգից ոչ մի անգամ դուրս չի եկել, քանի որ սա մեր ժողովրդի հիմնական խնդիրներից է: Ընտրությունները կեղծել են, կեղծում են, եւ գնալով դրանք ավելի վատ տեսք են ընդունում: Հաշվի առնելով այն, որ բացահայտվեցին ու ի հայտ եկան նոր երեւույթներ, ինչպես, օրինակ, Ս. Եղիազարյանի արած հայտարարությունները, նորից շրջանառության մեջ ենք դնում ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկը»,- ասում է Վ. Մկրտչյանը: Թերեւս ակնհայտ է, որ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու այս առաջարկը եւս կմերժվի ԱԺ մեծամասնության կողմից: Մանավանդ, որ այդպես էլ անհասկանալի է` ընտրություններից երեք տարի անց ստեղծվելիք այս հանձնաժողովն ինչպե՞ս պետք է հայտնաբերի ու պատժի ընտրակեղծարարներին, կամ` հայտնաբերման դեպքում նոր ընտրությունների նախաշեմին կարո՞ղ են անվավեր հայտարարվել 3 տարի առաջ տեղի ունեցած ընտրությունները: «Եթե ուզում ենք գնալ արդար ընտրությունների, պետք է ստեղծվեն այդ ժամանակավոր հանձնաժողովները, որոնք կուսումնասիրեն ու ընտրակեղծարարության մասին կասկածներն ու համոզմունքները կփարատեն: Իսկ բացահայտված կեղծիքների հեղինակներն էլ կպատժվեն»,- փորձում էր իրենց քայլերը հիմնավորել Վ. Մկրտչյանը: Իսկ վերջում ՀԺԿ-ական պատգամավոր Վ. Մկրտչյանը փորձեց թասիբի գցել խորհրդարանական մեծամասնությանը: «Ինչո՞ւ են վախենում հանձնաժողով ստեղծելուց, չէ՞ որ իշխանություններն իրենք են հայտարարել, թե ընտրությունների ժամանակ կեղծիքներ են եղել: Իսկ եթե այդ հանձնաժողովն անիմաստ են համարում, ապա թող օգնեն հանձնաժողովի ստեղծմանը, թող իրենք չմասնակցեն «այդ անիմաստ» աշխատանքներին` ամենը վստահելով ընդդիմությանը»,- ասաց նա: Իսկ կոալիցիոն կուսակցություններից բացի, այդպիսի հանձնաժողովների ստեղծումն անիմաստ են համարում նաեւ «Ազգային Միաբանությունում»: «Կարելի է ասել-խոսել, բայց արդյունք չի տա: Եթե ուզում են, որ ընտրությունները չեղյալ համարվեն, ապա դա անիրականանալի է. մեկ տարի հետո նոր ընտրություններ են տեղի ունենալու: Այնպես որ` անիմաստ բանի համար ժամանակ կորցնելը ճիշտ չէ»,- ասում է «ԱՄ» փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը: Նրա խոսքերով, այսօր ցանկացած քաղաքացի գիտե, որ վերջին մի քանի տարում ՀՀ-ում բոլոր ընտրություններն էլ անցել են բռնություններով, կեղծիքներով, եւ դա ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ: «Հիմա եթե հանձնաժողովով այդ ամենը նորից բացահայտենք, չգիտեմ` ինչ կտա: Այլ հարց էր, որ այդ հանձնաժողովը ստեղծվեր 2003թ. ընտրություններից հետո»,- ասում է Ա. Կարապետյանը:

Ու քանի որ, մեր տպավորությամբ, ընդդիմությունը նման քայլերի է դիմում` անգործության հետեւանքով, երեկ Ա. Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչն է իրենց պասիվության պատճառը: Պարզվում է, ընդդիմությունը պասիվ չէ. երկրում ու խորհրդարանում տեղի ունեցող գործընթացների մասին իրենք հայտնում են իրենց կարծիքը, հայտարարություններ անում: Իսկ հիմա, կոնկրետ «ԱՄ»-ն զբաղված է 2007թ. ընտրություններին նախապատրաստվելով: «Տարիների փորձն ընդդիմությանը ստիպեց վերանայել իր մարտավարությունը եւ համապատասխան միջոցներ ձեռնարկել: Այս երկրում իշխանափոխության հասնելու միայն մեկ ձեւ կա: Պատրաստվել ընտրություններին` այդկերպ իշխանափոխություն կատարելու համար: Իրավիճակից դուրս գալու ուրիշ ձեւ չկա: Դրա համար մեծ ուշադրություն ենք դարձնում ապագա ընտրություններին: Ո՞նց անել, ի՞նչ անել, թեկուզ իշխանությունների հետ զիջումների գնալ, միայն թե երկրում նորմալ ընտրություններ կայանան: Մենք բոլորս պետք է պայքարենք 2007թ. համար, ապագայի ընտրությունների համար,- ասում է Ա. Կարապետյանը եւ ավելացնում,- այսօր ՀՀ-ում իշխանությունը զավթել են ու այդ իշխանությունը պահելու համար տեռորիզմի հասնող ակցիաներ են կատարում: Եվ այդ դեպքում իշխանությունների հետ գնալ առճակատման, սխալ է»: