Տեսնենք՝ Բուշն ինչ կասի

24/04/2006

ԱՄՆ Կոնգրեսի 30 սենատորներ եւ Ներկայացուցիչների պալատի 178 անդամներ առանձին նամակներ են ուղարկել նախագահ Ջորջ Բուշին` կոչ անելով որոշակի ձեւակերպում տալ Օսմանյան Կայսրությունում կատարված ոճրագործություններին` դրանք որակելով «ցեղասպանություն»: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեն, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը` ապրիլի 24-ին, Բուշը մտադիր է իր երկրի ժողովրդին դիմել ամենամյա ելույթի խոսքով: 2000թ. փետրվարին Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնի համար իր թեկնածության առաջադրման շուրջ քվեարկության ընթացքում նահանգապետ Բուշը խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, եթե ընտրվի երկրի նախագահի պաշտոնում: Հետագայում Բուշը դրժեց իր խոստումը` ապրիլի 24-ի իր ելույթում օգտագործելով խուսափողական արտահայտություններ: «ԱՄՆ-ը երբեք չպետք է թույլ տա, որպեսզի մարդկության դեմ գործված ոճիրներն անպատիժ մնան եւ մոռացության մատնվեն: Հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին` մենք դրսեւորում ենք մեր նվիրվածությունը ապագայում դաժանությունները կանխարգելելու գործին»,- նշվում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամների նամակում, որի նախաձեռնողներն են Կոնգրեսում Հայաստանին աջակցող խմբի ներկայացուցիչներ Ֆրենկ Փալոնեն եւ Ջո Նոլենբերգը: