Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Թաիր Թաղիզադեն դրական է գնահատել Վարդան Օսկանյանի այն հայտարարությունը, թե «եթե Ադրբեջանը ճանաչի ԼՂ ժողովրդի իրավունքը` ինքնուրույն որոշելու իր ապագա կարգավիճակը, ՀՀ-ն պատրաստ է լրջորեն քննարկել պատերազմի հետեւանքների վերացման հարցերը»: Միեւնույն ժամանակ Թաղիզադեն ասել է, թե ԼՂ համար «ինքնորոշում» ասելով՝ իրենք հասկանում են Ադրբեջանի կազմում «ամենաբարձր ինքնավարություն»: Հայտարարության առնչությամբ ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Համլետ Գասպարյանն «Արմենպրեսին» ասել է, որ իրենք «գոհ կլինեին, եթե Ադրբեջանի արտաքին գերատեսչությունն իրապես դրականորեն արձագանքեր ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությանը` այն համարելով կոնստրուկտիվ»: Սակայն այդպես չէ: «Հենց որեւէ մեկը խոսում է ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, Ադրբեջանում ընկնում են խորհրդային նոստալգիայի գիրկը: Ցավում եմ, որ Ադրբեջանում իրականությունը տեսնելու եւ լսածն ընկալելու փոխարեն կրկին տարված են պատրանքներով»,- նշել է Հ. Գասպարյանը: