Օմբուդսմենի համեստ հմայքը

24/04/2006 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Անցնող շաբաթվա կարեւոր իրադարձություններից մեկը կարելի է համարել Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հաջող դեբյուտը ՍԴ-ում: Ամեն ինչ հօգուտ նրա էր՝ հեռուստատեսությամբ ցուցադրվող կադրերը, ուր նա խրոխտ կեցվածքով պաշտպանում էր Կենտրոնի բնակիչների ոտնահարված իրավունքները՝ եթերից ոչ այնքան սահուն մտքեր ասող ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանից (տես՝ կառավարությունից), նրա անդուլ աշխատանքի առաջին պտուղը՝ ՍԴ-ն արձանագրեց, որ Երեւանի կենտրոնում իրենց տներից բնակիչներին վտարելու իրավական ակտերը հակասահմանադրական են: Հետո՞: Միամիտ քաղաքացիների կողմից ծափերով ընդունված ՍԴ-ի այս որոշումն արձանագրում էր մեկ բան՝ ՀՀ քաղաքացիների ոտնահարված իրավունքները կշարունակվեն ոտնահարվել նաեւ հետայսու. պարզապես ՍԴ-ն փորձեց օրինականացնել ապօրինությունները, եւ վերջ:

Հաց եւ տեսարաններ

Ո՞վ չգիտեր, որ օմբուդսմենի ներկայացրած հայցը ՍԴ-ն բավարարելու է, քանի որ պետությունը, ավելի ստույգ՝ պետությունը ներկայացնողները, դրանից ոչինչ չեն կորցնելու: Սա գիտեր նաեւ Արմեն Հարությունյանը: Եվ, ի վերջո, հայոց նորագույն պատմությունը վկայում է, որ եթե Գագիկ Հարությունյանը մի բանի ասում է` «այո՛», ուրեմն նախապես վստահ է, որ իր որոշումից հետո անձամբ ինքը կորցնելու բան չունի՝ հեղինակությունից բացի: Սակայն խնդիրն այս դեպքում ամենեւին էլ ՍԴ անպտուղ որոշումը չէ, այլ այն, որ մեզ՝ հասարակությանը, պարբերաբար փորձում են, որպես լիցքաթափման միջոց, մատուցել նման տեսարաններ: ՍԴ-ում ներկա բոլոր կողմերն էլ (իսկ կողմ էին բոլորը՝ բացի իրենց տներից տեղահան արված բնակիչներից) մինչ դատարանի շենք մտնելը հստակորեն գիտեին վերջաբանը: Որոշ իրավաբանների կարծիքով՝ այս դատավարությամբ պարզապես փորձ արվեց կանխել համանման մյուս խնդիրների մուտքը ՍԴ եւ, կրկնենք, լիցքաթափել լարված բնակիչներին: ԶԼՄ-ներում, հատկապես հեռուստաեթերից, պարբերաբար Դավիթ Հարությունյանի կարկամած դեմքը ցուցադրելը որոշ մեկնաբանների ստիպել էր անգամ եզրակացնել, թե այս պատմությունը արդարադատության նախարարի վարկանիշի հետ խաղալու փորձ է: Հիմնավորումներից մեկն այն էր, թե ինչո՞ւ հենց նա՛ պետք է ՍԴ-ում ներկայացնի կառավարությունը, եթե դա կարող էր անել կառավարության մեկ այլ անդամ: Իրավաբանության թեկնածու Հրայր Թովմասյանը նկատում է, որ, այո՛, ՍԴ-ում կառավարությունը կարող էր ներկայացնել յուրաքանչյուր ոք. «Այդ թվում՝ դուք, ես, ցանկացած փաստաբան: Բայց այս պարագայում տրամաբանական չէր լինի, որ կառավարությունը, որն իր կազմում ունի Արդարադատության նախարարություն, ներկայացներ երրորդ անձը եւ ոչ թե իր կառուցվածքում գտնվող նախարարը»: Արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Արա Սաղաթելյանն արժանահավատ չի համարում իր նախարարի վարկանիշի անկման նմա՛ն փորձը. «Չեմ կարծում, որ սա Դավիթ Հարությունյանի անձի դեմ ուղղված գործողություն էր, քանի որ նա, ինչպես հայտնի է, չի զբաղվում հանրային քաղաքականությամբ: Այո՛, նախարարի համար տհաճ երեւույթ էր. մարդիկ, ի վերջո, ոչինչ չշահեցին, իսկ քննարկումներն էլ միայն տեսական ոլորտից էին: Իսկ եթե գլոբալ նայենք՝ նախարարի դեմ ոչինչ չաշխատեց. եթե նրան վատ էր վերաբերվում 100 հոգի, հիմա այդ թիվը դարձավ 130»:

Եղավ այն, ինչ պիտի լիներ

«Սահմանադրական արդարադատությանը, մեր օրենսդրությանը տեղյակ ցանկացած իրավաբանի համար այլ բան սպասել չէր կարելի,- վստահեցնում է Հրայր Թովմասյանը: -Պարզապես այդ օրը ՍԴ-ի մուտքի մոտ կանգնած մարդկանց ակնկալիքներն էին չհիմնավորված մեծ»: Իրավաբանի կարծիքով՝ ՍԴ դիմում ներկայացնող պաշտպանն այս մարդկանց թերեւս պետք է նախապատրաստեր, որ այստեղ կոնկրետ խնդիրներ չեն լուծվելու, որ քննարկվող խնդիրը լինելու է տեսական ոլորտից: Բանն այն է, որ գործող օրենսդրությամբ՝ ՍԴ-ի որոշումն ավտոմատ կերպով չունի հետադարձ ուժ եւ չի տարածվում մինչեւ իր ընդունման պահը ծագած իրավահարաբերությունների վրա: Տարածվում է միայն այն մասով, որ մասով դրանք վերաբերում են դատական վեճերին: Բայց եւ՛ Հյուսիսային պողոտայում, եւ՛ Բուզանդի փողոցում ծագած դեպքերի առումով գործ ունենք միայն քաղաքացիաիրավական պայմանագրի հետ: Չեմ բացառում, որ մի մասի նկատմամբ պայմանագրի կնքումը ստիպողաբար է եղել, մի մասին համոզել են, բայց այդ մարդիկ ուղղակիորեն պայմանագրեր են ստորագրել»: Իսկ երբ ստորագրվում է պայմանագիր, դա դուրս է Սահմանադրության 31-րդ հոդվածի պահանջից: «Պետությունն իր կարիքների համար ֆիզիկական կամ իրավաբանական անձից ամեն օր ինչ-որ բան է գնում: Դուք կարող եք վաճառել, կարող եք չվաճառել: Եթե չվաճառեք, պետությունը, վերջին հաշվով, ձեզնից հարկադրաբար կվերցնի: Բայց երբ դուք վաճառում եք, դա սահմանափակվում է քաղաքացիաիրավական հարաբերություններով, եւ այստեղ հանրային վեճ չի առաջանում»: Այլ է փոխհատուցման չափից որպես եկամտահարկ պահված եւ քաղաքացիներին չվճարված տասը տոկոսի խնդիրը: Պայմանագրերի եւ դատարանների վճիռների հիման վրա վճարված գումարներից, վերջին հաշվով, 10 տոկոս եկամտահարկ է պահվել: Եթե ընդունում ենք, որ, ի սկզբանե, փոխհատուցումը եղել է համարժեք, այնուամենայնիվ, 10 տոկոսը բնակիչներին չի վճարվել՝ խախտելով, փաստորեն, համարժեքության խնդիրը:

Օմբուդսմենը ներկայացել էր ոչ այնքան պատրաստ

Սակայն բանն այն է, որ պաշտպանն իր դիմումում համարժեքությունն ընդհա՛նրապես քննարկման առարկա չէր դարձրել: Նրա առաջարկած քննարկումը վերաբերում էր բացառապես նրան, թե արդյո՞ք վիճարկվող ակտերի հիմքում դրված է գերակա հանրային շահ: Ըստ Հ. Թովմասյանի՝ սա կարող է լինել տեսական գեղեցիկ վերլուծությունների, գիտական կոնֆերանսների քննարկման առարկա, բայց այդ մարդկանց կոնկրետ մտահոգում էր, թե որքանո՞վ է համարժեք եղել իրենց տրված գումարը: Իսկ այս հարցը մի տեսակ դուրս մնաց քննարկումից: «Իմ կարծիքով, որն, ի դեպ, իմ որոշ գործընկերներ վիճարկում են, Հյուսիսային եւ Բուզանդի պողոտաների բնակիչները ՍԴ-ի որոշումից հետո, եթե վաղեմության ժամկետը չեն կորցրել, կարող են դիմել այն իրավասու վարչական մարմիններին, որոնց որոշմամբ պահվել է այդ 10 տոկոսը, կամ դիմել դատարան` այդ 10 տոկոսն իրենց վերադարձնելու պահանջով»: ՍԴ-ն էլ նշեց, որ վաճառքից ստացված գումարները եկամուտներ չեն, եւ դրանցից եկամտահարկ պահելու իրավունք չունեն: ՍԴ-ի որոշումն ու կողմերը ներկայացնողների պահվածքները թույլ են տալիս այնքան էլ չհավատալու դատարանի դահլիճում տեղի ունեցածի անկեղծությանն, ու անգամ կասկած է առաջանում, որ այս ամենը վաղօրոք ծրագրած սցենար էր: Մեր այս դիտարկմանն իրավաբան Հ. Թովմասյանն այսպես արձագանքեց. «Ամեն դեպքում, կարծում եմ, այնպես չէր, որ «խոսացած խաղ էր» եւ եկել էին թատրոն խաղալու: Նշենք, որ դահլիճում տպավորությունն այնպիսին էր, որ Արմեն Հարությունյանը բոլորի պաշտպանն է, Դավիթ Հարությունյանը՝ թշնամին: Բայց ավելի խորքային ուսումնասիրելու դեպքում, այն, ինչ հնարավոր էր գործնականում տալ ժողովրդին՝ այն է՝ վերադարձնել վերոնշյալ 10 տոկոսը, դրա մասին ակնարկեց Դավիթ Հարությունյանը եւ պահանջեց, որ դատարանը սրա վերաբերյալ դիրքորոշում ունենա: Սա Դավիթի՛ պնդումն էր: Սրա վերաբերյալ Ա. Հարությունյանը ոչինչ չէր ասել՝ ո՛չ իր դիմումում, ո՛չ իր ելույթներում»: Այսինքն՝ կարելի՞ է ենթադրել, որ Ա. Հարությունյանը դատարան էր ներկայացել ոչ այնքան պատրաստված. «Իր փոխարեն ես այլ կերպ կգնայի դատարան եւ գործը կտանեի այն կողմ, որից այդ քաղաքացիները որոշակիորեն կարող էին օգտվել: Ամեն դեպքում, դահլիճը վերջում հասկացավ, որ Դ. Հարությունյանն իրենց դեմ ոչինչ չի ասում»:

Երբեք զրույցի մի բռնվեք անծանոթների հետ

Թեեւ հայոց արդարադատությունից լուրջ ակնկալիքներ ոչ ոք չունի, այնուամենայնիվ, կոնկրետ դեպքում չպետք է բացառել նաեւ Հյուսիսային պողոտայի եւ Բուզանդի փողոցների բնակիչների ոչ այնքան բարձր իրավագիտակցությունը: Հիշենք, թե ինչպես է եղել «դեպքը». գործընթացը սկսվել է 2000-2001 թվականին: Մարդկանց առաջարկվել է գումար՝ 1քմ համար` 200-300 ԱՄՆ դոլար: Այդ ժամանակ Երեւանի կենտրոնում 1 քմ-ի տարածքն արժեր այդքան: Պայմանագրերով, սակայն, նախատեսված է եղել գումարների վճարման փուլային եղանակ: Գումարի 30-40 տոկոսը ստացել են սկզբում՝ պայմանով, որ երկրորդ մասը կստանան 3-4 ամիս անց, երրորդ մասը՝ 7-8 ամիս հետո: Գումարների վճարումներն ուշացել են: Անշարժ գույքի գինը կտրուկ բարձրացել է, եւ այս մարդիկ մնացել են փողոցում: Եթե այդ մարդիկ պայմանագրերը ստորագրելիս իրենց կողքին ունենային միջին մակարդակի մի իրավաբան, որն իրենց պայմանագրերի կետերն ամրագրելիս խորհուրդ կտար խնդրին առավել գրագետ մոտենալ, ոչ մի դատարան չէր կարող վիճարկել այդ բնակիչների պահանջների օրինականությունը:

Հ.Գ. Ի դեպ, մեր զրույցի վերջում Հ. Թովմասյանը եւս չբացառեց, որ սա կարող էր լինել վաղօրոք պայմանավորված խաղ: