Արագածոտնի մարզի Օշականի թիվ 03/40 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախկին նախագահ Սպարտակ Եղիազարյանն ընդամենը մեկ շաբաթ առաջ հանդես էր եկել ինքնախոստովանությամբ: Նա հայտարարել էր, որ 03/40 տեղամասում իրենք կեղծել են ընտրությունների արդյունքները` Ռոբերտ Քոչարյանի ստացած 12 տոկոս քվեները դարձնելով 60 տոկոս: Սակայն մեկ շաբաթ անց, երբ Սպարտակ Եղիազարյանին հրավիրեցին Դատախազություն` հարցաքննության, հանկարծ հրաժարվեց իր հայտարարություններից: Ավելին, այս օրերին նա անցել է ընդհատակ: Ու քանի որ բրիֆինգների ժամանակ Եղիազարյանին ներկայացրել էր «Ազգային Միաբանություն» խմբակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը, երեկ նրանից փորձեցինք ճշտել, թե ի՞նչ է տեղի ունեցել: «Ոչ մեկն իրեն չէր ստիպել, որ գա ու հայտարարություն անի, ինքն էր խնդրել այդ հայտարարությունն անելու համար,- ասաց նա։ -Մենք չենք կարող ստիպել նրան, որ գա ասուլիս տա: Մենք դրա ոչ բարոյական, ոչ էլ քաղաքական իրավունքը չունենք: Նա ոչ մեր կուսակցության անդամ է, ոչ էլ նրա առաջ որեւէ բան ունենք: Այդ մարդուն մենք չենք բերել, նա ինքն է եկել»: Ըստ նրա, Եղիազարյանը պետք է ինքը պատասխանատվություն կրի` իր արած ու չարած հայտարարությունների համար: Իսկ թե ինչն է ստիպել Եղիազարյանին ետ կանգնել իր հայտարարություններից, Ա.Կարապետյանը տեղյակ չէր: Ամենայն հավանականությամբ, նրան որեւէ մեկը վախեցրել է: «Սպարտակի չերեւալը, ասուլիսից հրաժարվելը նրա վրա մեծ ճնշումների հետեւանք է»,- կարծում է Ա. Կարապետյանը: Երեկ մեզ հետ հեռախոսազրույցում Ս. Եղիազարյանը խնդրում էր իրեն այդ մասին այլեւս որեւէ հարց չտալ: Նրա վախվորած պատասխանից տպավորություն ստեղծվեց, թե նրան վախեցրել են. «Ոչ մեկն ինձ չի կարա վախեցնի: Ինձ միայն կարան սպանեն»,- ասաց նա ու վայր դրեց լսափողը: