Հնդկական «դեդովշչինան» շահարկում է ողբերգական մահը

24/04/2006 Նարինե ԱՎԵՏՅԱՆ

Ապրիլի 20-ի ժամը 13.30-14.00-ի սահմաններում Զեյթունի ուսանողական հանրակացարանների՝ ԵՊԲՀ-ին պատկանող 7-րդ մասնաշենքի 6-րդ հարկի իր սենյակի պատուհանից վայր է ընկել 21-ամյա հնդիկ ուսանող: Առաջինը նկատել եւ դժբախտ պատահարի մասին հանրակացարանի պարետին տեղյակ են պահել 8-րդ մասնաշենքի բնակիչները: Հանրակացարանի աշխատակիցներն անմիջապես ահազանգել են Շտապօգնություն եւ անվտանգության մարմիններ: Ըստ որոշ աղբյուրների` Շտապօգնության մեքենան տեղ է հասել ահազանգից 45-50 րոպե անց, տուժյալը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: Հնդիկ ուսանողները նախ իրենց ընկերոջ մահվան համար մեղադրել են Շտապօգնության ծառայություններին՝ պատճառաբանելով, որ նախ մեքենան է շատ ուշացել, ապա՝ առաջին բուժօգնություն չի ցուցաբերվել անհրաժեշտ բուժամիջոցներ չլինելու պատճառով: Հիվանդանոցի բակում արդեն հնդիկ ուսանողները թույլ չեն տվել մահացածի դին դիահերձարան տեղափոխել՝ պահանջելով դեսպանության եւ ԵՊԲՀ ներկայացուցիչների ներկայությունը: Նրանց ներկայությամբ ուսանողներն արդեն պահանջել են, որ դիահերձմանը մասնակցեն նաեւ իրենց ներկայացուցիչները՝ կլինիկական օրդինատուրայի եւ բարձր կուրսերի ուսանողներ: Պահանջը համաձայնեցվել է դատաբժշկական մարմինների հետ եւ բավարարվել: Հաջորդ պահանջն այն է եղել, որ հնդիկ ուսանողներից մի քանիսին թույլ տան գիշերը մնալ դիակի մոտ. պատճառաբանել են, որ իրենց բացակայությամբ կարող են դիակին ալկոհոլ կամ թույն ներարկել: «Քանի որ դիակը սառնարանում պետք է պահվեր, բնականաբար, հնարավոր չէր, որպեսզի նրանք ամբողջ գիշեր հսկեին, բացի այդ, մենք այդ հարցում էլ ընդհանուր համաձայնության եկանք՝ քանի որ նրանք ապագա բժիշկներ են, իրենք էլ հասկացան, որ եթե անգամ նման անմարդկային քայլ դրսեւորվի, ապա միեւնույն է, եթե մարդու սիրտը կանգնած է եւ արյան շրջանառություն չի կատարվում, ապա ներարկված հեղուկը նույն տեղում է մնալու եւ չի տարածվի հյուսվածքներով ու մարմնով»,- պատմում է ԵԲՊՀ միջազգային կապերի գծով պրոռեկտոր Ե. Սահակյանը: Հնդիկ ուսանողների բողոքները, սակայն, թեժացել են այն պահին, երբ Հնդկաստանի փոխդեսպան պրն Բալին հայտարարել է, թե եղածի ողջ պատասխանատուն Բժշկական համալսարանն է, եւ Համալսարանն այնպիսի պատասխան պետք է տա, որ բավարարի բոլոր ուսանողներին: Փոխդեսպանի հայտարարությունից ոգեւորված` ուսանողները հանդիպում են պահանջել ռեկտորի հետ: Ընդ որում, ուլտիմատում ներկայացնելով, թե եթե մեկ ժամվա ընթացքում ռեկտորն իրենց հետ չհանդիպի եւ իրենց պահանջները չբավարարի, ապա իրենք պատասխանատու չեն իրենց արարքների համար: Թե արդեն ինչ պահանջների մասին է եղել խոսքը, բորբոքված ուսանողներից հնարավոր չի եղել ճշտել, ինչպես նաեւ՝ փոխդեսպանը չի կոնկրետացրել պահանջները: Միակ հասկանալի բողոքն այն է եղել, որ ուսանողներն իրենց ապահովագրված չեն համարել նման պատահարներից, եւ իրենց անվտանգության բոլոր երաշխիքները պահանջել են ԵՊԲՀ ռեկտորից: Եվ արդեն համալսարանի բակում, երբ ռեկտոր Գոհար Քյալյանն ուսանողներին դահլիճ է հրավիրել՝ լսելու նրանց պահանջները, վերջիններս հրաժարվել են. «Ռեկտորն ընդամենն ասաց, որ դրսում հնարավոր չէ միմյանց լսել, ավելի լավ է` դահլիճում հավաքվեն, որպեսզի կարողանան իրար լսել գոնե, ուսանողները հրաժարվեցին դահլիճ գնալ, բնականաբար, ռեկտորն էլ հրաժարվեց բակում խոսելուց»: Ռեկտորի պատասխանը զայրացրել է հնդիկ ուսանողներին, որոնք մատի հայտնի ժեստով են արձագանքել մերժմանը: «Չի կարելի ռեկտորին, այն էլ՝ կին, նման ձեւով պատասխանել»,- ակամա մատի նույն ժեստը կրկնել է Քյալյանը, որից հետո ուսանողների կրքերը թեժացել են եւ նրանք կազմակերպել են իրենց հայտնի հայհոյախառն երթը դեպի Ազգային ժողով: ԵՊԲՀ ղեկավարության կարծիքով՝ այդ ակցիան ուղղորդված էր ընդամենը մի քանի ուսանողների կողմից, որոնք մինչ այս դեպքը համալսարանից հեռացման վտանգի տակ են եղել եւ այս ողբերգական պատահարը շահարկել են, որպեսզի փրկվեն հեռացումից: «Դեռ վերջնականապես ճշտված չի, սակայն խոսքը 3-4 ուսանողների մասին է, որոնք երկու տարբեր միջադեպերի ժամանակ միմյանց մարմնական վնասվածքներ են հասցրել, եւ այդ գործերը դեռ քննում են իրավապահ մարմինները, մենք սպասում էինք նրանց որոշումներին, որպեսզի վերջնականապես հեռացնեինք այդ ուսանողներին»,- տեղեկացնում է Ե. Սահակյանը: Պարզվում է, «դեդովշչինայի» գաղափարը եղել է նաեւ հնդիկ ուսանողության շրջանում: «Այդ «դեդովշչինա» ասվածը մենք փորձել էինք արմատախիլ անել, սակայն նրանք անընդհատ փորձում են գլուխ բարձրացնել, ուսանողներն իրենք էլ լավ տեղյակ են, որ թերթերը երբեմն լավ, հաճախ էլ վատ են գրում մեր համալսարանի մասին, եւ առիթից օգտվելով ու այս դեպքը շահարկելով` նրանք փորձում են իրենց օրենքները հաստատել բուհի ներսում, ինչը մենք թույլ չենք տա»,- ասում է Ե. Սահակյանը: Որքանո՞վ է այս ամենում Համալսարանի մեղքը: «Ես առաջարկում եմ, որ Համալսարանի մեղքը դուք որոշեք, լսեք ուսանողների բողոքներն ու ինքներդ եզրակացություններ անեք»,- ասում է Ե. Սահակյանը:

Երեկ դասերի ավարտից հետո հնդիկ ուսանողները հրաժեշտի ակցիա էին կազմակերպել Համալսարանի նախասրահում: Նախօրեի կրքերն արդեն հանդարտվել էին, ուսանողներից շատերը խուսափում էին կատարվածին որեւէ մեկնաբանություն տալ, նրանք արդեն իսկապես սգում էին: Համալսարանը զբաղված էր մահացածի դին Հնդկաստան ուղարկելու խնդիրներով: Դին կուղեկցեն երկու ուսանողներ, նրանցից մեկը՝ Պունջա Գոյալը Պռաշանտ Անչալիայի համաքաղաքացուհին է: Պունջան կատարվածը որպես դժբախտ պատահար է դիտարկում՝ բացառելով ինքնասպանության վարկածը: «Նա սիրում էր նստել պատուհանին ու դուրս նայել՝ ես դա գիտեմ, իսկ հիմա նա չկա՝ հիմա, երբ նրա կյանքն է ընդհատվել, ուրիշ ոչինչ կարեւոր չի այլեւս, ես հիմա ուզում եմ մի քիչ ուժեղ լինել, որ կարողանամ նրան տանել իր ծնողների ու հարազատների մոտ»,- ասում է Պունջան: Մնացածն իրավապահների գործն է: