Ցավոք, չնայած բազմաթիվ ստուգումներին, արտոնագրերի եւ սերտիֆիկատների առկայությանը, կեղծարարություններ, այնուամենայնիվ, հանդիպում են: Իսկ որոշ «արտադրողներ» նույնիսկ գտնում են, որ ծորակի ջրին սոդա, յոդ, աղ եւ ածխաթթու գազ ավելացնելով` կարելի է ստանալ հանրահայտ հանքային ջրերից ոչ վատ ըմպելիք: Իսկ դրա պատրաստելն ամենեւին էլ թանկ չէ: Նման անբարեխիղճ «ձեռնարկատերերի» համար այդ արտադրությունը գերշահույթներ է ապահովում, իսկ սպառողի համար լավագույն դեպքում անիմաստ ծախս է: Իսկ իրականում հանքային ջուրն առողջարար ըմպելիք է: Այն առաջին հերթին ստորգետնյա, մաքուր ջուր է: Ըստ Առեւտրի համաշխարհային կազմակերպության, շշալցված հանքային ջուրը պետք է լինի միայն այնպիսին, ինչպիսին պարգեւել է բնությունը: Չի թույլատրվում ոչ մի վերամշակում` բացառությամբ երկաթի ավելորդ պարունակության զտման կամ ածխաթթու գազի ավելացման: Փորձել որոշել, թե որ հանքային ջուրն է լավը, պարզապես անիմաստ է, քանզի դրանք տարբեր են, եւ յուրաքանչյուրն ունի իր առանձնահատուկ համը եւ արժեքը: Իսկ հանքայնացման աստիճանով այդ ջրերն ընդունված է տարբերակել` սեղանի (1 լիտրում մինչեւ 1 գրամ աղի պարունակությամբ), բուժիչ սեղանի (1-8 գրամ) եւ բուժիչ (ավելի քան 8 գրամ) հանքային ջրերի:
Հանքային ջուրն այն եզակի ապրանքատեսակներից է, որ մեր երկիրը գրեթե չի ներմուծում: Երբեմն մեծ սուպերմարկետներում կարելի է գտնել, օրինակ, ֆրանսիական կամ իտալական հանքային ջրեր: Հայաստանում այսօր շրջանառվում են տարբեր անուններով տեղական արտադրության շշալցված հանքային ջրեր: Ինչպիսի՞ն է դրանց որակը, ի՞նչ եւ ինչպե՞ս պետք է հայ սպառողն օգտագործի: Այս հարցերի շուրջ զրուցեցինք Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի բնական բուժական ռեսուրսների հետազոտման կենտրոնի գիտղեկավար, գլխավոր գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Ռիտա Էմինյանի հետ:
Հայաստանի տարբեր հանքավայրերի ջրերը շշալցվում են մի քանի հորատանցքերից: Մինչեւ արտադրվելը բոլոր ջրերը կանոնակարգվում են ըստ տեսակի, որակի, պիտանելիության, բացահայտվում են դրանց գերակայական օգտագործման ուղիները: Յուրաքանչյուր հանքային ջրի ջրաքիմիական կազմը, գտնվելու վայրը, հանքայնացումը, կենսաբանորեն ակտիվ նյութերի քանակը պետք է կայուն լինեն: Դա կանոնակարգվում է ՀՍՏ 191-2000 ստանդարտով: Իսկ երբեմն երբ տեղի են ունենում ընդերքային փոփոխություններ, որի ազդեցությամբ կարող են տեղի ունենալ հանքայնացման, իոնաաղային կազմի որոշակի շեղումներ, կուրորտաբանության ինստիտուտը կատարում է հումք հանդիսացող հանքային ջրի մոնիտորինգ եւ ահազանգում արտադրողին: Այդպիսով, ըստ Ռ. Էմինյանի, հանքավայրերի բնական ջրի բաղադրության կայունությունը երաշխավորվում է: «Հետեւաբար արտադրողը, պահպանելով իր տեխնիկական պայմանները, չի կարող վատ արտադրանք ստանալ: Սակայն, երբեմն սպառողական շուկայում հանդիպում են հայտնի պիտակներով անհայտ շշալցված ջրեր, ինչն արդեն արտադրողի անազնիվ քայլի հետեւանք է»,- ասում է մասնագետը: Հայաստանը, ունենալով փոքր տարածք, ունի տարատեսակ հանքային ջրերի պաշարներ: Իսկ դրանք օգտագործելու համար յուրաքանչյուր ձեռնարկություն պետք է ստանա համապատասխան մարմինների թույլտվությունը, այդ թվում՝ կուրորտաբանության ինստիտուտի փորձաքննական եզրակացությունը:
Հայաստանում շշալցված բոլոր հանքային ջրերը բուժիչ սեղանի ջրեր են: «Եվ ընդհանրապես, բոլոր հանքային ջրերը բուժիչ են, նույնիսկ եթե հանքայնացման աստիճանը 1 գրամից ցածր է, սակայն այն կենսաբանական ակտիվ տարրեր է պարունակում»,- ասում է Ռ. Էմինյանը: Իսկ դա նշանակում է, որ ջրի ընդունման ձեւից, չափաքանակից, ջերմաստիճանից կախված` նույն հանքային ջուրը կարող է հանդիսանալ զովացուցիչ ըմպելիք կամ բուժման միջոց: «Եթե հանքային ջուրն օգտագործում ենք սառը վիճակում կամ ուտելուց հետո, ապա մարդու օրգանիզմ այդ ջրի տարրերի թափանցելիության մակարդակը նվազագույնի է հասնում: Հանքային ջուրը նաեւ պրոֆիլակտիկ նշանակություն ունի, այն մաքրող, արտազատող հատկություն ունի, հատկապես, երբ ջուրն օգտագործվում է սոված վիճակում»,- հավաստիացնում է կենսաբանական գիտությունների թեկնածուն: Նրա կարծիքով, Հայաստանում շշալցվող ջրերից մարդու օրգանիզմի վրա ամենալավ ազդեցությունը կարող է թողնել «Դիլիջան Ֆրոլովա Բալկան», քանզի դա հիդրոկարբոնատ, կալցի-նատրիումական ջուր է` հանքայնացման ցածր աստիճանով, ինչի շնորհիվ օրգանիզմը հեշտությամբ ընդունում է այն:
Համաձայն չլինելով այն մտքի հետ, որ հայերն անչափ շատ են հանքային ջուր օգտագործում, Ռ. Էմինյանը հիշեցնում է, որ հանքային ջուրը նաեւ զովացուցիչ ըմպելիք է եւ կարելի է օգտագործել ցանկացած պարագայում: Իսկ բուժական նպատակով այն օգտագործելու համար անհրաժեշտ է բժշկի հսկողությունը: Երեխաների համար սննդակազմի մեջ հանքային ջրի չափաբաժինը պետք է սահմանափակել եւ այն հիմնականում նպատակային օգտագործել: Մասնագետը նորմալ է համարում նաեւ, որ այսօրվա հայաստանյան հանքային ջրերը դեղատներում սովորաբար չեն վաճառվում: Սակայն նրա կարծիքով, եթե շահագործվեն Արզնիի եւ Հանքավանի հանքավայրերի մյուս` հանքայնացման բարձր աստիճանով հորատանցքերը, ապա, որպես բուժիչ հանքային ջուր, դրանք պետք է վաճառվեն միայն դեղատներում: Այսօր Հայաստանում բուժիչ հանքային շշալցվող ջուր դեռ գոյություն չունի:
Շշալցվող հանքային ջրերի շուկան մրցակցային է, սակայն այն ունի իր առանձնահատուկ կառուցվածքը: Յուրօրինակ է նաեւ արտադրության պրոցեսը: Ովքե՞ր են այս ոլորտում հայաստանյան արտադրողները եւ ինչպե՞ս են նրանք աշխատում: Այս շուկայի վերաբերյալ ամբողջական հրապարակումը կարդացեք «168 Ժամի» առաջիկա համարներից մեկում: