Ադրբեջանը պետք է պատասխան տա

24/04/2006 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

ԼՂՀ ԱԺ խումբ-խմբակցությունները 1991-94 թթ. ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայությունը որակում են հռչակված ԼՂՀ դեմ Ադրբեջանի ագրեսիա, իսկ ԼՂՀ-ի հետագա գործողությունները` ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով ինքնապաշտպանության դիմելու ժողովրդի անօտարելի իրավունքի կիրառում, հակամարտության գոտու ներկա իրողությունները՝ ադրբեջանական ագրեսիայի հետեւանք: Երեկ ԼՂՀ ԱԺ-ում տեղի ունեցած լսումների ժամանակ ընդունվել է նաեւ հայտարարություն, որն ուղարկվելու է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներին, ԵԽ-ին:

«Ադրբեջանը, որպես ագրեսոր երկիր, պատասխանատվություն է կրում իր կողմից սանձազերծած պատերազմի եւ նրա հետեւանքների համար, նա պատասխանատու է հակամարտող կողմերի այն 100 հազարավոր մարդկանց ճակատագրերի համար, որոնք ռազմական գործողությունների հետեւանքով դարձել են փախստական եւ ներքին տեղահանված անձինք, ինչպես նաեւ` անկախ ազգային պատկանելությունից, պետք է փոխհատուցի նրանց պատճառած նյութական եւ բարոյական վնասը՝ ներառյալ հայրենիքի կորուստը,- ասվում է հայտարարության մեջ։ -Հիմք ընդունելով հրադադարի մասին Բիշքեկյան արձանագրությունների գործող համաձայնագրերը, որոնք վավերացված են ԼՂՀ լիազոր ներկայացուցիչներին, միջնորդներին, եւ Ադրբեջանի ու Հայաստանի կողմից պաշտոնապես ճանաչված ստորագրություններով, ինչպես նաեւ` ԵԱՀԿ Բուդապեշտի վեհաժողովի եզրափակիչ եւ այլ փաստաթղթերը, որտեղ ԼՂ-ն ճանաչվել է որպես հակամարտության կողմ, դիմում ենք ԵԱՀԿ Նախարարների խորհրդին, հակամարտության բանակցային գործընթացում ԼՂՀ իրավազոր մասնակցությունը հարգելու միջնորդությամբ, առանց որի ձեռք բերված որեւէ համաձայնություն իրավական ուժ ունենալ չի կարող»:

Լսումներին մասնակցում էր նաեւ ՀՀ ԱԺ պատվիրակությունը` Արմեն Ռուստամյանի ղեկավարությամբ:

ԼՂՀ ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանի կարծիքով, ստեղծված իրավիճակի հիմնական պատճառը կայանում է նրանում, որ միջազգային հանրությունը չի ճանաչել ԼՂՀ անկախության մասին հանրաքվեի արդյունքները: «Դա խթանել է իրավական հարցը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի մտադրությունը»,- ասել է նա` ավելացնելով, թե ԼՂՀ-ն պետք է մեղադրի միջազգային հանրությանը՝ նման անբարոյական վերաբերմունքի համար, ինչն անհրաժեշտ է, քանի որ բանակցությունների սեղանին այսօր էլ դրված են առաջարկներ, որոնք լուծում են ոչ թե իրավունքի, այլ պատերազմի հետեւանքների հարց եւ վերադարձնում են իրավիճակը նախկին ստատուս-քվոյին: Գ. Պետրոսյանի խոսքերով, միջնորդները պետք է առաջարկեն կողմերին մեկ անգամ եւս հաստատել պատերազմը չվերսկսելու պատրաստակամությունը, ինչի ընթացքում կպարզվի` ով ինչ փաստարկ է օգտագործում: Նախարարն, արտահայտելով ԼՂՀ դիրքորոշումն, ընդգծեց, որ ժողովրդի ընդհանուր կամքին հակասող որոշում չեն ընդունի: Ադրբեջանը պետք է ճանաչվի ագրեսոր, նաեւ՝ սեփական ժողովրդի նկատմամբ: «Շարժում-88» կուսակցության համանախագահ, ԱԺ պատգամավոր Գեղամ Բաղդասարյանի խոսքերով, ԼՂՀ իշխանությունների համար ձեռնտու էր, որ հիմնախնդրի քաղաքական կարգավորման հիմնական պատասխանատվությունը ՀՀ իշխանությունների ուսերին էր: Սա պիտի որ ԼՂՀ իշխանությունների համար ժամանակ ու ջանքեր խնայեր ամբողջ ուշադրությունը պետականաշինության, երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, քաղաքացիական հասարակության կառուցման, մարդկանց բարեկեցության ապահովման վրա բեւեռելու համար: Իրականում, սակայն, ըստ Գ. Բաղդասարյանի, իշխանություններն իրենց այս շահեկան վիճակն արդյունավետ չօգտագործեցին, բաց թողնելով պատմական բացառիկ շանսը: «Այսքանից ելնելով` ամենեւին էլ զարմանալի չէ, որ մեր իշխանությունները բավականին հանգիստ են տարել բանակցային գործընթացից դուրս մնալու պարագան, բավարարվելով ԼՂՀ կողմի մասնակցության անհրաժեշտության մասին զուտ պատմագրության համար արվող հերթապահ հիշեցումներով: Համենայն դեպս, երբ տարիներ շարունակ մամուլում արծարծվում էր այն հարցը, թե ինչու ղարաբաղյան կողմը դուրս է մնացել բանակցություններից, գործող իշխանությունը փորձում էր ապացուցել հակառակը: Եվ հանկարծ մի գեղեցիկ օր նույն այդ իշխանությունն ընդունում է այդ բացահայտ ճշմարտությունը, հընթացս էլ ավելի ընդգծելով ՀՀ իշխանությունների պատասխանատվությունը»,- նշել է նա: Գ. Բաղդասարյանի կարծիքով, Ղարաբաղը չպետք է ամբողջ պատասխանատվությունը բարդի ՀՀ իշխանության վրա, որի «բեռն առանց այն էլ ծանր է», այլ պետք է միջոցներ ձեռնարկի՝ պատասխանատվությունը կիսելու եւ հայկական 2 պետությունների համար շահեկան դիրքեր ապահովելու համար:

Լսումների ժամանակ ելույթ ունեցողներն ընդգծեցին, որ վերջնական որոշումը պետք է կայացնի ԼՂՀ-ն: Ըստ Շավարշ Քոչարյանի, պետք է հստակեցվի Հայաստանի դերը: «Մենք ԼՂՀ անկախության եւ անվտանգության երաշխավորն ենք: Եվ Հայաստանը պետք է Արցախի ձայնը հասցնի այլ պետություններին, բայց երբեք չպետք է ձգտի իրենով փոխարինել Ղարաբաղին»,- ասել է նա: Իսկ Արմեն Ռուստամյանի կարծիքով, հայկական կողմի պահվածքը պետք է համահունչ լինի Ադրբեջանի պահվածքին. «եթե Ադրբեջանը ռազմատենչ է, ապա մենք էլ պետք է այդպիսին լինենք, իսկ եթե պատրաստ լինի զիջումների, պետք է պատրաստ լինենք նաեւ մենք»:

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանն իր ելույթում կարեւորեց փորձագիտական կենտրոնների դերը եւ նշեց, որ «միայն բանավոր խոսքով չպիտի բավարարվենք, բոլորի մասին պետք է գրել»: Ըստ նրա, պետք է նաեւ դադարել խոսել Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչելու մասին: «Մեր ինքնորոշման իրավունքը վաղուց է ճանաչվել եւ այդ ճանաչված իրավունքը պետք է հարգել»,- ընդգծել է քաղաքագետը:

Հ.Գ.
Լսումներին չի մասնակցել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: Նույն ժամին նա եղել է Ղարաբաղում կազմակերպված զորավարժությունների արդյունքների ամփոփմանը: