2 օր տեւած դասադուլից հետո Սննդարդյունաբերության քոլեջում դասերը վերսկսվել են: Հիշեցնենք, որ ԿԳ նախարարի հրամանով քոլեջի տնօրեն էր նշանակվել «Գիտելիքների գնահատման եւ թեստավորման կենտրոնի» փոխտնօրեն Արմեն Փաշայանը, ինչն էլ դժգոհությունների տեղիք էր տվել: Քոլեջի կոլեկտիվի ցանկությունն էր, որ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնի եթե ոչ իրենց կոլեկտիվի առաջադրած թեկնածուն, ապա գոնե սննդարդյունաբերության կամ դրա հետ առնչություն ունեցող մասնագետ եւ մանկավարժության մեջ փորձ ունեցող այլ թեկնածու: Մեր տեղեկություններով` Ս. Երիցյանի այցը քոլեջ եւ երկժամյա առանձնազրույցը քոլեջի նախկին տնօրեն Գ.Ավագյանի հետ դրական ազդեցություն է ունեցել: «Պրն Երիցյանի հետ զրույցի հիմնական թեման այն էր, որ այս կրթօջախը պետք է լինի այնպիսի մակարդակի վրա, որ ուսանողները սիրով հաճախեն այստեղ, իսկ ես անհարմար չեմ զգում ասել, որ մեր ուսանողներն այսօր սիրով են գալիս այստեղ, եւ պրն Երիցյանը շատ խոհեմ գտնվեց, ճիշտ գնահատեց իրավիճակը եւ ընդունեց, որ կոլեկտիվի հարցադրումները ճիշտ են»,- նշեց Գ.Ավագյանը: Նախկին տնօրենը, որ իր կյանքի վերջին 30 տա- րիներն աշխատել է այս քոլեջում, շեշտում է՝ «կարծես պտուտակ առ պտուտակ հավաքած ու այս օրվան հասցրած լինեմ այս կրթօջախը, դրա համար էլ ինձ իրավունք եմ վերապահում խնդրել, ինչո՞ւ չէ՝ նաեւ պահանջել, որ ինձանից հետո այնպիսի մարդ գա, որ գիտակ լինի այս գործին ու եղածին մի բան էլ ինքն ավելացնի»: Նա առանձնազրույց է ունեցել նաեւ Ա.Փաշայանի հետ եւ քննարկել ստեղծված իրավիճակը: Նախարարությունից երեկ տեղեկացանք, որ նախօրեին Փաշայանը հրաժարվել է ստանձնել տնօրենի պաշտոնը: «Ի պատիվ իրեն` պետք է ասեմ, որ ամեն մարդ չէր գնա նման քաջության եւ հրաժարվեր»,- ասում է Ավագյանը: Իսկ երեկ, նաեւ քոլեջի կոլեկտիվի համաձայնությամբ, նոր տնօրենի պաշտոնակատար է նշանակվել ԿԳ նախարարի խորհրդական Արթուր Վարդանյանը: Վերջինս կպաշտոնավարի մինչեւ սեպտեմբեր, իսկ սեպտեմբերին քոլեջներն արդեն իրավունք կունենան իրենք ընտրել իրենց տնօրենին:
Ն.Ա.